Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ սպասելիքներ ունի հայ համայնքը Թուրքիայի նոր խորհրդարանից

Հունիս 12,2015 15:48

Հետընտրական Թուրքիայում շարունակում են քննարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները ու ապագա կառավարության կազմը: Շարքային քաղաքացիներից մինչև  նորընտիր պատգամավորներ խոսում են 25-րդ գումարման խորհրդարանից ունեցած իրենց սպասելիքների մասին:

Խորհրդարանական նախորդ ընտրություններից արմատապես տարբերվող այս ընտրությունների առանձնահատկությունը իշխանությունների «Արդարություն ու զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) մի ստվար ընտրազանգվածի կորուստն էր և քրդամետ,ազգային փոքրամասնությունների իրավունքների համար պայքարող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» մուտքը մեջլիս:

Թուրքիայի հարյուր հազարավոր քաղաքացիներ պնդում են, թե սա նոր Թուրքիայի սկիզբն է և լիահույս են, որ նորընտիր խորհրդարանը կբարեփոխի երկիրը: Իսկ նույն այդ խորհրդարանից ի՞նչ սպասելիքներ պետք է ունենան Թուրքիայի տասնյակ հազարավոր հայ քաղաքացիները: Այս մասին Ermeniahaber.am-ը զրուցեց Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Եդվարդ Տանձիկյանի հետ:

Տանձիկյանը նախ տեղեկացնում է, որ նախընտրական շրջանում «Ակօս»-ն ավելի շատ ուշադրություն է դարձրել «ԺԴԿ»-ի գործունեությանը և հայ թեկնածուների մուտքին խորհրդարան:

«Երեք հայ թեկնածուներն էլ խորհրդարան մտնելու շանսեր ունեին : Սա հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամն է: Այս տեսանկյունից դրական եմ գնահատում ընտրությունները:  Իսկ եթե քաղաքական առումով դիտարկենք, ապա ազգային փոքրամասնություններին խնդիրներին ամենաշատ ուշադրություն դարձնող կուսակցությունը, իսկապես, ԺԴԿ-ն է: Ահա թե ինչու մենք առավել շատ ուշադրություն դարձրեցինք ԺԴԿ-ին»,-պատմում է Տանձիկյանը:

Ըստ Տանձիկյանի` ԱԶԿ-ն հայկական և քրդական հարցերում  իր նախկին «քիչ թե շատ մեղմ լեզուն» կորցրել է, արդեն շատ ավելի խիստ ու կոշտ լեզվով է խոսում: «Ի հակադրություն սրան` ԺԴԿ-ն ազգային փոքրամասնություններին ուղղված քաղաքականություն էր վարում, հետևաբար սխալ չի լինի ասել, որ հայ համայնքը այս ընկերություններում ԺԴԿ-ի կողքին կանգնեց»:

Ermenihaber.am-ի թղթակցի այն դիտարկմանը, թե նորընտիր մեջլիսում «Ազգայնական շարժում կուսակցությունը» և հավասարություն քարոզող ԺԴԿ-ն հավասար թվով (80) պատգամավոր ունեն և ուրեմն ո՞ր լեզուն գերիշխող կլինի` խաղաղությա՞ն, թե° այլատյացության, Տանձիկյանը պատասխանեց:

«Առայժմ պարզ չէ թե ինչպիսի կառավարություն կկազմվի: Կոալիցիա կլինի՞ թե ոչ : Կարծում եմ ԱԶԿ-ն փակուղում է : Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները դեռ ոչ ոք չունի: Ու քանի դեռ վիճակն անորոշ է, անորոշ է նաև, թե ով ավելի ազդեցիկ կլինի խորհրդարանում: Բայց կարևոր մի հանգամանք պետք է հաշվի առնենք: Սրանից երեսուն տարի առաջ ասում էին, թե այս երկրում քուրդ չկա, իսկ հիմա քրդամետ կուսակցությունը 80 պատգամավորով մտնում է խորհրդարան»:

Անդրադառնալով խորհրդարանի հայ պատգամավորներին` «Ակօս»-ի խմբագիրը նշում է, որ թեև 550 հոգանոց խորհրդարանում 3 հայ պատգամավորների թիվը գուցե փոքր է, այդուամենայնիվ նրանց մուտքը խորհրդարան արդեն իսկ դրական երևույթ է:

«Ես կարծում եմ, որ նրանք նվազագույնը կկարողանան հայկական թեմային առնչվող հարցեր բարձրացնել խորհրդարանում,  խոսակցության նյութ դարձնել դրանք: Դա էլ է շատ կարևոր»:

Խոսելով այն մասին, թե հայ համայնքը նոր խորհրդարանից ինչ սպասելիքներ կարող է ունենալ, Տանձիկյանն ասաց.

«Այս խորհրդարանը շատ անելիք ունի ու ոչ միայն հայերի հարցում, այլ` բոլոր ազգային փոքրամասնությունների: Բռնագրավված գույքի վերադարձման խնդիր ունենք, հայկական որբանոցի Արմեն ճամբարի (Kamp Armen),  Բոմոնթի Մխիթարյան դպրոցի հարց ունենք, պատրիարքի ընտրության խնդիր ունենք: Դասագրքերում առ այսօր  կա հայերի դեմ թշնամանք սերմանող լեզու և դա ակնհայտ է: Հույս ունեմ, որ այս հարցում որևէ քայլ կարվի: Ցեղասպանության հարցում, ինչքան էլ որ դժվար լինի սպասում եմ, որ նվազագույնը որևէ որոշում ընդունելու, անցյալի հետ առերեսվելու ջանքեր կգործադրվեն: Գոնե ավելի հանգիստ կկարողանանք այս թեմայի մասին խոսել: Հնարավոր է քայլեր արվեն Օսմանյան կայսրության և հանրապետական Թուրքիայի վարած քաղաքականության հետևանքով երկրից արտագաղթած հայերի սերունդներին քաղաքացիություն տալու համար: Ու սրանք միայն իմ սպասելիքները չեն: Մենք հարցում ենք արել, և համայնքն էլ նմանօրինակ բազմաթիվ ակնկալիքներ ունի նորընտիր խորհրդարանից»:

«Ակօս»-ի խմբագիրը լիահույս է նաև Հայաստանի հետ սահմանի բացման հարցում: Ըստ նրա սահմանի փակ լինելը երկու ժողովուրդների միջև երկխոսությունը դժվարացնում է, և արգելք հանդիսանում տնտեսական հարաբերությունների համար:

«Ես սահմանի բացումը դիտում եմ որպես օրակարգի առաջնահերթ հարց: Թուրքիան դա կապում է ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Սակայն իրականում այս խնդիրը վերաբերում է միայն ու միայն Հայաստանին և Թուրքիային».- համոզմունք է հայտնում Տանձիկյանը:

 

Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930