Այսօր էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման թեմայով խորհրդարանական լսումներ են: Ընդմիջման ժամին ԱԺ միջանցքներում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շատ լարված շրջում էին, զանգեր անում:
Երբ պարոն Նազարյանին հարցրեցինք՝ ո՞ւմ եք այդքան լարված զանգում, Բիբինի՞ն եք փորձում կանչել ԱԺ՝ Ռոբերտ Նազարյանը բարկացավ. «Ես Բիբինի հետ ի՞նչ կապ ունեմ, չե՞ք տեսնում, շտապ զանգեր եմ անում»:
Իսկ Երվանդ Զախարյանը լրագրողների հարցերից խուսափելու համար միջանցքում շարունակ պտտվում էր եւ բաց կաբինետ էր փնտրում, որ արագ մտներ: Ի վերջո բաց գտավ Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակի դուռը եւ մտավ ներս:
Լրագրողները նրան հարցնում էին՝ հիմա գողություն եղե՞լ է ՀԷՑ-ում, թե՞ չի եղել: Նա պատասխանեց. «Ես պատասխանել եմ այդ հարցին»:
Կարդացեք նաև
Թե ինչու Բիբինը չի եկել՝ նա հորդորեց զանգել Բիբինին: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Դուք Ձեր տեղում չեք՝ Երվանդ Զախարյանը ոտքից գլուխ չափեց լրագրողին ու դուռը շխկացրեց:
Ավելի ուշ Ռոբերտ Նազարյանը պատգամավորներին խնդրեց. «Ինձ մի ներքաշեք Բիբին-Նազարյան հարաբերությունների դաշտ»:
Նա ասաց, որ մտածել է՝ գալու է ԱԺ՝ հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացնելու, ոչ թե ՀԷՑ-ի վատ մենեջմենթի մասին խոսելու, ինչը ստիպված է անել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հատուկ Զախարյան-Նազարյանների համար. Մարդկային վրեժից կարելի է փախնել` Աստծո դատասխանից` երբեք:
Մի քիչ սեւ սրտի մխիթարանքի նման է հնչում, բայց թող իմանան…