Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կյանքի ու մահվան միջանցքները. «Ժամանակ»

Հունիս 13,2015 11:38

Երեկ խորհրդարանում տեղի ունեցան լսումներ էլեկտրաէներգիայի թանկացման հարցի վերաբերյալ: Այս լսումների ընթացքում հասարակությունն, ըստ էության, որևէ նոր բան չլսեց, որը հայտնի չէր դարձել անցած օրերի ընթացքում, երբ հարցը դարձել էր մեծ հնչեղություն ունեցող: Լսումները, ի վերջո, չանդրադարձան և, մեծ հաշվով, չտվեցին շատ ավելի կարևոր մի հարցի պատասխան, որը վերաբերում է Հայաստանի էներգետիկ համակարգին, պետության ողնաշարին, պատերազմող պետության ողնաշարին:

Ի՞նչ ուղղությամբ է զարգանալու էներգետիկ համակարգը, հարաբերությունների ի՞նչ փոփոխությունների կարիք կա այս համակարգում, ի՞նչ նոր նախաձեռնությունների, վերանայումների, էներգետիկ քաղաքականության ի՞նչ նոր հայեցակարգի կարիք կա այս համակարգում: Իսկ որ խնդիրը համակարգային է և չի սահմանափակվում միայն էլեկտրաէներգիայի գնով և ՀԷՑ-ի կառավարումով, ակնհայտ է:

Դրա վկայությունն է այն, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության կարիքն է զգացվում արդեն երկրորդ տարին անընդմեջ, և արդեն երկրորդ անգամ նույն հիմնավորումով, թե համակարգը ֆինանսական կոլապսի կենթարկվի: Մինչդեռ այդ ընթացքում տեղի չի ունեցել էներգակիրների թանկացում: Ավելին, ըստ էության, հայտարարվել է, թե Հայաստան մատակարարվող գազի գինը նվազելու է 189-ից 165 դոլարի, թեև իհարկե այդ հայտարարությունն առայժմ չի դարձել իրականություն: Ակնհայտ է, որ Հայաստանին անհրաժեշտ է էներգետիկ նոր քաղաքականություն, անհապաղ քայլեր այդ ուղղությամբ, այլապես էներգետիկան վերածվելու է Հայաստանի համար երկրորդ ճակատի:

Այս հարցերի փոխարեն խորհրդարանական լսումներն անցան Հայաստանի համար հիմնականում բնորոշ նեղ ինտրիգային մթնոլորտում և բովանդակությամբ, բազմակի անգամ կրկնված ճշմարտություններով: Մինչդեռ այդ մասով խնդիրը այլևս պարզ է. հասարակությունն այս մասով բացահայտումների կարիք չունի և ունի սակագնի թանկացում թույլ չտալու խնդիր: Այս առումով լսումներում անելու բան չկար: Լսումները իմաստավորված կարող էին լինել, եթե դրանում առանցքային լիներ համակարգային վերափոխումների տրամաբանությունը, եթե բարձրացվեին այդ կապակցությամբ հարցեր և հնչեին առաջարկներ:

Սակայն այսօր հայաստանյան քաղաքական և իշխանական դաշտը առաջարկների մասով ունակ է աշխատել, տրամաբանել, մտորել մեկ ուղղությամբ: Խոսքը առաջիկա խորհրդարանական տեղերի դասավորության մասին է, և բոլոր առաջարկներն ու ճանապարհները տանում են այստեղ, և էներգետիկայի, սակագնի վերաբերյալ լսումներն էլ, մեծ հաշվով, ակնհայտորեն ենթակա էին այդ տրամաբանությանը:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930