Երեկ՝ հունիսի 12-ին, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, թիվ 11 դպրոցի երգչախումբը բեմադրել էր «Անուշը»՝ նվիրելով այն նախկին վարչապետին եւ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին:
«Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ, Վո՜ւշ քու սերին, քու յարին»,- այսպես 3-9-րդ դասարանի աշակերտները դպրոցական բեմում ներկայացնում էին Անուշի ու Սարոյի պատմությունը:
Դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, մեր հարցին, թե ինչո՞ւ եք որոշել հենց «Անուշը» բեմադրել՝ որպես նվեր 2 ազգանվեր գործիչներին՝ պատասխանեց. «Հովհաննես Թումանյանն ապրում է դարերով եւ այսօր էլ ապրում է: Նա մեր սիրելի գրողներից է: Մենք երեխաներին հնարավորություն տալով Թումանյանի ստեղծագործություններին ավելի լավ ծանոթանալու՝ կերտում ենք նոր թումանյաններ: Թումանյանը չափից ավելի հասկանալի եւ սիրելի է եղել թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար: Միջոցառումը նվիրված է Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվան եւ Մոնթե Մելքոնյանի մահվան օրվան: Երկու մեծություններ, որոնք շատ հարազատ են մեր դպրոցի համար: Երկու մեծություններ, ովքեր Թումանյանի կենդանության օրոք եթե ապրեին, անպայման Թումանյանը կգնահատեր նրանց մեծությունը, նրանց հայրենասիրությունը, ժողովրդական լինելը: Այդ երկու կերպարներն էլ, ինչպես Թումանյանը, որքան պարզ են եւ հասարակ, այնքան խորն են եւ փիլիսոփա: Այդ պատճառով որոշեցինք այսօր համատեղել երեքին միասին»:
Միջոցառման կազմակերպիչը երգ-երաժշտության խմբակի ղեկավար Սիրանույշ Ասլանյանն էր: Ըստ տնօրենի, նման միջոցառումները երեխաներին ավելի շատ են հղկում, քան սովորական 45 րոպեանոց դասերը. «Երեխան նախ ծանոթանում է ամբողջ սցենարին, գործին, հետո իր դերակատարումն է անում եւ բեմ է բարձրանում: Այդ տարիքում «Անուշ» բեմադրելը համարձակություն է, եւ եթե աստվածատուր շնորհք ունեն երեխաները, բացահայտվում են ուսուցչի կողմից»:
Կարդացեք նաև
Ռուզաննա Ազիզյանն ասաց, որ իրենք եղել են պանթեոնում, միջոցառումից հետո կայցելեն նաեւ Եռաբլուր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ