Մեզանում կան փոքրաթիվ արվեստագետներ, որոնք իրենց բարձր արվեստով միաժամանակ ներկայանում են մշակույթի մի քանի ոլորտում: Իսկ որ ամենակարեւորն է, չի տուժում ոլորտներից ոչ մեկը: Նրանցից մեկին՝ գրող, թարգմանիչ, դերասան, Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս, Վանաձորի թատերական ստուդիայի ղեկավար, վերջերս էլ բանասիրական գիտությունների թեկնածուի կոչման արժանացած Էլֆիք Զոհրաբյանին հյուրընկալել էր «Առավոտը»:
Բազմաոլորտ ստեղծագործական գործունեությունից հատկապես ուզում ենք առանձնացնել նրա թարգմանությամբ Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» պիեսների ժողովածուն, «Հոգեվիճակ 13» պատմվածքների եւ սատիրաների գիրքը, 2014թ. Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Կատուների թագավորություն» հեքիաթ-պիեսը, տարբեր խառնվածքի դերերը Ելենա Արշակյանի «Մեր գյուղը» եւ Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմերում: Մեր զրուցակիցն առանց մանրամասնելու հայտնեց, որ շուտով իր մասնակցությամբ էկրան կբարձրանան ռուսական արտադրության ֆիլմեր, որոնց ռեժիսորներն են Ռոման Մուշեղյանն ու Մարիա Սահակյանցը, Վանաձորի թատրոնում էլ օրերս հանդես կգա Նունե Խեչումյանի ռեժիսուրայով «Արտիստը» բեմադրության մեջ, Շիրվանզադեի կերպարով:
Էլֆիք Զոհրաբյանի հետ հանդիպման առիթը Վանաձորում առաջին անգամ AG production-ի կողմից թողարկված «Հոգեվիճակ 13» աուդիոգիրքն է (լուսանկարում), որտեղ ներկայացված են 3 պատմվածքներ նրա նույնանուն գրքից, ճանաչված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանի ընթերցմամբ:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ աուդիոգրքի ստեղծման համար մեծ պատրաստակամությամբ ու մասնակի աջակցությամբ իրեն ձեռք են մեկնել վանաձորցի արվեստասերներ, այդ թվում՝ համայնքի ավագանու անդամներ Սեյրան Ղամբարյանը, Կարեն Ադամյանը:
Ներկայացնելով աուդիոգրքի երեք՝ «Հոգեվիճակ 13», «Օրիորդն ու Կեսարը», «Պառաված թռիչքներ» պատմվածքները, հեղինակն ասաց, որ դրանք բացարձակ տարբեր են մեկը մյուսից: Առաջինում բարդույթավորված մարդու ապրումներն ու հարաբերություններն են արտաքին աշխարհի հետ, երկրորդում՝ 66-ամյա օրիորդի երեքօրյա սպասումն իր «ասպետին», որը վերջում, պարզվում է, Կեսար անունով իր կատուն է, իսկ երրորդը 102-ամյա ծեր կնոջ մասին է, որին երիտասարդ տարիներին ցանկացել են տիրանալ շատ տղամարդիկ, մինչդեռ ինքը բոլոր ժամանակներում էլ, նույնիսկ կյանքի մայրամուտին, եթերային ու «ճախրող» տեսակ է եղել: «Գրականության եւ արվեստի մեջ հետաքրքրված եմ մարդու գոյության խորհրդավորությամբ եւ նրա արարչական էությամբ: Գրականությունը չի կարող փոխել աշխարհը, բայց կարող է ազդել նրա վրա: Փորձում եմ ստեղծել գրականություն, ինչը կարող է ազդել մարդկանց վրա, նրանց պարգեւելով գեղագիտական հաճույք: Կարճ ասած՝ փորձում եմ ստեղծել տիպականացված կերպար, ինչը ժամանակակից գրականության մեջ հաճախ չի հանդիպում»,- հայտնեց Էլֆիք Զոհրաբյանը:
Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ է հատկապես ընտրել Գրետա Մեջլումյան արտիստին, մեր զրուցակիցը ժպտալով նշեց՝ թեկուզ նրա համար, որ նա իսկապես արտիստ է: Հետո էլ հավելեց. «Հոգեվիճակ 13»-ի շնորհանդեսին տիկին Մեջլումյանն ինձ անակնկալ մատուցեց՝ ներկայացնելով այդ գրքից «Օրիորդն ու Կեսարը» պատմվածքը: Համոզված եմ, ինձ հետ շատերը համակարծիք կլինեն, որ նա մեզանում հայերենը իմաստավորող եւ ճիշտ ներկայացնող սակավաթիվ դերասաններից է եւ արդի արձակի գեղագիտության ու գեղարվեստական խոսքի ինքնատիպ մեկնաբանը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Էլֆիք Զոհրաբյանը՝ որդու հետ:
«Առավոտ» օրաթերթ
12.06.2015