Սդղի Գյոլում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Զաքարյան եղբայրների մայրը՝ Անահիտ Գալստյանը, նոր մանրամասներ հայտնեց տեղի ունեցածից:
Նախ` նա հաստատեց տեղեկությունը, որ ծեծկռտուքին մասնակցել են նաեւ մարզպետի ազգականները: «Բոլորը չէ, իհարկե, բարեկամներն այնտեղ ավելի շատ են եղել, բայց կողքի մարդիկ էլ են եղել, ընկերներից, իրենց շրջապատից: Մարզպետի եղբայրը՝ Աղալարը, գլխավոր դերակատարներից է եղել: Հենց Մուշեղի գլխին մետաղական մահակով խփողը ինքն է եղել: Այնտեղ է եղել մարզպետի եղբայրը, մյուս եղբոր՝ Հոպոպի տղան»,- Aravot.am-ին պատմեց Զաքարյանների մայրը:
Նա նաեւ պատմեց, որ երբ մարզպետը տեղեկացել է կատարվածի մասին, զանգել է դեպքի վայր ու հրահանգել՝ Մուշեղին պահեք, մինչեւ գամ. «Ոստիկանությունը շրջապատել է տարածքը, Մուշեղին տարել են դեպքի վայրից ոչ հեռու հանգստյան տուն ու սպասել են, մինչեւ Սուրիկ Խաչատրյանը եկել է: Խոսակցություններ են տարել Մուշեղի հետ, հետո դեմքին, գլխի վերքերին սառը բաներ են դրել: Այլ մանրամասներ տղաներս չեն պատմում ինձ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ