Լրահոս
Օրվա լրահոսը

Բիբինն անցել է շանտաժների՞

Հունիս 12,2015 16:10

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն անցել է մեղադրանքներին՝ ուղղված կառավարությանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ): ՀԷՑ-ն ինչ ներկայացրել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը, լրատվամիջոցներն ու տնտեսագետներն ուսումնասիրելով այն՝ բազմաթիվ չարաշահումներ, ուռճացված ծախսեր բացահայտեցին, բայց Բիբինը երեկ «Ռեգնում» եւ «Արմինֆո» լրատվական գործակալություններին տված հարցազրույցում պնդում է, որ ամեն ինչում մեղավոր են ՀՀ կառավարությունն ու ՀԾԿՀ-ն:

Բիբինն իր հարցազրույցում վստահեցնում է, որ 1-2 տարի առաջ մի քանի անգամ դիմել է կառավարությանը, որ Հայաստանի էներգահամակարգում լուրջ խնդիրներ կան, դրանք լուծել է պետք, սակայն մեր կառավարությունը որեւէ քայլ չի ձեռնարկել: Ըստ Բիբինի՝ այդ խնդիրներն ամենեւին էլ ՀԷՑ-ի մենեջմենթից չեն առաջացել, այլ ատոմակայանի երկարատեւ կանգառից, ՀԷԿ-երից, սակավաջրությունից, իսկ ՀԾԿՀ-ն այս հանգամանքները հաշվի չի առել, ուստի ՀԷՑ-ը նախապես ծրագրած 37.6 միլիարդ դրամ եկամուտը չի ստացել:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի իրենց ուղղված Բիբինի մեղադրանքներին, ՀԾԿՀ-ից պատասխանեցին, որ իրենց պաշտոնական պատասխանը տեղադրված է հանձնաժողովի կայքում՝ հունիսի 17-ին կայանալիք նիստի որոշման նախագծում: Այսինքն՝ հանձնաժողովը ՀԷՑ-ի ներկայացրած հոսանքի գինը 17 դրամով բարձրացնելը մերժել է եւ գտել է, որ այն պետք է 7 դրամով բարձրանա:

Ընդ որում, հանձնաժողովն «Առավոտին» նաեւ ասաց. «Ընկերության ներկայացրած հայտը որեւէ աղերս չունի պարոն Բիբինի՝ «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցի հետ, որում ՀԷՑ-ի ղեկավարությունը կրկին շրջանցել է մենեջմենթի արդյունքում առաջացած խնդիրները»:

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անդրադառնալով Բիբինի՝ հարցազրույցում ներկայացրած հիմնավորումներին՝ ասաց. «Մինչեւ Բիբինի պատասխանը՝ պաշտոնյաները, իշխանության ներկայացուցիչներն իրենք իրենց հիմնավորումներն էին տալիս, թե ինչու է ՀԷՑ-ը հայտնվել այս վիճակում, եւ էներգետիկ համակարգում ինչո՞ւ են խնդիրներ առաջացել. շեշտադրումները հիմնականում այն էին, որ 2 տարի անընդմեջ ոչ բարենպաստ տարի է եղել, ատոմակայան է կանգնել, սակավաջրություն է եղել եւ այլն, իսկ հիմա Բիբինն էլ դրանք օգտագործում է»:

Խաչատրյանն ասաց՝ խնդիրն այն է, որ տարիներ շարունակ հատկապես ՀԷՑ-ն ու էներգետիկ համակարգի առանձին ձեռնարկություններ լուրջ խնդիրներ են ունեցել, ու դրանք լուծելու փոխարեն՝ անընդհատ այդ խնդիրները ծածկվել են, այսօր երեւի բանը բանից անցել է, ու լուծումների կարիք կա, իսկ լուծումները ցավալի են լինելու. «Որովհետեւ ամեն մի կազմակերպություն՝ ելնելով այն հայտերից, որոնք ներկայացրել են, խոսում է այն մասին, որ այդ կազմակերպություններն իրենց հաշիվ չեն տալիս, թե որ երկրում են ապրում: Օրինակ՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» գրում է, որ իր աշխատողներին պետք է բժշկական 100%-անոց ապահովագրում անի, պետք է իդեալական պայմաններ ստեղծի իր կազմակերպության համար: Կարծես ՀՀ քաղաքացիները չեն ուզում այդ կյանքով ապրել: Բայց մենք ապրում ենք այն հնարավորություններով, որոնք ունենք՝ 100%-անոց ապահովագրություն չունենք, անհրաժեշտ ծավալի սոցիալական նպաստներ ու թոշակներ չունենք եւ այլն: Իմ գնահատմամբ՝ սա շանտաժ էր, մարտահրավեր իշխանությանը՝ էներգետիկ համակարգի կողմից: Իսկ պատճառը հենց իշխանությունն է, ինքն է թույլ տվել, որ այդ համակարգը տարիներ շարունակ չարաշահելով իր դիրքը՝ ֆինանսական լուրջ խնդիրների մեջ հայտնվի»:

Տնտեսագետի խոսքով՝ ՀԷՑ-ը 3 տարի իր ֆինանսական հաշվետվությունը դրականի փոխարեն փակում է բացասական հաշվեկշռով, եւ այս 3 տարիներին հանձնաժողովը չի ասել՝ այս ի՞նչ է կատարվում ձեր մոտ, ինչո՞ւ են ձեր դեբիտորական պարտքերը մեծանում, ո՞նց է լինում, որ ձեր մոտ ընթացիկ ձեր պարտավորություններն ընթացիկ ակտիվների նկատմամբ գերազանցում են, ո՞նց է լինում, որ 8-12-ով կոմերցիոն վարկեր ես վերցնում, եւ սա այն դեպքում, երբ ՀԷՑ-ին ամեն ինչ տրված է՝ ծախսերը, շահույթը, կորստի նորմատիվը (որը միջազգային չափանիշներից կրկնակի բարձր է Ն. Բ.), չեն ասել՝ այս պայմաններով դու պիտի բավականին լավ ֆինանսական վիճակում լինեիր, ՀԷՑ. «Սեփական խնդիրները չընդունելը դարձել է աշխատաոճ, դիրքորոշում, ուստի Բիբինն իր հարցազրույցում ոչ մի ձեւով չի անդրադարձել դրանց: Ինքը չի անդրադարձել ինձ համար եւ ընդհանրապես՝ տնտեսագիտորեն անհասկանալի այն հանգամանքին, որ ինչ-որ թվաքանակ է ապահովում՝ 8700 մարդ, հետո՝ կորուստների վերաբերյալ բացատրությունը տնտեսական հիմնավորում չունի: Բիբինն ասում է՝ ռուսական ընկերությունն ինչո՞ւ պետք է գա այստեղ ռեսուրսներ ներդնի: Ներեցեք, բա ո՞վ պետք է ներդնի, երբ ձեր միջոցները դուք տանում եք ռուսական մայր ընկերությանը՝ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ին»:

Խաչատրյանը նկատեց, որ այս տարվա հաշվետվությամբ ՀԷՑ-ն 1-ին եռամսյակում 5.7 միլիարդ ռուբլու եկամուտ է ստացել, որը դրական է անդրադարձել նաեւ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ի վրա. «Իրենք գրում են, որ դա կուրսի տարբերության հետեւանքով է առաջացել, քանի որ ռուսական ռուբլին ավելի է արժեզրկվել, քան դրամը: Իսկ մեզ, որպես հիմնավորում, Բիբինն ասում է՝ դրամի արժեզրկումը բացասաբար է ազդել իրենց ֆինանսական վիճակի վրա: Մանիպուլյացիաներ են անում: Քիչ է մնում բնակչությանն էլ մեղադրեն՝ այն դեպքում, երբ մենք 100%-ով վճարում ենք, ու դեռ ասում են՝ պիտի գոհ լինեք, որ մենք աշխատում ենք: Այդ մարդիկ իրականությունից կտրվել են»:

Խաչատրյանն ասում է, որ իր գործընկերների հետ երեկ ընդամենը 2 ժամվա ընթացքում պարզ հաշվարկներ են կատարել եւ կարողացել են գտնել 41,85 դրամ սակագնում այն մասերը, որտեղ կարելի է իջեցնել հոսանքի գինը. «Այդ 7 դրամն էլ արդարացված չէ: Եթե մի ապրանքի նկատմամբ պահանջարկը պակասում է, գինը ոչ թե պետք է բարձրանա, այլ իջնի: Հիմա եթե հոսանքը թանկացնեն, մեզ մոտ պահանջարկը պակասելու է, ինչպես եղավ նախորդ թանկացման ժամանակ, եկող տարի համակարգը քանդվելու է, 7 դրամ թանկացումից հետո իրենց ֆինանսական վիճակն ավելի է վատանալու, սպառումը նվազելու է»:

Բիբինը հարցազրույցում նաեւ նշել է, որ 11 տարի էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար չի փոփոխվել, չնայած որ գոնե փոխարժեքի փոփոխության արդյունքում էլեկտրաէներգիայի մատակարարման ծախսերն ավելացել են:
Այս առնչությամբ էլ Խաչատրյանն ասաց. «Ինքը մոռանում է նշել, որ այն ժամանակ սակագնի հաշվարկման մեթոդիկայի մեջ մեծ դեր ուներ արտարժույթը, եւ 2003-2004 թվականներից սկսած միանգամից դոլարն արժեզրկվեց՝ հասավ մինչեւ 300 դրամի: Այդ դեպքում ինչու իրենք չէին իջեցնում սակագինը՝ 25-ից դարձնում 20 դրամ: Իսկ երբ 2009-ից սկսած դոլարը սկսեց արժեւորվել, սակագինն էլ բարձրացավ. 6-7 տարվա մեջ էլեկտրաէներգիայի գինը բարձրացել է 98% տոկոսով: Հիմա ուզում են 48,7 դրամ դարձնել: Այս ընթացքում ի՞նչ է, մեր աշխատավարձե՞րն են 98%-ով բարձրացել, թե՞ մեր եկամուտները, թոշակները, նպաստները»:

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը, անդրադառնալով պարտքերին, նշել է, որ սպառողների ընդհանուր պարտքը կազմում է 9.8 միլիարդ դրամ, եւ ամենալուրջ խնդիրը «Նաիրիտի», «Վանաձորի Քիմպրոմի» 2.5 միլիարդ դրամ պարտքն է, ՀԷՑ-ի խոշոր պարտապաններից է նաեւ «Գլենդել Հիլզը», ընդհանուր պարտքի 30%-ը բնակիչներինն է:
Մեր այն հարցին՝ ինչո՞ւ է հիմա Բիբինը հիշեցնում «Նաիրիտի» եւ «Քիմպրոմի» պարտքերի մասին, ինչո՞ւ ավելի վաղ չէր այդ մասին բարձրաձայնում, պարոն Խաչատրյանն ասաց՝ ըստ երեւույթին, կառավարության եւ ՀԷՑ-ի միջեւ պայմանավորվածություն է եղել, եւ եթե նորմալ շուկայական հարաբերություններ լինեին, օրենքով շարժվեին, ՀԷՑ-ը պիտի վաղուց այդ գործարաններին դատի տար՝ իր պարտքը ստանալու համար. «Ու եթե օրենքով շարժվեին, այս խոսակցություններն էլ չէին լինի, «Նաիրիտի» նաեւ աշխատավարձերի պարտքերը չէին լինի: Ու եթե դիտարկենք ժամանակաշրջանը, ապա դրանք նախընտրական էին»:

Խաչատրյանն ասաց, որ Բիբինն իր հարցազրույցով պատրաստվեց ԱԺ լսումներին, եւ հարցերի այն մասը, որ պիտի իրեն ուղղեին, ինքը շեշտադրումները փոխեց, ու այդ հարցերը կուղղվեն կառավարությանն ու ՀԾԿՀ նախագահ Նազարյանին, թե՝ ինչո՞ւ քայլեր չեք ձեռնարկել էներգահամակարգի վիճակը բարելավելու համար. «Ի վերջո՝ ՀԷՑ-ի հայտում ես չեմ տեսել ցանկություն, որ ուզում են կամ փորձում են իրենց ծախսերի արդյունավետությունը բարձրացնել: Ես տեսել եմ, որ Բիբինն ուղղակի շանտաժ է անում ՀՀ քաղաքացիներին, պետությանը եւ իշխանությանը, որ գիտեք ի՞նչ կա՝ ուզո՞ւմ եք հոսանք տամ, ծախսերս այսքան են: Սա անընդունելի է»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930