Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիսի 1-ից զինվորական կենսաթոշակները կբարձրանան

Հունիս 12,2015 14:47

«Այս տարվա հուլիսի 1-ից կառավարության համապատասխան որոշմամբ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար, հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 16 հազար դրամ, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը 1500 դրամ` գործող 1300 դրամի փոխարեն»,-այսօր այս մասին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը: Նա նշեց, որ հուլիսի 1-ից միջինը շուրջ 14%-ով կբարձրանա զինվորական կենսաթոշակների չափը:

Այն հարցին, թե ի՞նչ միջոցների հաշվին է բարձրացումները կայանալու, պարոն Սաիյանն ասաց, որ այս բարձրացումը նախատեսված է եղել դեռեւս 2015 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում: Սպայական անձնակազմի կենսաթոշակներ ծրագրով ամրագրված գումարները, ըստ Սմբատ Սաիյանի, թերեւս բավարար չեն այդ բարձրացումները հաստատելու համար եւ որոշակի տոկոս կֆինանսավորվի ներքին խնայողությունների հաշվին:

«Եթե խոսենք թվերով, 2015 թվականի պետբյուջեից սպայական անձնակազմի կենսաթոշակների վճարման համար նախատեսվել է շուրջ 20.9 միլիարդ դրամ, որից առաջին կիսամյակում փաստացի ծախսվել է 13 միլիարդ դրամը եւ եթե խոսում ենք շուրջ 15 տոկոս միջինացված բարձրացման մասին եւս, շուրջ 12 միլիարդ նախատեսվում է ծախսվել երկրորդ կիսամյակում, ինչը նշանակում է, որ 2015 թվականի տարեկան ծախսը կկազմի շուրջ 22 միլիարդ դրամ, որից 1 միլիարդի ֆինանսավորումը կկատարվի ներքին խնայողությունների հաշվին»,-նշեց պարոն Սաիյանը:

Սպայական անձնակազմի կենսաթոշակների ծրագրով, ըստ Սմբատ Սաիյանի, ֆինանսավորվում են այն անձինք, որոնք ծառայելով բանակում՝ որոշակի ժամանակահատված անցել են երկարամյա ծառայության կենսաթոշակի. «Հաշմանդամության կենսաթոշակներ` զինծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցողների կենսաթոշակներն են, ներառյալ այն ազատամարտիկները, որոնք հաշմանդամություն ունեն կամ այսօր գործող բանակում զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ունեցողները, նաեւ զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին: Ընդհանուր առմամբ գործ ունենք մոտ 26 հազար կենսաթոշակառուների հետ»,-ասաց պարոն Սաիյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930