Շարունակվում են խորհրդարանական լսումները՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման թեմայով:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խորհրդարանական լսումներն իմաստ ունեին, որովհետեւ բազմաթիվ հարցերի պատասխան ստացան եւ իմացան, որ ՀԷՑ-ի տնօրենն ուղղակիորեն «թքած» ունի օրենսդիր մարմնի վրա. «Դա առնվազն արհամարհանք է ՀՀ բարձրադիր իշխանության հասցեին: Սրանից թող հետեւություններ անեն այն մարդիկ, ովքեր պետք է վիրավորվեն նման պահվածքից: Ես, որպես ՀՀ քաղաքացի, իմ հետեւություններն անպայմանորեն կանեմ համապատասխան ատյաններին»:
Հետո Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ ՀԷՑ-ի վատ մենեջմենթին. «Այստեղ անընդհատ նյարդայնանում են վատ մենեջմենթ ձեւակերպումից, բայց պետք է վստահ պնդեմ, որ մենք այս վիճակին հասել ենք վատ մենեջմենթի արդյունքում: Պարո՛ն Նազարյան, ուզում եմ հավատալ, որ նրանց ուռճացված ծախսերը չի մտնում սակագնի մեջ: Բայց ի՞նչ վստահություն ունենամ, երբ մի հատ «սպիսատ» եղած «ԿԱՄԱԶ» վերանորոգելու համար ծախսել են 2 մլն 550 հազար դրամ, «ՄԱԶ»-ի արգելակներ են 340 հազարով գնել, Մանուշյան փողոցում 1 մլն 110 հազար դրամով վարձակալել են բնակարան եւ նման անհեթեթագույն ծախսեր են արել: 1 մլն 130 հազար դրամ ծախսել են շարքից դուրս եկած եւ օգտագործման ոչ ենթակա ավտոմեքենաների վերանորոգման վրա: Այսօր մենք կատարված փաստի հետ գործ ունենք եւ պետք է մտածենք սրա հետեւանքները վերացնելու մասին: Համակարգը հիվանդ է, եւ ԲՀԿ-ն առաջարկում է համակարգի առողջացման փաթեթ եւ այնպիսի մեխանիզմներ կիրառել, որ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա»:
Նա հեգնեց, որ կառավարությունը մտադիր է 105 հազար նպաստառուի փոխհատուցում տալ՝ սակագնի բարձրացման համար, երբ անգամ պաշտոնական տվյալներով՝ 1 մլն-ից ավելի մարդ աղքատ է, եթե նրանց փոխհատուցվի էլ, բա մյուսներին ո՞վ է փոխհատուցելու: Մենք անընդհատ արձագանքում ենք կատարված փաստերին, եւ այդ փաստերը միշտ լինում են ողբերգական եւ ի վնաս ՀՀ քաղաքացու:
Կարդացեք նաև
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ներկայացրեց իր առաջարկները՝ պետք է մենաշնորհը վերացնել այդ ոլորտում, որ համակարգն առողջանա: Իշխանության գլխավոր ծրագիրը պետք է լիներ տեսակարար կշիռը փոխել՝ հօգուտ էժան էներգակիրների: Քամու եւ արեւային էներգիայի ծրագրեր պետք է իրականացնել, որ թուլացներ կախվածությունը»:
Աշխատողների թիվը կրճատելը, ըստ Զուրաբյանի հաշվարկի, կբերի 3 դրամով սակագնի նվազեցման, բարեգործությունները հանելը կնվազեցնի 0.2 դրամ, ամեն ինչ հաշվարկված է եւ հնարավոր է կոռուպցիոն շղթան վերացնել՝ գինը պակասեցնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ