Լրահոս
Օրվա լրահոսը

Թանգարանային իրերը վաճառվում են Վերնիսաժում. «Հայոց աշխարհ»

Հունիս 13,2015 10:16

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն ԳԱԳԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ ցավով նշում է, որ Վերնիսաժում ազատ վաճառվում են թանգարանների համար հնագիտական արժեք ներկայացնող տարբեր կերամիկական ու բրոնզե իրեր
  
-Անհրաժեշտ է ընդհանրապես հնագիտական արժեքների նկատմամբ վերաբերմունքը կարգավորել: Դա միայն վաճառքը չէ: Մեկը կարող է իր բակում կամ այլ վայրում գյուղատնտեսական կամ շինարարական աշխատանքներ կատարելիս գտնել որեւէ արժեքավոր իր եւ ազատ վաճառել Վերնիսաժում, այլ վայրում, նույնիսկ հենց իր տնից:
Հաճախ տանում եւ գտածոն գնելու առաջարկ են անում նույնիսկ թանգարաններին: Ընդ որում՝ երբեմն նրանք ավելի արժեքավոր բաներ են առաջարկում, քան թանգարաններն ունեն, սակայն վերջիններս գնելու ֆինանսական հնարավորություն չունեն:
Դա շատ կարեւոր խնդիր է, որի լուծումը հրատապ միջոցառումներ է պահանջում: Մեր կարծիքով, դրա լուծման հիմնական ձեւը հնագիտության եւ հնագիտական պեղումների մասին օրենքի ընդունումն է: Մինչդեռ մշակույթի նախարարությունը համարեց, որ ոչ թե պետք է նոր օրենք գրել, այլ քանի որ հնագիտական ժառանգությունը եւս համարվում է մեր ընդհանուր անշարժ ժառանգության մի մասը, ուրեմն այդ հարցն էլ պետք է ընդգրկել հուշարձանների պահպանության մայր օրենքի մեջ: Եվ վերջերս նախարարությունը լրամշակեց այդ օրենքը, ներկայացրեց ԱԺ, այն ընդունվեց։
Իմ կարծիքով, դա միջանկյալ լուծում է, որն ինչ-որ չափով, բայց ոչ լիարժեք է կարգավորում խնդիրը: Անորոշ են մնում հնագիտական պեղումներին, արտասահմանյան եւ տեղական արշավախմբերի համագործակցության պայմանագրերի կնքման հստակ ձեւերին առնչվող, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հարցեր:
Օրինակ, կարգավորված չէ այն խնդիրը, թե, ասենք, հայ-ամերիկյան արշավախմբի հայտնաբերած գտածոն որտեղ պետք է ներկայացվի: Դա թողնում են ընդամենը հնագետի հայեցողությանը: Եվ բացառված չէ, որ, ասենք, Էրեբունիում հայտնաբերված գտածոն կարող է հայտնվել պատմության թանգարանում: Իհարկե, գործնականում դա չի արվում, սակայն տեսականորեն հնարավոր է, որովհետեւ կաշկանդող, արգելող որեւէ կարգ չկա:
Մեր երկրի ամբողջ տարածքը կարելի է համարել հնագիտական արժեք, եւ հնագիտության ու հնագիտական պեղումների մասին օրենքի բացակայությունը որեւէ արդարացում չի կարող ունենալ:
-Քաղաքացիական օրենսգրքի 186-րդ հոդվածը սահմանում է, որ «պատմության եւ մշակույթի հուշարձաններ պարունակող գանձը հանձնվում է պետության սեփականությանը: Ընդ որում, հողամասի կամ այլ գույքի սեփականատերը, որտեղ թաքցված է եղել գանձը, եւ գանձը հայտնաբերող անձն իրավունք ունեն միասին վարձատրություն ստանալ գանձի արժեքի հիսուն տոկոսի չափով»:
-Այդ հարցն էլ լիարժեք կարգավորված չէ, այդտեղ էլ բացթողումներ, տարընթերցումներ կան: Եվ այդ բացն ինչ-որ չափով լրացնելու համար ժամանակին իրավաբան Թոմ Սամվելյանը շատ շնորհակալ գործ արեց՝ թարգմանելով անգլիական մի կազմակերպության, ինչպես նաեւ միջազգային այլ կառույցների՝ այդ հարցը կարգավորող դրույթները:
Օրինակ, Անգլիայում նման օրենք կա. եթե դու քո սեփական հողամասից շինարարական կամ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս գանձ ես հայտնաբերում եւ ապացուցում ես, որ դրա հետ առնչություն ունես, այն քոնն է, եւ քեզ հետ կքննարկվի մասնաբաժնի հարցը: Իսկ եթե չես կարողանում ապացուցել գանձի հետ քո առնչությունը, այն համարվում է պետական սեփականություն:
Մեկ այլ երկրի օրենքով սահմանված է, որ միայն որոշակի խորությամբ հայտնաբերված իրի նկատմամբ ունես սեփականության իրավունք: Թ.Սամվելյանը զգաց, որ նման օրենք, կարգ Հայաստանին շատ է անհրաժեշտ, սակայն մենք դրանից չօգտվեցինք:
-Դուք բացառո՞ւմ եք, որ ոչ թե պատահաբար գտած, այլ կոնկրետ հնագիտական թանգարաններից գողացված իրեր կարող են հայտնվել Վերնիսաժում: Օրինակ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ինչպե՞ս է իրականացվում վերահսկողությունը:
-Իհարկե, ոչինչ բացառել հնարավոր չէ: Բայց կոնկրետ մեզ մոտ կան որոշակի սահմաններ, կա արգելոցը՝ իր տարածքով, տնօրինությամբ, եւ վերահսկողությունը հեշտ է իրականացնել:
Պահպանության հարցը շատ ավելի բարդ է, եթե արգելոց թանգարան չէ, չունի իր սահմանները: Ասենք, Ամբերդի կամ մեկ այլ նման հուշարձանի դեպքում անչափ դժվար է վերահսկողություն իրականացնելը: Եվ չի բացառվում, որ ոչ արգելոցային տարածքներում մեկը ինչ-որ բան հայտնաբերի ու տանի իր հետ: Արգելոցները այդ տեսանկյունից ինչ-որ չափով ապահով են, բայց այդ հարցը նույնպես կարգավորված է ոչ թե օրենսդրորեն, այլ պարզապես իրականացվում է հսկող ռեժիմով:

Ռուսլան Թաթոյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ 168.am-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930