«Ես էսօր ատամներս սրած եկել եմ, որ պարոն Նազարյանի հանձնաժողովը քանդուքարափ անեմ: Բայց էսօր այս վիճակը որ տեսնում եմ, ես 100 տոկոսով, պարոն Նազարյան, ձեր կողմից եմ»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Սպառողների աջակցման կենտրոնի ղեկավար Աշոտ Միրզոյանի ելույթը այս մեկնարկով մեծ աժիոտաժ ստեղծեց:
Նա շոումեն անվանեց այն պատգամավորներին, որոնք լսումների ժամանակ ելույթ էին ունեցել ու գնացել էին դահլիճից. «Ում համար եք ելույթ ունենում, դե արի ու մի ասեք»:
Նա ասաց, որ իրեն հրավիրում են կուսակցություններ, բայց չի գնում. «Չեմ ուզում հերթական շոումենը դառնալ. «Արծվիկը նստած է (նկատի ունի ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին,-Հ. Ջ.), հոյակապ առաջարկ եք անում, բայց իմ առաջարկներն ասում եմ՝ շարունակություն չկա: Հիմա ասում եք դաշինք ստեղծենք, եկեք անենք: Պարոն Մանուկյան, ես զարմանում եմ, որ դուք ինձ զանգում եք անցյալ տարի ու ասում եք՝ մենք ռուսների հետ պայմանագիր կնքեցի՞նք, թե՞ չէ: Դուք եք ԱԺ պատգամավոր, ի՞նձ եք հարցնում: Ես գնահատում եմ ձեր չարչարանքը, ձեր վեճերը նայում եմ Պետրոսի մոտ պարոն Այվազյանի հետ: Պարոն Այվազյանը շատ ուժեղ ա պոլիտիկայի մեջ: Ես անկեղծության կողմն եմ, եթե ճիշտ ա, դրեք ճիշտն ասենք»:
Նա ասաց, որ կուզենար ԱԺ-ում տեսնել Ազգային անվտանգության անդամներին, քանի որ սա ազգային անվտանգության հարց է. «Ես չեմ տեսնում այստեղ լրջագույն դեմքերի, որոնք պոպուլիստական ելույթներ են ունենում հեռուստատեսությամբ: Գալիս են ստեղ, երբ կամերաները չկան, իրանք էլ չկան: Դե, եթե տղերք եք, անկեղծ խոսացող տղերք եք, շատերն էլ մեր մոտ հայտարարում են՝ գիտեք, մեր մոտ կա կիսագողական, կիսաքրեական համակարգ է ստեղծվել: Բա, եթե գողական տղեք եք, արեք ձեր խոսքերին ատչոտ տվեք, ինչի՞ չեք տալիս»:
Կարդացեք նաև
Նա նկատողություն արեց, որ պատգամավորները կարեւոր քննարկմանը չկան. «Եկել են, Բիբինից են խոսում, Բիբինն ո՞վ ա: Բիբինը ընդամենը ինչ-որ ՓԲԸ-ի տնօրեն ա, ես էլ կարամ գնամ ՓԲԸ բացեմ, հետո՞ ինչ, որ միլիարդների հետ չեմ խաղում: Բերեք պոպուլիզմով չզբաղվենք: Կարող ա հիմա անեկդոտ սարքեք, բայց էսօր իմ զոքանչը օդանավակայանում է, ես զոքանչիս ասի՝ иди гуляй, որովհետեւ էսօր ազգային հարց ենք քննարկում»:
Ուշագրավ է, որ նիստից հետո Aravot.am-ը Արամ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է հարցրել Աշոտ Միրզոյանին: Նա ապշած էր՝ «Թե գիտեմ ինչ է ասում…նման բան չի եղել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ