Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բիբինի «լկտի» պահվածքն ու արհամարհական նամակը բարկացրել է ՀՀԿ-ին

Հունիս 12,2015 14:41

Այսօր ԱԺ-ում շատ սպասված հյուր էր Եվգենի Բիբինը՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը:

Սակայն Բիբինը հարկ չի համարել գալ խորհրդարան եւ պատասխանել պատգամավորների հարցերին:

Խորհրդարանում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ Բիբինին հրավիրել են, սակայն նա ինչ-ինչ պատճառներով չի եկել: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Բիբինի չգալը որակեց որպես լկտի պահվածք Հայաստանի օրենսդիր մարմնի հանդեպ: Նրա խոսքերով՝ Բիբինը կարողանում է ժամանակ գտնել ու գործակալություններին հարցազրույց տալ, բայց ԱԺ գալու ժամանակ չունի՞:

Այս առնչությամբ Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրեց՝ ՀՀԿ խմբակցության անդամները, երբ հանդիպում էին Բիբինի հետ ԱԺ-ում, Դուք լրագրողներից մեկուսացրեցիք Բիբինին՝ մեզ ասելով, որ լսումներին կգա, ինչ հարց ուզում եք՝ կտաք, հիմա ինչո՞ւ չկա նա, ո՞ւր է Բիբինը:  Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք շատ վա՛տ ենք ընդունում նրա պահվածքը: Երեւի այդ հարցապնդումներին չդիմացան: Ես չգիտեմ ինչն էր պատճառը: ՀՀԿ խմբակցության քննարկման ժամանակ եղել են շատ սուր հարցապնդումներ: Այսօր գրավոր դիմել է Բիբինը հանձնաժողովին, նաեւ ֆրակցիա է նամակ ուղարկել՝ պատճառաբանելով, որ իրենք իրենց ամբողջական կարծիքը տեղադրել են կայքում եւ նպատակահարմար չեն գտնում, որպեսզի ներկայանան: Մինչեւ այսօր առավոտյան չի եղել նման տեղեկություն, որ իրենք չեն գալու: Այսօր են նամակով դիմել»:

Մեր հարցին՝ սա արհամարհանք չէ՞ մեր պետության եւ օրենսդիր մարմնի նկատմամբ՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բնականաբար: Եվ մենք շատ վատ ենք ընդունում: Դա ավելի շատ իրենք ասելիք չունեն, իրենք պատասխան չունեն տալու: Մարդը եթե ունենում է ասելիք, կարող է բացահայտ նմանատիպ ամբիոնից ասել իրենց հիմնավորումները»:

Մեր հարցին՝ չարժե՞ դրա համար պատժել իրենց՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ինձ թվում է, որ իրենց սեփականատերը, իրենց կառույցը այս հարցը քննարկման կենթարկի: Մենք շատ բացահայտ ձեւով ուղարկել ենք հրավերները, բայց մարդիկ այդպես են նպատակահարմար գտել: Բնականաբար, հիմա կսկսեն լուտանքներ, դրա պատասխանը որեւէ ձեւով չի տրվելու, եւ հանրությունը կընդունի դա իրականություն: Եթե իրենք լինեին, պատասխաններ տային, կարող է դրանց մի մասը ընդունվեր: Ինչ վերաբերում է Բիբինին փախցնելուն, ես որեւէ ցանկություն չունեմ, նմանատիպ խնդիրներ լիներ՝ ես չէի հրավիրի: Ես մեծ դժվարությամբ պատրաստեցի, կազմակերպեցի այդ քննարկումը, որը շատ անկեղծ եղավ: Եթե ԶԼՄ-ներ լինեին, այդ 5- ժամյա խոսակցությունը չէր լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930