Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ ԶԱԿ-ը 150 կնոջ փոխարեն, 54-ին է դրամաշնորհային ծրագրով գումար տվել

Հունիս 12,2015 21:35

Ուսումնասիրելով վերահսկիչ պալատի  տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում է 2014 թվականին,  համոզվում ենք, որ չկա մի ոլորտ, որտեղ ՎՊ-ն ստուգումներ եւ խախտումներ, թերացումներ, պետբյուջեի գումարների անարդյունավետ ծախսեր չհայտնաբերի:

Ներդրումային միջավայրի վերահսկողության արդյունքներով մի շարք խախտումներ եւ թերացումներ են հայտնաբերվել «Աջակցություն փոքր ու միջին ձեռնարկատերերի սուբյեկտներին» ծրագրում, որն իրականացվում է էկոնոմիկայի նախարարության կողմից:

Նշված ծրագրով սկսնակ կամ գործող փոքր ու միջին ձեռնարկատերերին ֆինանսական, ուսուցողական, խորհրդատվական, բիզնես ծրագրերի մշակման աջակցություն պիտի ցուցաբերվեր, ինչպես նաեւ նոր աշխատատեղեր ստեղծվեին:

Ըստ ՎՊ հաշվետվության, «Աջակցություն ՓՄՁ» սուբյեկտներին տարեկան ծրագրի համար էկոնոմիկայի նախարարությունը փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնին՝ ՓՄՁ ԶԱԿ-ի հետ 2013-ին կնքել է դրամաշնորհի պայմանագիր 150 միլիոն դրամի,իսկ 2014-ին՝ 151.9 միլիոն դրամի: Այս գումարներն, ինչպես տեղեկացնում է ՎՊ-ն, ուղղվել են ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձի վճարմանը՝ ՓՄՁ սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ըստ ՎՊ-ի ուսումնասիրության պարզվել է,  որ հիմնադրամը, ինչպես որ կանոնակարգն է սահմանում,  չի իրականացրել պայմանագրերով նախատեսված երաշխավորությունների դիտարկում եւ չի կազմել հաշվետվություններ:

Ըստ այդմ, հիմնադրամը, պատշաճ կերպով չի իրազեկել ՓՄՁ-ների գործունեության կարգավիճակի մասին: Այսինքն՝ չի տեղեկացրել, թե այդ ՓՄՁ-ները գործո՞ւմ են, թե՝ լուծարվել են: Հիմնադրամի մասնագետները չեն ուսումնասիրել շահառուի գրավադրման ենթական գույքի տեսակի, քանակի, շուկայական արժեքի ու գրավադրման հնարավորությունը:

ՎՊ հաշվետվության համաձայն, «Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացման աջակցություն» ծրագրի համար հիմնադրամին տրամադրվել է 811.8 միլիոն դրամ: Այս գումարով պիտի ֆինանսական աջակցություն տրամադրվեր մինչեւ 300 գործող եւ սկսնակ ՓՄՁ-ներին, որոնցից 50%-ի ղեկավարները պիտի կանայք լինեին:

Սակայն, ըստ ՎՊ հաշվետվության, կարելի է ենթադրել, որ դրամաշնորհային ֆինանսներ ստանալու դեպքում էլ են կանայք գենդերային խտրականության ենթարկվում:

ՎՊ-ն պարզել է, որ  այս ծրագրով ֆինանսական աջակցություն են ստացել ընդամենը 54 կին, կամ՝ 28%-ը, մինչդեռ ծրագրով հիմնադրամը պարտավոր էր 150 կնոջ ֆինանսական աջակցություն տրամադրեր:

ՎՊ-ն արձանագրել է, որ շահառուների կողմից վարկային պայմանագրերով սահմանված վճարումների ժամկետների խախտումների արդյունքում բանկերի կողմից պահված գումարներից դեռեւս չի վերականգնվել 114.9 միլիոն դրամը: «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի 2014-ի դրամաշնորհային ծրագրով, ըստ ՎՊ-ի, ակնկալվում էր 252-300 սկսնակ գործարարի ֆինանսական աջակցություն պիտի ցուցաբերվեր, ու սրա արդյունքում պիտի 300-450 նոր աշխատատեղեր բացվեին: Մինչդեռ, այս աշխատատեղերի մասին հիմնադրամը ոչինչ չի ասում: Ընդ որում, ՎՊ-ն ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամից պահանջել է ծրագրով նախատեսված նոր աշխատատեղերի մասին տեղեկություն՝ կա՞ն, թե՝ չկան, սակայն հիմնադրամը ՎՊ-ին տեղեկություններ չի տրամադրել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930