Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը որ հետ կանգնեց, ինչի՞ համար՝ նկատեց, որ արյուն է թափվելու. «Հրապարակ»

Հունիս 13,2015 12:15

Նախկին ԲՀԿ-ական, Ազատամարտիկների դաշինքի անդամ Ռուստամ Գասպարյանը նվազագույնի է հասցրել դաշինքի «տղաների» հետ իր շփումը: Պատգամավոր Գասպարյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ ինքը տեւական ժամանակ է, ինչ չի մասնակցել դաշինքի նիստերին, բայց վստահեցրեց, որ անձնական խնդիրներ է ունեցել. «Արմավիրի կառույցի իմ տղաներն են մասնակցել»: Գասպարյանի եւ դաշինքի հարաբերությունների սառեցման լուրերի համատեքստում պատգամավորը բյուջեի անցած տարվա կատարողականի քվեարկության ժամանակ անհավատալի դիրքորոշում արտահայտեց՝ «կողմ» քվեարկելով իշխանության փաստաթղթին, որի դեմ մի քանի ամիս առաջ պայքարի էր ելել: Ո՞ւր մնաց հեղափոխական Ռուստամ Գասպարյանը, եւ ի՞նչ սպասելիքներ ունենալ Ազատամարտիկների դաշինքից․ փորձեցինք պարզել պատգամավորից:

– Պարոն Գասպարյան, ո՞ւր մնաց, ի՞նչ է անում Ազատամարտիկների դաշինքը, ճի՞շտ են լուրերը, որ Դուք սառեցրել եք դաշինքի հետ Ձեր հարաբերությունները, հետեւություններ արել վերջին իրադարձություններից:

– Դաշինքի հետ հարաբերությունները չեմ սառեցրել, բոլորն էլ իմ մարտական ընկերներն են, որոնց որ հարգում եմ, բոլորի հետ լուրջ մարտական ճանապարհ ունեմ անցած, ուղղակի այս վերջին ընթացքում անձնական գործեր, խնդիրներ ունեմ, չեմ կարողացել ներկա գտնվել դաշինքի աշխատանքներին:

– Իսկ ինչո՞վ են զբաղվում Ձեր մարտական ընկերները, ի՞նչ ծրագրեր ունեն, ամիսներ առաջ խոստանում էիք, որ իշխանափոխությունը մոտ է, բայց այդպես էլ չեկավ, ի՞նչ պլաններ ունեք այս առումով:

– Մենք ամիսներ առաջ չենք խոստացել իշխանություն փոխել, մենք միշտ ասել ենք՝ ժողովրդի կողքին ենք, իրենց պահանջը մերն է, երբ իրա պահանջը կներկայացնի իշխանություններին, մենք իրա կողքին կանգնած ենք:

– Ձեր ընկերները բազմիցս են հայտարարել, որ իշխանափոխությունը մեր պետականության փրկությունն է, ժամ առաջ պետք է հասնել դրան: Սակայն ձեր լռությունից տպավորություն է ստեղծվում, որ Գագիկ Ծառուկյանը գնաց՝ իր հետ տանելով երկրի բոլոր խնդիրները:

– Ոչ, ես համաձայն չեմ, դաշինքը միշտ էլ իր խոսքն ասում է մամուլով ու ժողովրդի կողքին է:

– Օրեր առաջ հոսանքի թանկացման դեմ բողոքի ցույցեր եղան, ժողովուրդը փողոց դուրս եկավ, ո՞ւր էր դաշինքը:

– Ես ասում եմ՝ դաշինքն իր դիրքորոշումը հայտնում է, պարտադիր չէ դուրս գա փողոց, գոռա։ Համամիտ է ժողովրդի հետ, ժողովրդի կողքին է, երբ ժողովուրդը ոտքի կկանգնի, լուրջ առաջարկություններով, լուրջ խնդիրներով, դաշինքը կողքին կկանգնի: Մեր ակտիվությունն էլ Ծառուկյանով չէր պայմանավորված, դաշինքը Ծառուկյանի կողքին չէր կանգնած, այլ կանգնած էր ժողովրդի կողքին, բայց որ Ծառուկյանն էր առաջնորդում շարժումը, ինքնըստինքյան իրեն էր վերագրվում, այսինքն՝ դաշինքը եռյակի ու ժողովրդի կողքին էր։

Լուսինե Շահվերդյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930