Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնակատար Անսիփն ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ

Հունիս 12,2015 16:44

Հունիսի 11-ին` Լյուքսեմբուրգում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ, Թվային միասնական շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիփի հետ:

Հանդիպմանը եվրոպական կողմից մասնակցել են ԵՀ Հաղորդակցությունների ցանցերի, բովանդակության և տեխնոլոգիաների հարցերի Գլխավոր տնօրինության տնօրեն Դեյվիդ Ռինգրոսը, տնօրինության միջազգային հարցերի պատասխանատու Վասիլիս Կոպանասը, իսկ հայկական կողմից` Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ԵՄ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարոս Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ:

Ողջունելով ԵՀ փոխնախագահին` ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություն է հայտարարվել դեռևս 15 տարի առաջ, ինչը հնարավորություն է ընձեռել երկրում իրականացնել բազմաթիվ հեռանկարային ծրագրեր: Նախարարը նաև տեղեկացրել է նոր մշակվող տնտեսական զարգացման ռազմավարության մասին, որի առանցքային նպատակներից է ինովացիոն տնտեսության ձևավորումը:

Անդրուս Անսիփն իր հերթին նշել է, որ այս տարվա մայիսի 6-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընդունվել է Թվային միասնական շուկաների վերաբերյալ ռազմավարությունը, որը ենթադրում է ԵՄ երկրներում պարզ և արդյունավետ անդրսահմանային պայմանագրային կարգավորումներ, այդ թվում` ակտիվ համագործակցություն սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում, ապրանքների առաքման ճկուն համակարգի ձևավորում` ուղղված գների թափանցիկության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկությունների համար եվրոպական տարբեր երկրներում ավելացված արժեքի հարկով հարկման տարբեր ռեժիմներով պայմանավորված վարչական բեռի նվազեցում և միասնական ստանդարտների կիրառում ծառայությունների մատուցման ոլորտում և այլն:

Հանձնակատար Անսիփն ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ` շեշտելով, որ Թվային միասնական շուկան  կարող է ստեղծել համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ  երկկողմ հարաբերությունների համար:

Երկուստեք ընդգծելով նախաձեռնության կարևորությունը, կողմերը պայմանավորվել են առավել ընդլայնել և խորացնել ԵՄ-ՀՀ հարաբերությունները Թվային միասնական շուկայի  նախաձեռնության շրջանակներում:

Հանդիպման ավարտին Կարեն Ճշմարիտյանը հրավիրել է հանձնակատար Անսիփին մասնակցելու ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Արմթեք» բարձր տեխնոլոգիաների գլոբալ համաժողովին` ՏՏ ոլորտի ձեռքբերումներին անմիջականորեն ծանոթանալու նպատակով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930