Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում հունիսի 4-7-ը Շվեյցարիայի Վո նահանգի Քրիստոնեական Եկեղեցիների Միության նախաձեռնությամբ Լոզան քաղաքում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ «Հայոց Ցեղասպանություն. 100 տարի անց» խորագրով և էկումենիկ արարողություն Աստվածամոր Մայր Տաճարում։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ գիտաժողովին և էկումենիկ արարողությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Վերջինս հանդես եկավ բանախոսությամբ՝ «Ինչպե՞ս ապրել միասին Հայոց Ցեղասպանության 100 տարելիցին» թեմայով։
Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Բագրատ եպիսկոպոսը հանդիպում ունեցավ Շվեյցարիայի հայ համայնքի հետ, Սուրբ Պատարագ մատուցեց Ժնևի և Լեման շրջանի Ս. Հակոբ եկեղեցում:
Սրբազանն այցելեց նաև Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գրասենյակ, որտեղ հանդիպումներ ունեցավ ԵՀԽ-ում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Քույր Եկեղեցիների ներկայացուցիչների հետ:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին