Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուամյա Լիայի մահվան գործով դատավճիռը կհրապարակվի, բժիշկները կրկին արդարացան

Հունիս 12,2015 12:43

Հունիսի 15-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով դատավճիռը: Այսօր՝ դատական վերջին նիստին, իր վերջին խոսքի հնարավորությունից օգտվեց երեխայի մահվան մեջ մեղադրվող բժիշկ Լիլիթ Վարդանյանը:

Նրա խոսքով, իմաստ չկա ինչ-որ բան կրկին պարզաբանել, քանի որ ընթացքում բոլորը տեսել են և բարձրաձայնվել են ապօրինի քայլերը. «Անիմաստ է ինչ-որ բան ասելը: Միեւնույնն է՝ ձեր որոշման վրա հաստատ չի ազդելու ու չեմ էլ ուզում որևէ կերպ ազդել ձեր որոշման վրա: Ինչ վերաբերում է, թե ես սխալ ախտորոշում եմ տվել երեխային, աշխարհի երեսին չկա այդպիսի գրականություն, որով դուք կարող եք ապացուցել, որ ես սխալ ախտորոշում եմ դրել: Ցանկացած դեպքերում հիվանդությունների բարդություններ կարող են զարգանալ ու կարող են օրերի ընթացքում զարգանալ, իսկ ախտորոշումը նշանակվել է նախնական, այն դրվում է օբյեկտիվ տվյալների հիման վրա: Իսկ մնացած հետազոտությունների կարիք ու անհրաժեշտություն… որևէ գրականություն աշխարհիս երեսին չկա, որ կարող է ապացուցել, որ ես ինչ-որ բան թերի եմ արել կամ սխալ եմ արել: Ամեն ինչ ճիշտ է արվել իմ կողմից: Ես որևէ բանում չեմ սխալվել, ես առաջին բուժօգնություն եմ ցույց տվել երեխային ու ստացել եմ դրական արդյունք»:

Մյուս ամբաստանյալ Զարինե Այվազյանն էլ ասաց՝ ավելացնելու ոչինչ չունի:

Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 2012 թվականի դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է եւ աղջնակը մահացել է:

Երեխայի հայր Գեորգի Միսակյանը կարծում է, որ դստեր մահվան պատճառը բժիշկների անփութությունն է եղել: Հոր պնդմամբ՝ բավարար ուշադրություն չեն դարձրել երեխայի վրա, ժամանակին ճիշտ ախտորոշում չի տրվել: Եթե երեխան հենց առաջին օրվանից լիներ բժիշկների հսկողության ներքո, ժամանակին քայլեր ձեռնարկվեին, ոչ թե ամեն թողնվեր ինքնահոսի, ողբերգությունը տեղի չէր ունենա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930