ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ի պատասխան հարցի՝ հնարավո՞ր է ՕԵԿ-ի նախագահն ինքը լինի, «Հայկական վերածնունդ» միավորման ստեղծումից հետո, որի ղեկավարը Արթուր Բաղդասարյանն է լինելու, ասաց. «Այն, որ համախմբում է տեղի ունենում, լուրջ ու լավ գաղափար է: Առաջիկա ընտրությունների ժամանակ ուզում ենք, որ համախմբումը բերի լուրջ հաջողություններ: ՕԵԿ-ն այս կուսակցություններից մեկն է, համախմբումը ոչ թե ՕԵԿ շուրջ է, այլ բոլոր քաղաքական ուժերի հետ միասնական: Այդ միավորումը հետո դառնալու է քաղաքական մեծ միավոր: Այնպես որ, ՕԵԿ-ին նոր նախագահ պետք չէ և ընդհանրապես պետք չէ»:
Հարցին՝ կուսակցությունը լուծարվելու՞ է, տիկին Բիշարյանը պատասխանեց. «Ասում եմ՝ աշնանն արդեն հանրագումարի կբերվի ողջ այս գործընթացը, երբ ավարտվի համախմբման գործընթացը և կմտածենք նոր քաղաքական միավորով հանդես գալու, Հայկական վերածննդի գաղափարը նոր քաղաքական մեծ միավոր դարձնելու համար է: Այնպես որ, ՕԵԿ նոր նախագահի փոփոխության խնդիր գոյություն չունի և չի էլ կարող տեղի ունենալ»:
Հարցին՝ իսկ երկրին նոր նախագահ պե՞տք է, տիկին Բիշարյանը պատասխանեց. «Այո, երկրի համար և′ նոր նախագահ, և′ նոր վարչապետ, և′ նոր ԱԺ նախագահ է պետք: Ընդհանրապես թարմ մոտեցումներ են պետք մեր ժողովրդին: Ընտրություններին պետք է դրա սկիզբը դրվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ