Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգախնայողությունը կչեզոքացնի հոսանքի թանկացման ազդեցությունը, եթե … «Ազգ»

Հունիս 12,2015 12:38

Խնդիրն այն է, որ էլեկտրական էներգիայի թանկացումից ավելի շատ տուժելու է այն խավը, որը նպաստառու չէ, բայց չունի բարձր եկամուտներ, գազի սակագնի մի մասի համար էլ փոխհատուցում չի ստանում պետությունից, իսկ եթե բնակարանն էլ ջեռուցվում է հոսանքով, ապա ուղղակի ծանր վիճակում է հայտնվում: Ունեւոր խավի վրա հոսանքի թանկացումը էապես չի ազդում, աղքատ խավին պետությունը փոխհատուցում է տրամադրում, իսկ ի՞նչ անի ոչ աղքատ, բայց ցածր եկամուտներ ունեցող այս խավը, որը մոտավոր հաշվարկներով բնակչության 25-30 տոկոսն է կազմում: Դժբախտաբար, կառավարությունը իրատեսական ոչինչ չի առաջարկում: Մինչդեռ, թե՛ այս խավին, թե՛ բնակչությանն ընդհանրապես, պետությունը կարող է օգնել` աջակցելով նրան էներգախնայողության հարցերում:

Մի քանի անգամ գրել ենք էներգախնայողության ազգային ծրագրի մասին` ընդունված Հայաստանի կառավարության կողմից դեռ 2007-ին, բայց թղթի վրա մնացած: Կրկնվենք` ծրագրի եզրակացության մեջ նշված է, որ Համաշխարհային բանկի 2008-ի ուսումնասիրության համաձայն, էներգախնայողությամբ Հայաստանը կարող է խնայել տարեկան 132 մլրդ դրամ, որը համարժեք է եղել այն ժամանակվա ՀՆԱ-ի գրեթե 5 տոկոսին:

Ըստ վերոնշյալ ծրագրի, ինչպես նաեւ փորձագետների միակարծիք եզրակացության,բնակելի եւ հանրային շենքերի արդյունավետ ջերմամեկուսացման միջոցով հնարավոր է կրճատել ջեռուցման համար էներգասպառումը առնվազն 20-40 տոկոսով: Եթե նկատի ունենանք, որ էլեկտրաէներգիայի սակագնի այս թանկացումը մոտ 17 տոկոս է, ապա նման ծրագիր իրականացնելու դեպքում, թանկացման բացասական ազդեցությունը բնակչության վրա ըստ էության կչեզոքացվի: Ծրագրում շեշտվում է, որ Հայաստանի շենքերի գերակշռող մասը կառուցվել է խորհրդային ժամանակներում` 35-60 տարի առաջ, առանց որեւէ էներգախնայողության: Այդ շենքերում Էներգիայի օգտագործումը մեկ քառակուսի մետրի վրա մոտ 3-5 անգամ բարձր է, քան Եվրոմիության երկրներում:

Կառավարությունը, բանկերի հետ համատեղ կարող է նաեւ այլ ծրագիր իրականացնել` համաֆինանսավորել բնակարանները եւ անհատական տները ջերմամեկուսացման եւ էներգախնայող կենցաղային տեխնիկայով փոխարինելու վարկերի տոկոսադրույքի մի մասը: Նման ծրագիր իրագործվում է գյուղվարկերի համար: Բնակարանների էներգաարդյունավետության բարձրացման նման ծրագրի տնտեսական արդյունավետությունը կասկած չի հարուցում: Սակայն, հերթական անգամ ընտրվել է միայն նպաստառուներին փոխհատուցման գումարներով խնդիրը լուծված համարելու տարբերակը: Ցավալի է, որ այս հարցը իշխանությունների առջեւ չեն բարձրացնում նաեւ քաղաքական ուժերը:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930