Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսանկարիչ Վահան Քոչարի հոր արխիվը պատկանում է ժողովրդին

Հունիս 12,2015 23:13

«Քաղաքապետարանի մշակույթի բաժնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասացի, որ այն ամբողջ նյութը, որ գտնվում է մեր տանը` մեզ չի պատկանում` պատկանում է ժողովրդին: Ես նվիրատվություն եմ անում Երեւանի պատմության թանգարանին իմ հոր արխիվը այն միակ պայմանով, որ հետագայում այն արժեքավոր նյութը պետք է հասնի ժողովրդին` ունենա իր մշտական ցուցադրությունը»,-այս մասին Aravot.am-ին ասաց գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացված «Հայտնիները` հայ լուսանկարիչների աչքերով» լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ:

Հայազգի լուսանկարիչները իրենց ստեղծագործություններով միջազգային ցուցահանդեսներում ստացել են բարձրագույն պարգեւներ, արժանացել` «Գրան-Պրի» մրցանակի, ինչն էլ վկայում է նրանց բարձրակարգ վարպետության մասին:

DSC01310 DSC01311 DSC01315 DSC01325

Նրանցից 22-ի աշխատանքներից մի մասը այսօր Վահան Քոչարի եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ցուցադրվեց հանդիսատեսին: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց, որ, վերջապես, հայ իրականության մեջ եւ մայրաքաղաք Երեւանում կբացվի լուսանկարչության ցուցասրահ եւ մեր լուսանկարիչները ի զորու կլինեն ներկայացնել իրենց ստեղծագործությունները, որի մի մասն է կազմում այսօրվա ցուցադրվող աշխատանքները:

«Ես իմ որդիական պարտքն եմ անում` կազմակերպելով այս ցուցահանդեսը եւ ձեռնամուխ լինելու ստեղծել հայ լուսանկարիչների թանգարան, որը ուղղակի թանգարան չի լինելու, ամեն ամիս ցուցադրվելու է մեկ լուսանկարչի աշխատանքներ, լինելու է վարպետության դասընթացներ, փորձի փոխանակում»,-ասաց Վահան Քոչարը:

Ցուցադրվում էին այնպիսի հայ լուսանկարիչների գործեր, ինչպիսիք են Կյուեր Տերտերյանը (ցուցադրվող դիմանկարներ` Ֆեդերիկո Ֆելլինի, Պաբլո Պիկասո, Ինդիրա Գանդի, Մարի Կալլաս, Օրհան Փամուկ),  Քարշ Յուսուֆի` Ալբերտ Էյնշտեյն, Էռնեստ Հեմինգուեյ , Անդրանիկ Քոչարի` Վահան Թեքեյան, Հակոբ Կոջոյանի, Սերգեյ Փարաջանովի դիմանկարները, Հովհաննես Քյուրքչյանցի Անիի ավերակների շարքը, Սեւրոգին Անտուոն Խանի եւ այլոց լուսանկարչական գործերը:

Գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանը, որը ներկա էր ցուցահանդեսի բացմանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, «Արվեստի այս ճյուղը մշտապես ցուցադրվելու, թարմացնելու, արխիվային հատված ունենալու կարիք ունի այնպես, ինչպես արվեստի մնացած ուղղությունները»:

Նա նշեց, որ այն ինչ արվեստը, մշակույթը մարդուն կտա, դրա ճյուղերից մեկը նաեւ ֆոտոարվեստն է, որ  ինչպես արվեստի մնացած ճյուղերը` ունի մարդուն փոխելու շնորհ, քանի որ արվեստի նպատակը մարդուն դեպի լուսավորը, բարին փոխելն է: Գեղանկարիչը տպավորված էր Անտուան Սեւրուգին Խանի աշխատանքներով:

Իսկ ժամանակակից լուսանկարիչ Վլադիմիր Սարոյանն էլ մեր հետ զրույցում նշեց, որ այս ցուցահանդեսի նկարների մեջ կա մի բան` հոգի, որը չկա ժամանակակից լուսանկարչության մեջ: «Հիմա գերակշռում են սելֆիները, որը հիմիկվա սերունդի մեծ խնդիրն է: Պարոն Սարոյանի համար առանձնանում էին Քարշ Յուսոֆի (Հովսեփ Քարշյան), Անդրանիկ Քոչարի աշխատանքները, որտեղ, ըստ նրա, կա իսկական լուսանկարչություն, որը բացակայում է ժամանակակից թվային լուսանկարչության մեջ, քանի որ այնտեղ ամեն ինչ շտկվում եւ նոր երանգ է ստանում ֆոտոշոփի միջոցով:

Նշենք, որ մինչեւ հուլիսի 12-ը այցելուները կարող են տեսնել ցուցադրվող աշխատանքները:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930