Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել է Բոսնիայի եւ Հերցոգովինայի նախարարների խորհրդի ղեկավար Մլադեն Իվանիչին, որը Բաքու է այցելել մասնակցելու առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Trend» գործակալությունը:
Ալիեւը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի եւ Բոսնիայի ու Հերցոգովինայի երկկողմ հարաբերությունների մակարդակի մասին եւ ասել է, որ այդ կապերը ընդլայնելու լավ հնարավորություններ կան: Ադրբեջանի նախագահը նաեւ ասել է, որ առաջին Եվրոպական խաղերի շուրջ մեծ հետաքրքրություն կա եւ հաջողություն է մաղթել Բոսնիայի եւ Հերցոգովինայի մարզիկներին:
Իր հերթին Իվանիչն հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ Բոսնիայի եւ Հերցոգովինայի խորհրդարանական վեհաժողովը պաշտոնական փաստաթուղթ է ընդունել «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիայի եւ Խոջալուի ջարդերի մասին: Դա մի բանաձեւ է, որը ճանաչում եւ հարգանք է արտահայտում Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ