Լրահոս
Օրվա լրահոսը

«Հստակ երեւում է, որ Հայաստանում 20 կախաղանների մասին չեն իմանում»

Հունիս 13,2015 13:00

Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Եղիկ Ջերեջյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ հունիսի 15-ին հնչակյան 20 գործիչների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովին հանդես է գալու իր՝ «Քսաներու քաղաքական գնահատականը» զեկույցով:

1915թ. հունիսի 15-ին երիտթուրքական դատարանի վճռով կախաղան բարձրացվեցին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նշանավոր գործիչներ Փարամազը՝ Մաթեւոս Սարգսյանը, եւ նրա 19 զինակիցները:

7 պատմական գրքերի հեղինակ Եղիկ Ջերեջյանի գնահատմամբ, քսան հայորդիների պատմության մեջ «կուսակցական չափազանցություն չկա» եւ ժամանակը եկել է, որպեսզի առաջին անգամ Հայաստանում բարձրացվի քսանի մասին հարցը: Անգամ նրանց՝ Հայաստանում վերահուղարկավորելու, եթե, իհարկե, աճյունները գտնվեն…

Այդ առթիվ լույս տեսնող կուսակցական լրատվամիջոցների կարգախոսը լինելու է. «Մեզ քսանս կկախեք, բայց քսան հազարներ պիտի հետեւին մեզի»:

Կարդացեք նաև

Սա, ի դեպ, նահատակված դոկտոր Պեննեի՝ Պետրոս Թորոսյանի խոսքերն են, որոնք հասցրել էր շպրտել թուրք դահիճների երեսին կախաղան բարձրացվելուց առաջ:

Զրուցակիցս հավելում է. «Ուզում ենք 100-ամյակն արժանի ձեւով նշել: Եվ վերջապես՝ նշել Հայաստանում, որովհետեւ սփյուռքում ամեն տարի այս օրը նշվել է: Հայաստանում հստակ երեւում է, որ քսան կախաղանների մասին պետք եղած չափով չեն իմանում: Ոչ ժողովուրդը գիտի, ոչ՝ գիտական մակարդակով»:

Exik_Jerejyan-2
Իմ հարցին, թե կան բազմաթիվ գրքեր, որոնք հենց այդ ժամանակահատվածն են ընդգրկել, պատմության ամենազգայուն էջերից մեկը, Լիբանանի 17 տարվա երեսփոխանն ասում է. «Գրքեր կան, պատմական ակնարկներ, որոնք չեն համապատասխանում նրանց իրական արժեքին: Սա պիտի անենք մենք՝ մեր ժողովրդի, գիտնականի, մտավորականի ուշադրությունը հրավիրելով կատարածին»:

Եղիկ Ջերեջյանը տեղեկացնում է, որ բացի միջազգային գիտաժողովից, պատմաբանների առանձին զեկուցումներից, քննարկումներից, ցուցադրվելու է «Քսանի լուսաբացը» ֆիլմը:

Ըստ իմ զրուցակցի, «քսանի գործն» ունի մի յուրահատկություն եւ այդ յուրահատկությունը մինչ օրս չենք բացատրել մեր ժողովրդին:

«Ինչու կախվեցին այս մարդիկ, բացատրենք, ասենք: Մարդկանց պիտի իրազեկենք, ասենք ճիշտը»,- նշում է նա:

Ե. Ջերեջյանն ասաց, որ քսանի մասին վերջին ուսումնասիրությունը Վլադիմիր Պետրոսյանի գիրքն է՝ «Հնչակյան քսան նահատակները»:

Exik_Jerejyan-3
Անդրադառնալով նրանց քաղաքական դերակատարմանը՝ զրուցակիցս ասում է. «Քսանները հերոսներ էին: Մարդիկ հայրենիքի համար ելան կախաղանվեցին: Եվ մեր ժողովուրդը պետք է հարգի, ինչպես բոլոր նրանց, որոնք զենքը ձեռքին «Կեցցե՛ Հայաստան» են ասում:

Ես ինձ հարցնում եմ եւ փորձում եմ պատասխանել. հայ մտավորականները ձերբակալվեցին 1915թ. ապրիլի 24-ին: Հնչակյանները ձերբակալվեցին 1914 թ. հունիսի 16-ին: Հայ մտավորականներից ձերբակալվեցին Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, անուններ, որոնք մեծ են մեզ համար:

Եվ աքսորվեցին առանց դատի, դատաստանի, հարցաքննության: Ինչո՞ւ հնչակյաններին դատաստան արեցին, դատական վճիռ տվեցին, եւ վճռով կախեցին: Ի՞նչն էր տարբերությունը: Հարցաքննության կանչվեցին միայն 120 հնչակյան Կ. Պոլսում: Դրանից դուրս նաեւ գավառներում»:

Քսան կախարաններից հետո 5 հնչակյան Վանի բանտում խողխողվեցին, երբ սկսվեց Վանի ինքնապաշտպանությունը, նրանք սպանվեցին առանց դատի:

Զրուցակիցս հիշատակեց դատական գործընթացներից եւս մեկը՝ Մեծն Մուրատի՝ Համբարձում Բոյաջյանի, եւ նրա զինակիցների: Այս գործը հայտնի է նաեւ «14-ի գործ» անվամբ:

Ըստ նրա, մինչեւ ապրիլի 24-ը հնչակյանները ժողովներ էին անում, մասնավորապես, 1913թ. սեպտեմբերի 7-8-ը ժողովում որոշվեց, որ այս պայմաններում մենք տեսնում ենք հայ ժողովրդի բնաջնջումը, Իթթիհատ կուսակցությունը պիտի ջնջի մեզ, մենք պետք է դիմենք հեղափոխական պայքարի, մարտական խմբեր պետք է ձեւավորենք, պաշտպանելով Ինքնավար Հայաստանի գաղափարը:

Ըստ զրուցակցիս, ձերբակալությունների հիմքում ընկած էին նաեւ մատնությունները:

Անդրադառնալով հնչակյանների դատավարությանը, ներքին գործոց նախարար Թալեաթի ուղերձին, զրուցակիցս տեղեկացնում է, որ Փարամազի զինակիցներից երկուսը ուղերձի հրապարակվելուց հետո հանդես են եկել հայտարարությամբ, որ ներքին գործոց նախարարն իրավունք չունի դատարանին ուղերձ գրելու, որովհետեւ գործադիր եւ դատական իշխանություններն անկախ են:

Սակավաթիվ վկայություններից մեկի համաձայն, երբ դատաքննությունն ավարտվել է, Փարամազը դիմել է ընկերներին. «Քալեցե՛ք, ընկերներ, ճակտնիդ միշտ բարձր»:

Զրուցակիցս առանձնակի հուզմունքով ներկայացրեց տեր Գալուստ քահանա Պողոսյանի բացառիկ վկայությունները: Քահանային տարել էին 20 հայորդիների մոտ՝ մահվանից առաջ նրանց վերջին հաղորդակցության:

Նախ, Արամ Աչըքպաշյանը պատվիրել է իրենց մարմիններն առանձին չթաղել. «Բոլորը միասին մեկ փոսի մեջ»:

Քահանան գրել էր. «Այն հոգեկան կորովը, որ ցույց կու տային անոնք, կը վարակեր զիս եւ կտոկայի այդ տեսարանին»: Իսկ երբ Երվանդը՝ Բանվուորը, դիմավորել է մահը երգելով՝ «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի…», քահանան նկարագրում է՝ «երգին վերջին վանկերը խառնվեցին մահուան հոնդիւններուն հետ»:

Ի դեպ, վավերագրությունների մեջ զրուցակիցս հիշատակեց կուսակցության ատենապետի խոսքը 1912թ. սեպտեմբերին «Նոր աշխարհ» թերթում ասված. «Մարդ արտաքո կարգի ուղեղ պիտի ունենա, մինչեւ դրականորեն համոզված չլինելու համար, որ Իթթիհատը այս տարի իսկական եւ քաղաքական նշանակությամբ թուրք կուսակցություն է: Մի կուսակցություն, որ պատմական տխուր միսիա ունի: Այս երկրին բաղկացուցիչ բոլոր ազգությունները ջնջել, ուժի վրա հենված պետական մեքենայի եւ թրքական քաղաքակրթական բոլոր միջոցներով: Այսինքն, մասնակի եւ զանգվածային ջարդերով, եւ այլ պատմական հնարիմացություններով»:

Զրուցակիցս հարցնում է. կա՞ քաղաքական հեռատեսության այսքան պերճախոս եւ փայլուն օրինակ:

Միջազգային գիտաժողովին սպասվում է «Իթթիհատ կուսակցության հարաբերություններն առաջին աշխարհամարտի սկզբում» զեկույցը նույնպես:

«Մեր քաղաքական միտքը տեսել է: Մարդը գրել է, այդ մասին խոսենք, մեր քաղաքական միտքը փայլատակումներ է ունեցել: Այս կտրվածքով չի մեկնաբանվել»,-ասում է նա:

«Նկատելով, որ Տաճկաստանին մեջ տիրապետում է մի օլիգարխիա, որի ղեկավարիչ ուժն է Իթթիհատ կուսակցությունը: Այդ կուսակցության հիմնական սկզբունքներն են պահել թրքական բյուրակրատիան, թույլ չտալ, որ նորագույն պետություն առաջանա…»,- սա էլ 1913թ.-ին գրել էր Կ.Պոլսի Զավեն պատրիարք Եղիայանը՝ օլիգարխիա բառն օգտագործելով:

Որտեղ են քսանի գերեզմանները: Նրանց հարազատներից արդյոք դիմե՞լ են վերաթաղման համար:

Ե.Ջերեջյանն ասաց. «Ամենափոքրը Հրանդ Եկավյանն էր, բժշկականի ուսանող, 23 տարեկան… Նրանց տեղը Հայաստանն է»: Իսկ հնարավոր քայլերի մասին կբարձրաձայնվի միջազգային գիտաժողովի ժամանակ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930