Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչից հետո լրագրողներին հանդիպեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը:
«Մենք հասկանում ենք, որ աստղեր են ժամանել, որ դժվար է լինելու: Բայց ցանկացած ֆուտբոլիստի դիմաց կարելի է խաղալ եւ վնասազերծել: Առաջին հերթին ցանկանում ենք լավ, դիտարժան ֆուտբոլ ցուցադրել: Իսկ եթե լավ ֆուտբոլ ես խաղում, արդյունք ի վերջո կլինի: Պորտուգալիան այն թիմը չէ, որի կազմում կոնկրետ ինչ-որ մեկի է պետք վերահսկել: Տղաներն առավելագույն չափով պատրաստ են ու դրանում դուք կարող եք համոզվել վաղը՝ մարզադաշտում: Վստահեցնում եմ, որ վաղը խաղադաշտ կմտնեն միայն այն ֆուտբոլիստները, որոնք հարյուր տոկոսով պատրաստ են», – ասաց Սարգիս Հովսեփյանը:
Մեր մարզչին ուղղված հարցերը բազմաբնույթ էին, որոնց նա հերթով պատասխանեց. «Ակումբի ու հավաքականի մարզիչ լինելը միանգամայն տարբեր բաներ են: Ինձ հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար հենց այնպես չեն նշանակել: Իհարկե, իմ առջեւ խնդիրներ դրված են: Բայց ես հիմա մտածում եմ միայն Պորտուգալիայի հետ հանդիպման մասին: Բայց քանի դեռ տեսական հնարավորություն կա, պայքարելու ենք: Պորտուգալիայի հավաքականի համար անակնկալներ պատրաստել ենք, բայց ճիշտ չի լինի, որ հիմա ասեմ: Մենք ամեն բան անում ենք, որպեսզի մրցակիցը չիմանա, թե ինչ տակտիկայով ենք խաղալու»:
Հարցին, թե Յուրա Մովսիսյանին ո՞վ է փոխարինելու, մարզիչը պատասխանեց. «Բնականաբար, փոխարինող կլինի եւ հավատացեք, որ նա շատ լավ խաղ կցուցադրի, քանի որ ապացուցելու բան ունի»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ