ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիան կթանկանա 6.93 դրամով: Նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ ՀԷՑ-ի ճոխ ծախսերը՝ ավտոմեքենաների ու շքեղ բնակարանները չեն ներառվում սակագնում:
Պարզվում է՝ Ռոբերտ Նազարյանին հունից հանել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հարցազրույցը. «Ինքը որեւէ կերպ չի տեսնում ընկերության սխալները»:
Բիբինն ասել է, որ Նազարյանի հանձնաժողովին, կառավարությանը, բազմաթիվ անգամ դիմել է խնդիրների մասին տեղեկացրել է, բայց կառավարությունը որեւէ միջոց չի ձեռնարկել առաջացած խնդիրների մասով. «Դուք՝ որպես գլխավոր տնօրեն, ինչի՞ չեք նշում այն մասին, թե դուք ինչ խնդիրներ ու թերացումներ ունեք, ի՞նչ եք պատրաստվում անել այս իրավիճակը շտկելու համար»: Նա ասաց, որ կուզեր Բիբինն այստեղ լիներ, որպեսզի այս ամենն ասեր նրան, քանի որ նրա հարցազրույցը բարկացրել է հայկական կողմին:
Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ էլ Բիբինը փորձել է ամբողջ մեղքը գցել արտադրող կայանների վրա ու չի անդրադարձել ընկերությունում առկա թերացումներին ու սխալ մենեջմենթին: «2007-2015 –ին ՀԷՑ-ը կատարել է 102 մլրդ դրամի ներդրում: Դա կոչված էր, որպեսզի կարողանանք հուսալի եւ անվտանգ էլեկտրաէներգիա մատակարարենք, լավացնենք սպասարկման որակը: Այդ ներդրումների կատարման արդյունքում 22 մլրդ դրամ մեր կողմից չի ընդունվել երկու պարզ պատճառով: Դրա առյուծի բաժինը պայմանավորված է եղել նրանով, որ ներդրումները կատարելիս նրանք ավելի բարձր գներով են գնումներ կատարել, քան այդ ժամանակվա շուկայական գները: Երկրորդ մասն այն է, որ ներդրումների արդյունքում ակնկալվող արդյունքները չստացանք»: Բայց, ըստ Նազարյանի, փաստն այն է, որ 2007-ից սկսած՝ տարեկան մինչեւ 1.5-2 տոկոսով կորուստներն ավելի բարձր են եղել, քան սակագնում ներառված տեխնոլոգիական կորուստներն են:
Կարդացեք նաև
Հաջորդ ճոխությունը, որ իրեն թուլ է տվել Բիբինը, աշխատավարձերն են: 2007 թվականից ամեն տարի 1 մլրդ դրամի չափով ՀԷՑ-ի աշխատավարձի ֆոնդն ավելացել է, եւ դա եղել է շահույթի հաշվին: 2007-ից մինչեւ այսօր 6 մլրդ 500 մլն դրամ ավելի աշխատավարձ է տրամադրել ընկերությունը, քան նախատեսված էր սակագնով:
Նազարյանի խոսքերով՝ «Հիմա կասեք՝ ի՞նչ է եղել, իրենց շահույթն է, ոնց ուզում են, թող տնօրինեն: Բայց, ցավոք, այդպես չէ: Իմ ասած թվերը լրջագույն թվեր են, որոնք եթե չլինեին, այսօր այս իրավիճակը չէր լինի»:
Հետո խորտակվող նավի նման ՀԷՑ-ը սկսել է կարճաժամկետ վարկեր վերցնել՝ բարձր տոկոսներով ու մտածել, որ իր ծախսերը նորմալ երեւույթ են: Արդյունքում՝ ընկերությունը դարձել է անվճարունակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ