«Գործող քրեական օրենսգրքի կիրառման այս տարիների ընթացքում բացահայտվեցին նրանում առկա բազմաթիվ թերություններ նաեւ հայեցակարգային անճշտություններ»,- հունիսի 12-ին «Արմենպրեսում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քրեական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը:
Նրա խոսքերով՝ գործող օրենսգիրքը հիմնված է արարքի հայեցակարգի վրա, որը դեռեւս քրեական իրավունքի դասական դպրոցից է գալիս. «Հիմնական դրույթը սա է՝ ինչքան մեծ վնաս պատճառվեց, այնքան պատիժը պետք է խիստ լինի: Բայց այս հայեցակարգը ոնց որ անտեսում է անձի՝ հանցագործությունը կատարողի հանցագործության շարժառիթները, նպատակները, հանցավորի անձնավորությունը: Աշխարհի երկրների մեծ մասը զուգակցում է երկու հայեցակարգերը՝ արարքի հայեցակարգը եւ անձի հայեցակարգը: Նոր քրեական օրենսգրքի նախագծում փորձել ենք այս համամասնությունը պահպանել, որ քրեաիրավական ինստիտուտների շատ հարցեր լուծվեն ոչ թե զուտ արարքների հայեցակարգի, այլ նաեւ անձի հայեցակարգի հիման վրա»:
Արա Գաբուզյանը առանձնացրեց նաեւ մեղքի պատասխանատվության սկզբունքը: Նա նկատեց շատ հաճախ գործող քրեական օրենսգրքի լուծումների պատճառով այն պրակտիկայում չի ապահովվում. «Մեր քրեական օրենսգիրքը հիմնվում է դեռեւս հռոմեական իրավունքից եկած այն դասական դրույթի վրա, որ օրենքը չիմանալը չի ազատում պատասխանատվությունից, բայց աշխարհի զարգացած երկրներում գրեթե ոչ մի երկրի քրեական օրենսգրքում այս սկզբունքը կարծրացած սկզբունք չէ. Օրենքը չիմանալը շատ դեպքերում կարող է ազատել քրեական պատասխանատվությունից, եւ մենք փորձում ենք մեր այս հայեցակարգը քրեական օրենսգրքի նախագծում արմատավորել»:
Ըստ նրա՝ կարեւոր հարց է նաեւ միջազգային իրավունքի հետ համապատասխանեցումը ապահովելը, նա ընդգծեց նաեւ պատժի համակարգը. «Փորձում ենք այլընտրանքային պատժատեսակների համակարգն ավելի ընդլայնել, եւ եղածը կատարելագործել այն հաշվով, որպեսզի ազատազրկող պատժատեսակի լայն կիրառում թույլ չտանք: Հիմա մեզ մոտ ազատազրկումը նշանակվում է 70-80 տոկոսում, եւ եթե հաշվի առնենք պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ՝ 40-45 տոկոս է: Մինչդեռ երբ նայում ենք այլ երկրների օրինակները, ապա տեսնում ենք, որ այլ պատժատեսակներն են ավելի մեծ բաժին կազմում նշանակված պատիժների համակարգում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ