Էլեկտրաէներգիայի թանկացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հարցրեց՝ ո՞վ է Բիբինը, Բիբինն ընդամենը գումարած-հանած մի ձեռնարկության ղեկավար է: «Բիբինը չի որոշում մեր երկրում»:
Նիկոլ Փաշինյանը խոսել էր ՀԷՑ-ի վնասի փոխհատուցման մասին, որ նախորդ տարվա վնասը 37 մլրդ դրամ էր, հետո դա 14 մլրդ-ով նվազեց, ի՞նչ եղավ: Նա պատասխանեց. «Հետո վդրուգ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ աշխարհքի համար մի դեպք, երբ դոլարը թռավ: Այսինքն՝ եկեք հասկանանք մենք, թե ինչ է տեղի ունենում, լուծում է պետք տալ: Մեր ատոմակայանը կանգնել ա, մենք ուզած թե չուզած 9 դրամանոց հոսանքի փոխարեն առել ենք 38 դրամով ու տվել ենք քաղաքացուն: Բիբինը ծախսել ա, թե չի ծախսել, էտի Բիբինի խնդիրն ա: Էլի եմ ասում՝ ես էն մարդն եմ, որ իրա դեմն էլ եմ ասում, լուբոյ տեղ էլ եմ ասում: Հիմա էդ 24 մլրդ դրամը պիտի տանք, իրա 102 մլրդ-ն Աստված իրա հետ, էդ 102 մլրդի համար էս քաղաքացին, Բիբինի կատարած գործողությունների եւ կազմակերպության կատարած գործողությունների ու շռայլությունների համար մի լումա վճարելու ոչ իրավասություն ունի, ոչ էլ վճարելու է: Հստակ հայտարարում եմ բոլոր տեղերում: Հիդրոէլեկտրակայանը չի տվել, Որոտանի կասկադը 2 դրամանոց հոսանքը չի տվել, դրա դիմաց, որ հոսանքը չանջատենք, Հրազդանից ենք առել հոսանքը, էդ Հրազդանից հոսանք առնելը կախվել է մեր վրա, որ մեր վրայա կախվել, ասել ենք՝ չթանկացնենք հոսանքը, մենք հետո էդ փողը կտանք: Հիմա եկել է էդ փողը տալու ժամանակը՝ 24 մլրդ, հիմա ասում ենք՝ ո՞նց պիտի տանք, եկեք լուծումները գտնենք, ոչ թե հելնենք ասենք՝ վատ ա»:
Հետո Վարդան Այվազյանը հայտարարեց, որ Բիբինը դեռ փոշմանելու է Աժ չգալու համար. «Իրա մեղքն իրա վիզը: Կազմակերպությունն ով ա, որ մեր երկրի դեմ կարենա խոսա, բացահայտ եմ հայտարարում, ինքը շատ փոշմանելու ա, որ չի եկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ