«Պարո՛ն Նազարյան, այս իրավիճակը ձեզ համար կանխատեսելի՞ էր: Պարոն Բիբինն իր հարցազրույցում նշել է, որ վերջին 2-3 տարիներին այդ իրավիճակը սպասելի էր եւ որ այդ մասին բազմիցս տեղեկացրել է ձեզ եւ կառավարությանը: Նա գնահատական է տալիս, որ ձեր ձեռնարկած միջոցներն արդյունավետ չեն եղել»,- այսօր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված հիմնավորումների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այս հարցն ուղղեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:
Նա պատասխանեց. «Նա ասում է, որ մեզ ու կառավարությանը բազմաթիվ անգամ ահազանգել է, որ վիճակն անհանգստացնող է, բայց որեւէ քայլ չի իրականացվել: Ուրեմն ստում է պարոն Բիբինը՝ հետեւյալ պարզ պատճառով: Մենք մինչեւ 2012-ը ունեինք սակագների հաշվարկման մեթոդիկա: Եթե սահմանված մարժայից ավելի է լինում՝ մնում է իրեն, պակաս է լինում՝ մնում է իրեն: Բայց եղավ աննախադեպ մի տարի, սակավաջրություն եւ վերջին 10 տարում ես չեմ հիշում, որ սակավաջրության արդյունքում նման մեծ տարբերություն տար: Մենք ասացինք, որ մեթոդիկայի փոփոխության գնանք, եթե վնաս ես կրում, արի այդ վնասը 3 տարում փոխհատուցենք, եթե օգուտ կկրես, դա էլ 3 տարում դու կվերադարձնես, որպեսզի ռիսկերը նվազեցվեն: Սա քա՞յլ է, թե՞ քայլ չի մեր կողմից: Իսկ որտե՞ղ են իրենց կատարած քայլերը: Միայն վերջին տարում 2 մլրդ իրենց ներդրումներից չենք ընդունել, նորից շարունակում են ավելի շատ կորուստներ ունենալ, քան մեր սակագնում թույլատրված է, նորից շարունակում են ավելի շատ աշխատավարձ տալ, քան ընդունված է: Տեսնենք իրենք ի՞նչ քայլեր են անելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ստում է Բիբինը???? Դե չթանկացնեիք հոսանքը: Ստախոսի համար եք աշխատում…