Այսօր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հիմնավորումների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց. «Ձեր ներկայացրած թվերի հետ կապված հակասություն կա: ՀԷՑ-ը ձեզ դիմել է՝ 23.6 մլրդ դրամ փոխհատուցում ստանալու համար: Դուք անընդհատ խոսում եք 37 մլրդ դրամ պարտքի մասին: Բայց սակագնի փաթեթում նշվում է 23.4 մլրդ-ի մասին: Այս երեք թվերի տարբերությունը ինչո՞ւ է»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ կորուստներից հետաքրքրվեց՝ Դուք ահագին երկար ժամանակ հանձնաժողովի նախագահ եք, ի վերջո ՀԷՑ-ը կորուստները նվազեցնելու պարտավորություն ունի՞, թե՞ չունի, ասում եք՝ իրենց գործն է, բարեգործություն են արել, հիմա կորուստները նվազեցնելու վրա ինչքա՞ն ներդրում են արել. «Հլը դուք ասում եք՝ նորմատիվայինը սահմանված է 12 տոկոս, բայց եվրոպական երկրներում 4-5 տոկոս է, ո՞նց եք 12 տոկոս պլանավորել: Հետո ՀԷՑ-ը ՀՀ-ին էլեկտրաէներգիա մատակարարող միակ ընկերությունն է, մի օր բա որ հելնենք տեսնենք այս ընկերությունը չկա, գմփացել է՝ ֆինանսատնտեսական խնդիրների պատճառով, մենք ի՞նչ ենք անելու: Մենք արձագանքողի դերում ենք, իսկ իրենք «Լեքսուսներ» են վարձակալում: Ես ունեմ տեղեկություն, որ իրենք 84 թվի արտադրած «ԳԱԶ 53» մակնիշի մեքենայի նորոգման վրա միլիոնավոր դրամի գումարներ են ծախսում: Դե եթե իրենք սպասարկում են «ԳԱԶ 53»-ով, թող Բիբինն էլ «ԳԱԶ 24»-ով ման գա: Եթե մեր համակարգը սպասարկում են «ԳԱԶ 52»-ով, թող ինքն էլ «ԳԱԶ 24»-ով ման գա»:
Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «ՀԷՑ-ը կորուստները որպեսզի նվազեցնի, պետք է շատ լուրջ ներդրումներ անի: Պետք է կշեռքի նժարին դնենք եւ գնահատենք՝ ինչ բեռ է վերցնում եւ ինչ ենք շահում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ