Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը՝ հոսանքի թանկացման վերաբերյալ լսումների մասին. «Մանանեխ ճաշից հետո»

Հունիս 12,2015 12:12

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ-ում ճեպազրույցի եկավ այսպիսի տրամադրությամբ. «Շնորհավորում եմ, որ քառօրյան ավարտվեց: Մի լավ կհանգստանաք, որ հետո այլ որակի իրադարձությունների ականատես լինեք: Մեկնարկելու են սահմանադրական բարեփոխումները, հանրաքվեն, հետո նախընտրական զարգացումներ: Դեռ ինչերի եք ականատես լինելու»:

Այնուհետև նշեց, թե ոչ պակաս հետաքրքիր իրադարձություն է սպասվում քիչ անց՝ նկատի ունենալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ լսումները՝ դրանք որակելով «մանանեխ ճաշից հետո»:

Դառնալով հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին նախաձեռնությունը, պարոն Վարդանյանը նշեց, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացից են բխում հանրաքվեի փոփոխությունները, ընդամենը օրենսդրության համապատասխանության համար է դա արվում: Դառնալով իրենց դեմ հնչած քննադատություններին՝ պարոն Վարդանյանն ասաց. «Կան մարդիկ, որոնք ամեն ինչ հիմա ու միանգամից են ուզում՝ պապից ավելի պապական մոտեցումներով»:

Անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստան-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սավելիևի հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող 7 տարածքները անմիջապես պետք է վերադարձվեն Ադրբեջանին, պարոն Վարդանյանը նախ կասկածի տակ դրեց ադրբեջանական կայքի հավաստիությունը, բայց հավելեց. «Եթե նման բան է ասել, ուղղակի մեզ էլ մնում է ասել՝ արի վերցրու, եթե կարող ես»:

Դառնալով ԵԽԽՎ բանաձեւի նախագծում ներառված այն դրույթին, թե Հայաստանը օկուպացրել է Ղարաբաղը, Աղվան Վարդանյանը նշեց, թե դա նորություն չէ, դա սկսել էր այն ժամանակ, երբ զեկույցի պատրաստման մասին հարց բարձրացվեց, ինչը հակազդեցության արժանացավ. «Վեհաժողովում ձևավորվել է ադրբեջանական լոբբիի ստվար զանգված, մի անգամ նման բան նրանք արեցին, բայց մեր պատվիրակությունը բոյկոտեց: Կարողացան տապալել, այժմ կարծես պրոբլեմներն ավելի շատ են: Մեր խելքն ու հնարավորությունները անսահմանափակ ուժի գործոններ չեն»:

Հարցին՝ յոթ շրջանների մասին հայտարարությունները ի՞նչ են նշանակում, պետք է վերադարձնե՞նք, պարոն Վարդանյանն ասաց. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը կլինի կամ համապարփակ լուծումներով, միակողմանի լուծումները բացառվում են»:

Հարցին՝ սա չի՞ նշանակում, որ մեր պատվիրակությունը ԵԽԽՎ-ում անարդյունավետ է աշխատում, ՀՅԴ խմբակցության պատգամավորը նշեց. «Հայկական պատվիրակությունն իր հնարավորությունների շրջանակներում աշխատում է: Եթե քննադատողները կարծում են, որ իրենք  նշանակվեն պատվիրակության անդամ՝ իրենց ընտանիքների անդամներով, հարյուր տոկոսով կփոխվեր իրավիճակը, սխալվում են: Կան մի  շարք գործոններ՝ ադրբեջանական լոբբին, աշխարհաքաղաքական գործոններ:  Եվրոպա-Արևմուտք հարաբերությունների ֆոնի վրա սա մի լրացուցիչ ազդակ է ադրբեջանական լոբբիի ուժեղացման: Քանի դեռ մենք կարողանում ենք պահպանել Մինսկի խմբի ձևաչափը, և դա կարող է փոփոխության ենթարկվել  լինել միայն բոլոր կողմերի համաձայնությամբ, որևէ լուրջ հետևանքներ նման բանաձևերը չեն կարող ունենալ: Բայց դրա դեմ պետք է պայքարել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930