Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես գրել վավերագրական ֆիլմի սցենար

Հունիս 12,2015 11:49

Մազերս բավականին աճել էին և որոշեցի գնալ վարսավիրանոց: Երբ տեղ հասա, տեսա մի փոքրիկ բազմություն, որը խռնվել էր վարսավիրանոցին հարող մայթի տարածքում: Ոչինչ չկանխազգալով, ես ներս մտա վարսավիրանոց, որտեղ ինձ ծանոթ տղամարդ վարսավիրը մեկի մազերն էր հարդարում: Բարևեցի ու հարցնում եմ.

-Վարպետ ջան, շատ հաճախորդ ունես հերթի±:

Իսկ նա անմիջապես չի պատասխանում, նայում է դրսում խռնված երիտասարդներին ու հաշվում.

-Մեկ , երկու, երեք, ներսինն էլ` չորս:

-Դե, լավ,-ասում եմ ես, նեղվելով,- հետո կգամ,-ու լքում եմ վարսավիրանոցի տարածքը:

Բայց տարվելով այլ գործերով և հիշելով, որ հաջորդ օրը վերջին զանգի օրն է ու այդ պատճառով էին այդքան երիտասարդներ հավաքվել իրենց մազերը կարգի բերելու, այդ օրը չգնացի վարսավիրանոց:

Հաջորդ օրը, երբ կրկին այցելեցի վարսավիրանոց ու ներս մտա, զարմացա: Ոչ ոք չկար վարսահարդարներից, իսկ այնտեղ տեր ու տնօրինություն անող հավաքարարը հաղորդեց.

-Արմանը դուրս է եկել, ասաց, որ կես ժամից կգա:

Դե, ես էլ հո չէի նստի ու կես ժամ սպասի: Դուրս եկա վարսավիրանոցից և մտածմունքի մեջ ընկա: Ի՞նչ անեմ այս կես ժամը, որ արագ անցնի: Աստիճաններով վեր բարձրացա դեպի նոր կարգավորված այգի տանող ճանապարհով: Նստարանները ներկված էին ու ներկի թարմ բուրմունքը տարածվել էր օդում: Ընտրեցի մի այնպիսի նստարան, որի ներկը արդեն չորացել էր և վրան էլ ստվեր էր գցել սաղարթախիտ մի ծառ: Նստեցի ու նայեցի ժամացույցին, թե ե±րբ է անցնելու այդ կես ժամը: Բայց հանկարծ դիմացովս մի ծերունի անցավ` նկատելով ինձ կանգնեց ու դիմեց ինձ.

-Ներողություն, կարելի՞ է ձեզ մի հարց տալ:

-Խնդրեմ,-ասում եմ ես, եթե կկարողանամ, հաճույքով կպատասխանեմ ձեր հարցին:

-Էն, որ ասում էին էլեկտրաէներգիայի գները բարձրացնելու են, բարձրացրի±ն:

-Դեռ ոչ,-ասում եմ ես, դեռ քննարկման փուլում է:

-Է,է~,-սրտնեղեց անծանոթը,-այդպես էլ մեր բանկերում եղած ավանդները չտվին: Արդեն 85 տարեկան եմ, հունվարից կանչում են, որ երկու հազար հինգ հարյուր ռուբլիս տան, այդպես էլ չեն տալիս:

-Հա’, դե լավ է, գոնե քեզ ասում են, որ կտան, ես էլ սոցապ նախարարություն եմ գրել, ասում են, դեռ դու փոքր ես, ընդամենը յոթանասունութ տարեկան, հլա հերթդ շուտ չի հասնի:

-Ախր, կինս էլ մահացավ, հլա մի հազար ռուբլի էլ նա ուներ,- բայց ասում են ժառանգներին չի հասնում, բա, այսպիսի բան կլինի,-նորից արձագանքում է տարեց տղամարդը:

-Դե, որ ասում են, ուրեմն այդպես էլ կանեն, շատ մի ընկճվիր, դեռ մեր հերոս Քաջ Նազարն էր ասում, աշխարհը սարսաղ եկել ա, սարսաղ էլ գնալու ա:

Երբ այս մասին ասում եմ նրան, հանկարծ մտածում եմ, որ վավերագրական ֆիլմի սցենար կարելի է գրել ու հենց այս մասում էլ ցուցադրել տարեց մարդու սրտնեղած դեմքը՝ խոշոր պլանով, իսկ հետո մի փոքր կադր ցուցադրել “Քաջ Նազար” ֆիլմից:

-Այ, մարդ, էս իմ ոսկորներն էլ շան լպստած կարծես լինեն, չեմ էլ մեռնում, պրծնեմ,-ասում է անծանոթը ու շարունակում ճանապարհը: (Պետք է ցուցադրել անծանոթին ետևից, դանդաղ հեռանալիս, մտամոլոր):

Մեկ էլ տեսնեմ դիմացովս մի երիտասարդ տղա է անցնում, ձեռին ներկի դույլը ու վրձինը: Նստարանն մեր ներկող տղան է:

-Տղա ջան, էս աղբամաններն էլ ներկի էլի, թող այգին սիրունանա, ափսոս են, փչանում են արևի տակ,-ասում եմ ես:

-Անպայման ներկելու եմ, բայց դրանց հերթը դեռ չի եկել,-ասում է ներկարար տղան ու հեռանում:

Կինոխցիկը թող մի քիչ երկար ցուցադրի ներկոտ շորերով տղային, հատկապես` հագուստի ներկոտ մասերը:

Տեսնես ե՞րբ է գալու աղբամանների ներկելու հերթը մտածում եմ ես ու հանկարծ աչքս ընկնում է դիմացի մասում բետոնյա ահռելի չափերով ծաղկամանին (խոշոր պլան), որի մի մասի ներկը թափվել է, իսկ մի մասում էլ ցեմենտած մասերն են դուրս ցցված: Ու նորից մտահոգվում եմ, բա սրա ներկելու հերթը ե՞րբ է գալու:

Դեռ այս մտածմունքից չեմ սթափվում, երբ կողքիս նստարանին է մոտենում մի պառավ կին: Ձեռքով զգուշորեն շոշափում է ներկած նստարանը` կարծելով, որ ներկը դեռ չի չորացել (ձեռքի քսելու մասը խոշորացնել, որ կնճիռները լավ երևան):

-Չոր է, մայրիկ,-ասում եմ ես,-կարող եք նստել: Բայց նա անորոշ հայացքով ինձ է նայում, գուցե լավ չի± լսում, բայց դժգոհող արտահայտություն է անում:

-Էս մեր ժողովուրդն էլ անշնորհք է, էս մարդիկ էսքան չարչարվում են, վերանորոգում, իսկ սրանք փչացնում են: Սրանքը ովքե±ր են, պարզ է: Մենք` բոլորս: Կրկին զգուշորեն շոշափում է նստարանի փայտերը, համոզվում, որ չոր են ու տնքալով նստում (մտազբաղ դեմքըª կնճիռներով ցուցադրել խոշոր պլանով): Բայց քիչ հետո ինչ որ բան է հիշում, դանդաղորեն վեր է կենում ու մանրաքայլ հեռանում այգու ճեմուղով (հեռավոր պլան, դանդաղ ընթացք):

Դիմացի ծառուղում երիտասարդ հեծանվորդներ են հայտնվում, չորս տղաներ արագ վարելով անցնում են դիմացովս ու հեռանում, իսկ հինգերորդը, որի հեծանիվը այնքան էլ շքեղ կառուցվածք չուներ (ցուցադրել հին մոդելի, քայքայված հեծանիվ), նայում է ինձ ու լեզու ցույց տալով սլանում: Բայց, ախր, ինչո՞ւ, որ մեղքիս համար, չեմ հասկանում:

Հանկարծ հեռվում հայտնվում է երկար ու թափանցիկ շրջազգեստով մի տիկին, նա այնպես հեզիկ ու նազիկ քայլվածքով է ճեմում, որ ակամա հայացքդ հառում էս նրա գեղեցիկ բարեմասնություններին (մոտիկից պետք է ցուցադրել, որ սցենարը գայթակղիչ լինի ֆիլմը դիտողի համար): Իսկ այս երիտասարդ զույգը անցնում է դիմացովս ու ես նկատում եմ, թե ինչքան կարճահասակ է այս օրիորդը, որ տասը սանտիմետրանոց կոշիկի կրունկներով (կոշիկները ցուցադրել խոշոր պլանով) էլի հասակով զիջում է իրեն թևանցուկ արած բարձրահասակ երիտասարդին (ցուցադրել հասակների տարբերությունը):

Գուցե կարճամետրաժ վավերագրական ֆիլմի համար գրածս սցենարը ընդհատեմ, մտածում եմ ես ու նայում ժամացույցիս, արդեն մեկ ժամ է անցել, երևի Արմանը հաստատ եկած կլինի և մազերս կհարդարի: Տեղիցս վեր եմ կենում ու այգու ճեմուղով դանդաղ քայլերով իջնում եմ դեպի մայթ: Բայց այստեղ հանկարծ նկատում եմ հեռավոր շրջաններից այգի բերված և ճեմուղու երկու կողքերին շարված մեր պատմության հնամյա շռայլ վկաներըª քարե արձանիկները: Ուշադրությամբ կարդում եմ դրանց կողքին ամրակայված մետաղյա գրությունները՝ ձիատապան, բերված է Արագածոտնի մարզի ինչ որ գյուղի գերեզմանոցից, խոյատապան՝ բերված Գեղամա լեռներից և մի շարք այդպիսի կենդանակերպ տապաններ, ապա՝ ձկնակերպ վիշապաքար, ցլակերպ վիշապաքար… Կանգ եմ առնում ու մտածում ֆիլմի սցենարը շարունակելու վրա, բա ո՜նց, չցուցադրենք այս պատմական հուշարձանները, բայց հետո փոշմանում եմ, թող մնա մյուս անգամ կշարունակեմ:

Այս պատկերները, իհարկե, պետք է ցուցադրել խոշորացված պլանով: Դուրս եմ գալիս այգուց, դիմացս հայտնվում է բենզալցակայանը, որը խանգարում է հազարավոր մարդկանց տեղաշարժը, վտանգելով նաև նրանց կյանքը ավտոմեքենաների անկանոն շարժումից, չնայած նրան, որ այստեղ և նկարահանող խցիկ է դրված և արագաչափ սարք: Մոտենում եմ վարսավիրանոցին: Իսկ Արմանը դրսում արդեն ինձ է սպասում: Երևի հավաքարարը նրան իմ մասին արդեն զգուշացրել էր:

Հ.Գ. Եթե իմ գրած սցենարի սկիզբը ձեզ դուր չեկավ, քանի որ ես արհեստավարժ սցենարիստ չեմ և ընդամենը ուսանողական տարիներին երկու ամիս հաճախել եմ սիրողական կինոօպերատորների դասընթացներին և արդեն շատ բան մոռացել եմ, դուք էլ փորձեք ձեր մտքում գրել կինոսցենարներ վավերագրական կամ գեղարվեստական ֆիլմերի համար, երբ որևէ մեկի հետ ժամադրվել եք և նա ուշանում է կամ ինչ որ պատճառով պետք է կես ժամ կամ ավելի պարապ սպասեք: Հավատացնում եմ, որ այդ ժամանակ ձեր պարապ ժամանակահատվածը արագ կանցնի և դուք չեք նյարդայնանա: Պարտադիր չէ, որ այդ սցենարը ֆիլմի վերածվի, կարևորը ժամանակը ճիշտ օգտագործելու մեխանիզմն է:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930