Մնացել ենք իրար կքած, իմ տան չորս պատ հարազատ,
Հստակ, մաքուր, անփոփոխ, իմ տան չորս պատ հարազատ,
Նույն խոր ձորն է, նույն Զանգուն, նույն հայացքը իմ մոլոր,
Մի բան սահեց – անցավ կորավ երկնքում,
Մնացել ենք իրար կքած ես ու դու:
Ալվարդ Պետրոսյան
Մանկության շքեղ հեքիաթի դիլիջանյան մի դրվագում թռուցիկ տեսել էի Ալվարդ Պետրոսյանին, ում հոր՝ հերոսական Բարդուղ Պետրոսյանի մասին հազար անգամ լսել էի ազգականիս՝ Երկրորդ աշխարհամարտում նրա զինակցի կողմից: Իսկ երբ իմացա, որ Ալվարդը նաեւ գրող է, նա աչքիս դարձավ իմ կարդացած գրքերի հերոսուհիների նման անիրական ու անհասանելի մեկը: Չգիտեի (կամ գուցե չձեւակերպված, անորոշ կանխազգացում-երազանք ունեի), որ հետո՝ 1990 թվականի գարնանային մի զվարթ օրվանից սկսած, «Առագաստ» թերթի նորամուտի ժամանակներում, ծայր է առնելու հոգու մտերմությունը: Եղել են փուլեր՝ ամիսների եւ անգամ տարիների միջակայքերում ենք հանդիպել: Եղել են նաեւ գրեթե ամենշաբաթյա շփումներ: Բայց մտովի անընդհատ եմ զրուցել: Ծանր պահերին հեռվից ապավինել եմ նրա բացառիկ կամքին եւ իրատեսությանը, նրա հայացքն եմ զգացել եւ կրկին ոտքի կանգնել, զորացել նրանով, վստահել նրա կանացի ներքնատեսությանը եւ նրբազգացությանը: Ազնվական մեծահոգությանը եւ արժանապատվությանը: Եվ ինքս էլ նրա ծանր պահին, ցավը տանելու անհնարինության զգացումով հանդերձ, պարզապես աղոթել եմ, որ սերը շարունակի ապրել նրանց տան հարազատ չորս պատերից ներս:
Հիմա՝ հրապարակային այս զրույցից առաջ, ուզում էի մտաբերել՝ կա՞ մի թեմա, որ շրջանցել ենք, չենք քննարկել: Կարծես՝ ոչ: Իսկ վերջում նկատեցի, որ ամեն ինչ վերադառնում է իր սկզբին՝ դարձ ի շրջանս յուր. քառորդդարյա հոգեւոր-գրական եւ անձնական մտերմությունից հետո ամեն ինչ նույնն է՝ անցողիկ մարդկային եւ քաղաքական հեղինակություններից անդին կար եւ մնաց Ալվարդ Պետրոսյանը: Շեշտեմ՝ գրող Ալվարդ Պետրոսյանը, որովհետեւ իր ամեն պահի մեջ, քաղաքական եւ սոցիալական հարթակներում, բառի բոլոր իմաստներով իր կյանքի ընկերոջ՝ Լորենց Առուշանյանի, հարս-դստեր՝ Աննայի, իր արյան ծաղիկների՝ Գոռի ու Շանթի, իր տան դուռը բացող բոլորի հետ շփվելիս, սիրելիս-չսիրելիս, համաձայնվելիս-առարկելիս (ու կսկիծով ասեմ նաեւ՝ գիշերվա ու ցերեկվա սահմանները կորցրած՝ Նարեկ որդուն որոնելով մենանալիս)՝ անընդհատ է գրող:
Կարդացեք նաև
Ով տեսել է նրան խոհանոցում հրաշագործելիս՝ կհասկանա, որ գրողի զգայնությունը առավել է սրվում, համուհոտ հաղորդում նրա ձեռքին դիպած ամեն ինչի: Սրճելիս, լռելիս, զրուցելիս, պարզապես քեզ նայելիս՝ զգում ես գրողի՝ խորախորքերդ թափանցող հայացքը: Ինձ բաժին ընկած ժամանակում իմ ճանաչած ամենահզոր, արքայական հայուհին, ում հայացքը եւ սիրտը կարող են ոչ միայն գրական չափանիշներ սահմանել եւ ազնվության, արժանապատվության, տաղանդի պարապը լրացնել մեր գրական համայնքում, այլեւ լիուլի կբավականացներ երկիրն այս տրտում ափերից դեպի իսկապես առաջ եւ վեր առաջնորդելուն: Նախապես հստակ իմանալով, որ չեմ կարողանալու մեր անվերջ զրույցը թղթին հանձնել, եւ լիքը գրարժան դրվագներ այդպես էլ մնալու են չվավերագրված, համարձակվեցի այս մի պատառիկը ներկայացնել՝ հուսալով, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան կարող է շտկվել:
Երբ առաջարկեցի զրուցել Հայրենիքի եւ գրականության մասին, նախ ժպտաց՝ «Իսկ մենք մի՞թե երբեւէ ուրիշ բանի մասին էլ ենք զրուցել»:
– Հայրենիքը եւ ազգային գրականությունը իրարից զատել հնարավոր չէ: Եթե կա Հայրենիքը, եթե Հայրենիքի գիտակցությունը կա, մնացյալ ամեն ինչը բխում է դրանից: Հայրենիքի մասին ավելորդ պաթոսով եւ զգացմունքայնությամբ խոսելը մեզանում մի քիչ էլ բանաստեղծների (եւ նրանցից՝ վատերին կարդացածների կամ լավերին էլ՝ վատ կարդացածների) օգնությամբ եղավ: «Հերարձակ հայրենասերներ» արտահայտությունը տարբեր առիթներով մի քանի անգամ օգտագործել եմ՝ երբ տարօրինակ կանայք են ասպարեզում հայտնվում եւ հայրենասիրական ոտանավորներ կարդում: Ամենաթանկ բաներից մեկը չափի զգացումն է: Թանկ զգացմունքների մասին գոռալով չեն խոսում: Հայրենիքը օդի պես է, առանց որի չես կարող ապրել, բայց եւ ամեն շնչելիս՝ անընդհատ չես ասում, չէ՞:
– Մեզ վիճակվեց հերոսական ժամանակ՝ վայրէջքներով ու վերելքներով, կորուստներով եւ հաղթանակներով, եւ բնական է, որ որքան քաղցր բառ է Անկախությունը, այնքան դառն էր լինելու իրական Անկախության կերտման ճանապարհը, մանավանդ մեր դեպքում՝ մենակ, հազար ու մի խնդիրների բեռով: Բայց մենք կարեւոր հարցերում բացթողումներ ու վրիպումներ ենք ունեցել, որովհետեւ պետք է որ եկած լիներ Անկախությունը ազգովի սիրելու ժամանակը: Ուրեմն՝ շտկելու բաներ կան:
– Մեր ազգային արժանապատվությունը՝ առաջինը: Դառը ճշմարտություն է՝ միշտ չէ, որ ժողովուրդը գեղեցիկ ու սիրելի է: Այ, 1988-ին մեր ժողովուրդը անհավատալի գեղեցիկ էր: Բանաստեղծություն էր, ոչ թե ժողովուրդ:
Կուզենայի, որ սարերին, Մասիսին նայող գյուղացին գլխի ընկներ՝ անձրե՞ւ է գալու, թե՞ ոչ: Ոչ թե սպասեր օդերեւութաբանական կանխատեսումներին: Կուզենայի՝ հայ մարդը քաղաքացիական գիտակցություն ունենար, ուզվոր չլիներ: Այսպես կոչված՝ «մեծահարուստ բարերարների» հանդեպ քծնանքը վերանար: Գիտակցեր, որ հարուստն իրենով ու իր նմաններով է հարստացել: Կուզենայի, որ մարդկանց մեջ չարությունը պակասեր, «նավսոտ» չարությունը: «Զավզակությունը» վերանար, վերածնվեր-վերաձեւավորվեր 1970-80-ականների արժեքային համակարգը: Կուզենայի՝ այնքան լավ լիներ երկրի վիճակը, որ քաղաքականությունը այսքան ժամանակ եւ էներգիա չտաներ մեզանից: Կուզենայի՝ մեր ժողովուրդը ազատագրվի ռուսական կայսրության ծայրագավառի, գաղութի բնակիչ լինելու հոգեբանությունից եւ հասկանա (հատկապես այս տարի, երբ հաջողվեց Սիզիփոսի քարը բարձրացնել լեռան գագաթը), որ ինքը համաշխարհային գործոն է. Ցեղասպանությունը ի նկատի ունեմ: Կուզենայի, վերջապես, որ հասկանար՝ երկրագունդը կլոր է, եւ որտեղ ինքն է կանգնած՝ հենց դա՛ է կենտրոնը: Այլեւս չասած, որ Արարատյան աշխարհը միշտ է կենտրոն եղել, եւ դրանում մինչեւիսկ միստիկ մի բան կա: Կուզենայի, որ ըստ այդմ ապրեր…
Ես մեծացել եմ մի ընտանիքում՝ ստալինյան ռեպրեսիաների շրջանի քաղաքական բանտարկյալի ընտանիքում, որտեղ սեւ հացին «կակա» էին ասում, եւ քուսպի համը մինչեւ հիմա հիշում եմ: Մենք մորս դոնորական արյունն էլ ենք «կերել»: Սակայն Քնարիկ մայրս մեզ սովորեցրել էր վայելուչ տանել այդ աղքատությունը: Ինքն արքայական արժանապատվությամբ էր ապրում, որը տրվում է եւ չի անցնում: Եվ պատահական չէ «քարից հաց քամող» զեղումը՝ դա արժանապատիվ ժողովրդի մասին է, որ խոտաճարակ չէ: Այդ արժանապատվությունը պարտադիր չէ, որ միայն ծայրահեղ պահերին վերհիշի եւ, ասենք, Շուշին ազատագրի: Այն պետք է կենցաղային քաղաքավարության տարր դառնա: Այդ դեպքում, ահա, լափանոցները կպակասեին, «շիքյաստիները» չէին հնչի հայոց երկնքի տակ, ոչ էլ ռուսական «բլատնոյը»: Եվ եկեղեցիներն էլ չէին օծվի «Ավե Մարիա»-ով:
– Երեւի, ամեն մեկը Հայրենիքի իր պատկերացումն ունի, եւ կան նաեւ այնպիսիք, որ բոլորովին Հայրենիքի զգացում չունեն:
– Հայրենիքը սարուձոր չէ, Հայրենիքը նախ եւ առաջ մարդիկ են: Մարդկանցով է իմաստավորվում, անգին դառնում Հայրենիքը: Փառք Աստծո, հիմա էլ դեռ կա մարդկանց այն տեսակը, որ դառնում են Հայաստանի խորհրդանշանը, բայց այն ներկայացողներն են պակասել: Հիշում եմ. լուսահոգի իմ թանկագին Վազգեն Սարգսյանի մասին մի շրջան ջրիկ անձրեւի պես գրվեց ու գրվեց քծնանքի իներցիայով: Այնինչ ժողովուրդն իր ասելիքն ասել էր՝ Սպարապետ: Վարդան Մամիկոնյանից ու Նժդեհից հետո երրորդն էր, ում ամենաբարձր անվանումն ու կոչումն էր շնորհել, եւ մնացյալը պետք է այդ գնահատականով կողմնորոշվեին:
Ընդհանրապես, այդ ժանրը՝ նվիրումների գրքեր գրելը, շատ է ջրիկացել: Բառը հոգեզրկվել է: Սերը եւ քծնանքը ագուցվել են իրար: Համեստությունը եւ խեղճությունը: Արժանապատվությունը եւ ամբարտավանությունը: Կարելի է անվերջ թվարկել… Պատճառը արժեքային համակարգի շարունակական փլուզումներն են: Ես ու դու Վազգենին ի մոտո ճանաչող մարդկանցից ենք, թեեւ ինքը շատ բարդ մարդ էր, եւ չենք կարող ասել, թե լրիվ ճանաչում էինք, բայց կարծում եմ՝ խիստ արդարամտորեն եմ գնահատում իրեն, երբ քաղաքական կողմնորոշումներով գետի մյուս ափին էի, բայց մեր բարեկամությունը չընդհատվեց: Սա եմ հիշում՝ մարդկանց քաղաքական աղանդավորի, հերձվածողի պես ընդունելու կամ մերժելու շուրջ մեր խոսակցությունների առնչությամբ: Արհեստական բաժանարար սահմաններ են առաջացել, որ կործանիչ են: Կան քաղաքական կողմնորոշումներ՝ ըստ գրպանի պարունակության, ըստ ապրած բնակավայրի ու թաղամասի:
– Մենք խոսում էինք նաեւ «էլիտայի» մասին:
– Նողկալի իրողություններ է արձանագրում այդ բառը: Ներկա իմաստով դուրսպրծուկների տգիտությունն ու գավառամտությունը սքողող եւ սնափառութունը բավարարող բառ է: Լավ չեն էլ հասկանում, թե ինչ է նշանակում:
Ընտրանի՛: Ընտրանի՞ են: Ո՞վ է ընտրանին: Տարիներ առաջ մետրոյում վագոնը լեփ-լեցուն էր, մարդիկ խցկված էին եւ հատկապես ճնշում էին մի փոքրակազմ, հնամաշ անձրեւանոցով, ահռելի մեծ աչքերով մի մարդու: Մի քիչ էլ սեղմեին՝ վագոնից դուրս կգցեին: Չէին էլ նկատում, որ ճզմում են մարդուն: Հայացքս բռնեց եւ ներողամտորեն ժպտաց: Այդ պատմության մեջ միայն ես էի, որ ճանաչեցի Արբուն Տայանին՝ Դանթեի «Աստվածային կատակերգության» հրաշալի թարգմանչին: Ընտրյալը, այ, ինքն էր: Մեր ժողովուրդը ընտրյալների այդ տեսակին «ոսկե մշակ» էր անվանում: Հիմա մոռացել են: Հիմա աստղեր են, մեգա-աստղեր եւ զանազան այլ զրթուզիբիլ:
– Վախենամ՝ գրականության մեջ էլ է այդպես:
– Գրականության մեջ ընտրանին մոռացվածներն են: Նրանք ոչ մի կերպ տեղ չունեն: Նրանց համար տեղ չի գտնվում: Անհարմարավետ են իրենց գրական դաստիարակությամբ, նշաձողերով, գրագիտությամբ: Այս տեսակին բնաջնջելու լավագույն ձեւը մոռացության մատնելն է: Այսօր այնքան հեշտ է «գրականություն անելը», եթե ունես հովանավոր կամ պաշտոն, ուրեմն ինքնաբերաբար նաեւ ՝ «տաղանդ», կարող ես անհեթեթ գրքերի անհեթեթ շնորհանդեսներ կազմակերպել, գլխապտույտ հաճույք զգալ… Ինչ ասեմ, ձեռնաշարժության պես մի բան է… Ո՞ւմ ես խաբում ՝ ուզում եմ հարցնել էդ մարտնչող տեսակին: Որ առանձնահատուկ ծրագրով եւ չարությամբ ջնջում է իսկապես արժեքավորը: Մամուլ նույնպես չկա, գրաքննադատություն, գրականագիտական հայացք: Ծուլության որոմը հատիկից շատ է: Գրողներն իրար հատուկենտ են կարդում, ավելի շատ՝ ընկերական, անձնավորված, ոչ թե գրական ընթացքին հետեւելու նախկին կրքով: Եվ ահավասիկ, Սայաթ-Նովայի «Ծովեմէն ավազ չի պակսի» միտքը կաթվածահար է անում: Որովհետեւ արվեստագետը թիթեռի պես բան է՝ ուզում է իր թեւերը բաց անել, նախշերը ցույց տալ… Այս հոռետեսական մտքից հետո սփոփվում եմ, որ ժամանակն ամեն ինչ կշտկի:
– Արդյոք չափազանցված լավատեսություն չէ՞ ժամանակին ապավինելը:
– Չգիտեմ… Ամոթ է, որ մեր մեծ բանաստեղծներից մեկի՝ Վահագն Դավթյանի դուստրը թերթում հոդված է տպագրում առ այն, որ իր հոր բանաստեղծություններից ոչ մի հատ չկա արդի դասագրքերում: Մինչդեռ դասագրքերում ինչ անհեթեթություններ ասես չկան: Վահագնը, ստացվում է, անտեր գրական մեռելներից է: Համո Սահյանը, փառք Աստծո, Ֆելիքս Մելոյանի եւ Շչորս Դավթյանի պես նվիրյալներ ունի: Նույն երեւույթը կա մշակույթի այլ ոլորտներում էլ: Մեր կինոյի եւ բեմի խոշորագույն ներկայացուցիչ Խորեն Աբրահամյանը եւս անտեր մեռելներից է՝ ի տարբերություն Մհեր Մկրտչյանի եւ Սոս Սարգսյանի: Միակ մխիթարությունն այն է (եթե դա մխիթարություն է), որ Վահրամ Փափազյանը եւ Հրաչյա Ներսիսյանը նույնպես չարժանացան թանգարաններն ունենալու պատվին: Ինչ արած, ժամանակներն են, երեւի, այդպիսին:
– Խոսեցինք խոտորի մասին, այն մասին, ինչը շտկելու կարիք ունի, սխալների ու վրիպումների մասին: Իսկ պայծառ, ապրեցնող ի՞նչ կա՝ ըստ Ձեզ:
– Ի հակակշիռ այս անկումների՝ անհավատալի թռիչքներ կան: Ազատագրված հողի, Շուշիի բանաստեղծությունը կա: Եվ ընդհանրապես, հսկայական ռուսական կամ հետսովետական կայսրության ողջ տարածքում միակ երկիրը, որ հաղթանակած մտավ անկախություն՝ մենք ենք: Ոչ մի տարր, ոչինչ չկար հօգուտ մեզ՝ երկրաշարժ, պատերազմ, շրջափակում, թյուրքական աշխարհ եւ՝ հաղթանակ: Հավանաբար, մեր տեսակը ինչ-որ առաքելություն ունի այս երկնքի տակ:
– Հրեաներն էլ են սիրում խոսել իրենց առաքելության մասին:
– Մենք էլ ենք հաճախ վկայակոչում հրեաներին՝ որպես մարդկային ցեղի ամենա-ամենա չգիտեմ՝ ինչ: Բայց ի վերջո՝ ամենաթանկ բանը հողն է, եւ այս պահին մեր ունեցածը գրեթե երեք անգամ ավելին է, քան իրենց Ավետյաց երկիրը: Ուրեմն՝ միայն փողը չէ, որ հարց է որոշում: 100-ամյակի ոգեկոչման օրերին մտածում էի՝ մեր ոխերիմ հարեւաններից որոշները հիմա ոնց են նախանձում, որ իրենց մեկուկես միլիոն չեն կոտորել՝ Վատիկան, համաշխարհային դարձող հայկական գործոն: Այ, դա է անանցողիկը, մնացյալը՝ անցողիկ: Ի վերջո, ժողովուրդն էլ կիսաքաղց չի լինի, իրավական դաշտն էլ կմաքրվի, անվրեպ կաշխատի, եւ մեր երկիրն էլ նաեւ մեզ արժանի, մեր անցյալին եւ հավակնություններին արժանի պետություն կդառնա:
– Իսկ եթե…
– Եթե՝ ոչ, իմաստ չէր ունենա մեր խոսակցությունը:
ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ
Հետգրության փոխարեն
Վախճանական մեր ժամանակի մեջ հոգեզվարճ այս զրույցը ՙլուսանկարելու՚ փորձն ուզում եմ ավարտել այնպես, ինչպես սկսեցի՝ սրտիս թելադրանքով: Ալվարդ Պետրոսյանի հետ դեռ շատ ու շատ անգամ կնստենք իրար կողքի ու կզրուցենք, բայց Հայրենիքի և գրականության շուրջ այս զրույցից դուրս / դո՞ւրս արդյոք/ մի դրվագ ավելացնեմ. երբ մի անգամ պատմեց, թե ո՞վ է ասել՝ ՙԱլ, քո Զառեի հետ եմ ուզում ամուսնանալ՚, այդ պահին ուզում էի առանց հրաժեշտի դուրս գալ նրանց սիրելի հարկից ու փախչել, որպեսզի չասեմ, թե ՙԵս մի ծառ եմ ծիրանի՚-ին կարդալիս ոնց էի ապրում Զառեի կյանքով … Չփախա-չգնացի, որովհետև իր խոշոր աչքերով նայեց վրաս ու ասաց. ՙԲայց ո՛նց չեմ իմացել՚:
Դուք կարող եք ցանկացած կերպ վերաբերվել անվերադարձ մեկնած սիրո հույսին, կարող եք զարմանալ իմ այս տրտում ուրախության վրա, բայց ես նորից ու նորից հայտնաբերեցի ու սիրեցի իմ Ալվարդ Պետրոսյանին: Եվ կյանքի չափ տևող մի երկվայրկյանում փայփայեցի ու փարվեցի ծաղկած ծիրանենու տեսիլքին, որ գուցե կարող էր փրկվել հողմերից և շարունակվել քաղցրապտուղ:
«Առավոտ» օրաթերթ
12.06.2015