Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ թերացման արդյունքում է ԵԽԽՎ-ն ոչ հայանպաստ դրույթներ ներառում փաստաթղթերում

Հունիս 12,2015 15:11

ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձան ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի կողմից Ղարաբաղն օկուպացնելու մասին հայտարարությանը և ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մեղքի բաժնին:

Levon ZurabyanՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ այս հարցում առաջին հերթին թերացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Նա վարել է այնպիսի անհեռատես ու ոչ կոմպետենտ քաղաքականություն, որը թույլ է տալիս ՀՀ-ն միջազգային հանրության աչքերում պատկերել որպես ագրեսոր: ԵԽԽՎ-ում այդ հայացքը ձևավորվեց 2005-ին՝ դեռ Քոչարյանի օրոք: Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ ոչ միայն նման բան չկար, այլև կային փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ միջազգային հանրությունն ընկալում է Ղարաբաղի հակամարտությունը որպես պայքար Ղարաբաղի ինքնորոշման համար, մինչդեռ 2005-ից սկսած փոխվեց ԵԽԽՎ աշխարհայացքը` այն ներկայացվում է որպես ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի խնդիր: Դա Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի վարած ոչ կոմպետենտ քաղաքականության հետևանքն է»:

Հարցին` անձամբ Լևոն Զուրաբյանն ի՞նչ է անում ԵԽԽՎ-ում, որպեսզի այդ կառույցում հայանպաստ որոշումներ կայացնեն, օրինակ` նշված հարցի վերաբերյալ ի՞նչ աշխատանքներ է տարել, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Կես տարի առաջ ես մանրամասն բացատրություն եմ տվել, թե ինչ սխալներ է կատարել ՀՀ իշխանությունը, ԱԳՆ-ն և պատվիրակությունը: Երբ բանաձևի մասին հարցն էր քննարկվում, ես պատվիրակության նիստին տվել եմ ճիշտ ռազմավարության իմ առաջարկները, որոնք մերժվել են: Ի վերջո, գլխավոր պատասխանատուն մեր դիվանագիտական ձախողումների՝ Սերժ Սարգսյանն է ու նրա վարած քաղաքականությունը»:

Vahan BabayanԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը արդարացավ, թե իրենք բավարար աշխատանքներ տանում են. Նաիրա Զոհրաբյանը երկու օր առաջ համազեկուցողների հետ քննարկմանն իր մտահոգությունն է հայտնել այդ առիթով: ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին էլ անելու են ամեն ինչ: Դառնալով քննադատություններին՝ ասաց. «Ամպագոռգոռ հայտարարություններից բացի, իրենց հարթակները հօգուտ ՀՀ-ի և ԼՂՀ-ի թող օգտագործեն, այլ ոչ թե մերկապարանոց հայտարարություններ անեն պատվիրակության անդամների վերաբերյալ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը փորձում է նմանատիպ բանաձևերի և արտահայտությունների միջոցով դիվիդենդներ հավաքել»:

Vahram BaghdasaryanՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի աշխատանքից դժգոհ չեն. «Աշխատել է իր և խմբակցության հնարավորությունների սահմանում»: Այնուհետև նշեց, թե հաջողված բանաձևեր էլ ենք ունեցել:

Երբ հարց հնչեց` արդյոք ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով հաջողված բանաձև երբևէ ունեցե՞լ ենք, պարոն Բաղդասարյանը հորդորեց չշտապել ու եզրահանգումներ չանել, քանի որ գործընթացը շարունակվում է. «Ղարաբաղի հետ կապված տրամադրությունները դեռ բացահայտված չեն, ու լրիվ լիարժեք չեն: Մենք հիմնվում ենք ավելի շատ Մինսկի խմբի կարծիքների վրա: Դեռ վաղ է խոսել դրա մասին, թե ով ավելի շուտ հաջողության կհասնի:

Մենք դեռ ժամանակ ունենք, և պետք չէ շտապողականություն ցուցաբերել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930