Վաղը ֆուտբոլի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Պորտուգալիա հանդիպման նախօրեին հավաքականների գլխավոր մարզիչները նախախաղային մամուլի ասուլիս անցկացրին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հայտարարեց, որ իրենք Հայաստան ժամանել են միայն հաղթանակի համար, թեեւ մրցակցի ընտրանին նախորդ բոլոր հանդիպումներում խնդիրներ է առաջադրել պորտուգալացիներին: Մասնագետի խոսքերով, Հայաստանի հավաքականը վերջին շրջանում պաշտպանողական ուժեղ ֆուտբոլ է ցույց տալիս, բայց նկատել է նաեւ, որ խաղաոճում փոփոխություններ կան:
Պատասխանելով հարցին, թե Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը նախապատրաստվելու համար ինչո՞ւ էին վերջին հավաքի վայր ընտրել հատկապես Վրաստանը, Ֆերնանդու Սանտուշը ասաց. «Ժամային ու կլիմայական պայմաններին հարմարվելու: Եթե խաղալու լինեինք Վրաստանի հետ, հավաքը կանցկացնեինք Հայաստանում»:
Կարդացեք նաև
Ասուլիսից հետո ԶԼՄ-ներին թույլատրվեց 15 րոպե նկարահանել Պուրտուգալիայի ընտրանու մարզումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ