«Այն ծայրահեղ ծանր վիճակի համար, որ ստեղծվել է էներգետիկ բնագավառում, գների թանկացման ու բարձրացման համար գլխավոր պատճառները կապված են կոռուպցիայի և թալանի հետ»,-ճեպազրույցների ժամին ՀՀ ԱԺ-ում իր խոսքն այսպես սկսեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա մեկ առ մեկ նշեց, թե ինչ գործոնների պատճառով է էլեկտրաէներգիան թանկանում: Նա քննադատեց կորուստները, վատնումներն ու մենաշնորհը այս ոլորտում: Պարոն Զուրաբյանը մանրամասնեց. «Մեր տնտեսական հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայն կորուստների հաղթահարման դեպքում կարելի էր երկու դրամով պակասեցնել էլեկտրաէներգիայի սակագինը»:
Մյուս պատճառը, ըստ Զուրաբյանի էներգետիկ բալանսն է. «ՀՀ-ում չգիտես ինչու ՋԷԿ-երի կողմից արտադրվող էլեկտրաէներգիան ավելի մեծ տոկոս է ստանում ՀԷԿ-երի և ատոմային էներգիայի հաշվին, որը շատ ավելի էժան է»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ՀԷՑ-ը կարող էր 7700 մարդու փոխարեն երկու անգամ ավելի քիչ աշխատակազմով կարող էր կատարել այն աշխատանքը, որը անում է: Այնուհետև վստահեցրեց, որ միայն դրա հաշվին աշխատավարձի ֆոնդը կրճատելով՝ էլեկտրաէներգիան երեք դրամով կէժանանար:
Կարդացեք նաև
Դեբիտորական պարտքերի կուտակման մասին խոսելով՝ պարոն Զուրաբյանը փաստական տվյալներ ներկայացրեց այն մասին,2011-2013-ին՝ ամբողջ նախընտրական շրջանում, կուտակվել են դեբիտորական պարտքեր քաղաքացիների նկատմամբ, որը հետո դուրս են գրել: Նա պարզաբանեց. «Հիմա, եթե հոսանքի վարձը չեք վճարում, անջատում են: Այն ժամանակ ասել են, չենք անջատի, եթե ընտրեք իշխող կուսակցության ներկայացուցչին: Հենց այս խոստումների պատճառով կուտակվել է երեք միլիարդ դրանի դեբիտորական պարտք, որի բացակայության դեպքում 0.7 դրամի էժանացում կլիներ»:
Այս համատեքստում նա քննադատեց կոռուպցիոն բարեգործության հարցը, ու օրինակ բերեց, որ վնասով աշխատող ՀԷՑ-ը Ջերմուկի սոցիալական զարգացման հիմնադրամի հաշվետվության համաձայն՝ նվիրաբերել է երեք հարյուր միլիոն դրամ՝ մեկ միլիոն դոլար. «ՀԷՑ-ը նման իրավունք չուներ: Սա կոռուպցիոն դրսևորում է»:
Պարոն Զուրաբյանը մի բացահայտում արեց ՀՀ նախագահի փեսա Միքայել Մինասյանի վերաբերյալ՝ նրան ներկայացնելով որպես Սան Մարինոյի հյուպատոս Հայաստանում: Նա նշեց. «Խտրականություն է դրվում տարբեր ՀԷԿ-երի միջև: Օրինակ՝ Ձորակերտի ՀԷԿ-ի մասին խոսեմ: Մինչև 2006-ը մոտ 12 դրամով էր վաճառում հոսանք, հետո կտրուկ գին է ընկնում՝ երեք դրամ: Չորս տարի գնում են ցածր գնով, ապացուցում են ոչ եկամտաբերությունը, որից հետո այդ ՀԷԿ-ը սեփականաշնորհում է մի ընկերություն, որը գրանցված է նույն տեղում, ինչ Սան Մարինոյի հյուպատոսը՝ Հայաստանում: Հուսով եմ հասկանում եք ում մասին է խոսքը»: Հարցին՝ ո՞ւմ նկատի ունի, պարոն Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Ու՞մ նկատի ունեմ, կարող է Պողոսին, ձեզ հայտնի Միքայել Մինասյանն է: Մենք գործ ունենք ակնհայտ կոռուպցիոն մի համակարգի հետ, որը ՀՀ քաղաքացիների և տնտեսության հերն ուղղակի անիծում է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ