Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Ազատազրկված մարդը պետք է ազատվելու հույս ունենա»

Հունիս 12,2015 20:02

«Անհասկանալի է դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքը»,- հունիսի 12-ին  «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքերով՝ քաղաքակիրթ մարդկությունը հասել է այն մակարդակի, որ մահապատիժը վերացվել է. «Ինչպես նաեւ ազատազրկված մարդը պետք է ազատվելու հույս ունենա, եւ եթե մահապատիժը հույս չի տալիս ազատվելու եւ այդ հույսը իրական չէ, ապա դա գրեթե հավասար է մահապատժի: Այս տեսակետից Հայաստանի օրենսդրությունը, որ 20 տարի հետո նա կարող է վաղաժամկետ ազատվել, մտնում է այդ շրջանակների մեջ, բայց սա էլ չի գործում»:

Որպես օրինակ իրավապաշտպանը առանձնացրեց ցմահ ազատազրկության դատապարտված Արթուր Մկրտչյանի գործը, վերջինս մեղադրվում է 5 զինվորի սպանության գործով. «1 վկայի ցուցմունքով է դատապարտվել, որը սկզբից այդպիսի ցուցմունքներ չի տվել: Նա երկար ժամանակ ինքնախոստովանական ցուցմունքներ չի տվել, եղբայրը, որը բանակում ծառայել է, բանակից բերել են եւ իր աչքի առաջ ծեծել են, որ ցուցմունք տա, հորը ձերբակալել են կաշառք տալու հիմնավորմամբ: Փաստորեն, այդ ահաբեկման տակ նա ցուցմունք է տվել, որ գոնե հորը եւ եղբորը փրկի»:

Ավետիք Իշխանյանն ասաց, որ վերջերս նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը իր հարցազրույցներից մեկում ասել է՝ Արթուր Մկրտչյանը, հավանաբար 5 հոգուն չի սպանել, բայց 3 հոգուն նա է սպանել, հարցեր են եղել, մարդիկ են եկել զենքի վաճառքի հետ կապված, որը հետագայում քննել են, բայց դատաքննության փուլ չի եղել: Նա նշեց, որ իրենք դիմել են տարբեր ատյաններ վերանայելու համար գործը, սակայն ապարդյուն. փակ է:

«Երբ որ ցմահ ազատազրկվածների մասին ես խոսում, մարդիկ ցնցվում են, կարծես թե այդ նույն դատական համակարգը չէ նրանց ցմահ դատապարտել: Արդյոք նրանց մեջ չկա՞ն անմեղ մարդիկ, ինչպես մենք համարում ենք հենց այնպես նստած մարդիկ, ինչ-ինչ պատճառներով նրանք անմեղ նստած են: Գուցե անմեղ չեն նստած, մի փոքր մեղք են արել, բայց արդյոք դա արժանի՞ էր ցմահ դատապարտման, ժամանակին մահապատժի, տառապանքներին»,- իր խոսքը եզրափակեց իրավապաշտպանը:

 Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930