ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց, որ երբ ուսումնասիրում ենք սակագնի բարձրացման փաթեթը, տեսնում ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի կրած վնասից՝ 37 մլրդ դրամից փոխհատուցում է 23 մլրդը. «Բա հարց է ծագում, եթե վնասը 37 մլրդ է, ինչի՞ ենք 27-ը փոխհատուցում, երբ օրենքով պարտավոր ենք ամբողջը փոխհատուցել: Պարզվում է, որ 14 մլրդ-ը անցյալ տարի փոխհատուցվել է: Հարց է ծագում, էդ որտեղի՞ց է փոխհատուցվել 14 մլրդ դրամը: Պարզվում է՝ անցյալ տարի եւ նախանցյալ տարի բարձրացված սակագնի հաշվին:
Մենք այսօր կանգնում ենք մի փաստի առաջ, որ այսօր ունենք մի սակագին, որ եթե այսօր չբարձրանա, հաջորդ տարի մենք եւս 14 մլրդ դրամ կփոխհատուցենք: Եթե սակագինը չբարձրացնենք, 2 տարվա ընթացքում կփոխհատուցվի, կանցնի, կգնա: Ընդ որում, օրենքն ասում է, որ պետք է փոխհատուցենք 3 տարվա ընթացքում: Հիմա հարց է ծագում, ինչի՞ եք նորից բարձրացնում հիմա սակագինը: Մի պարզ պատճառով, որովհետեւ ՀԷՑ-ը պարտք է արտադրողներին ու փող չունի: Ինչո՞ւ փող չունի, որովհետեւ, ըստ լուրերի, պարոն Բիբինը ստանում է 60 հազար դոլար աշխատավարձ:
Պարոն Նազարյան, որ ասում եք, թե ճոխությունները չի մտնում սակագնի մեջ, այսօր այդ ճոխությունների համար ենք սակագին բարձրացնում, որովհետեւ եթե Բիբինը այդ ճոխությունները չաներ, Լեքսուսներ չվարձակալեր, 85 թվի արտադրության ԳԱԶ 52-ի վերանորոգման վրա միլիոնավոր դրամներ չծախսեր, էդ մեքենան այդքան չարժի, մենք այս վիճակի չէինք լինի»:
Ըստ Փաշինյանի, Ռոբերտ Նազարյանը հիմնավորեց իր տվյալներով, որ մենք սակագին բարձրացնելու անհրաժեշտություն չունենք. «Քանի որ ՀԷՑ-ը փող չունի իր պարտքերը մարի, մեր գրպանի՞ց պիտի վճարենք: Կներեք, սա անընդունելի է: Բիբինը ոնց ծախսել է, թող գնա ճարի ու իր պարտքերը տա: Ժողովուրդը մեղք է, իսկականից հերիք ա թալանեք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ