«Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնն ամփոփեց արդյունքները:
«Մեկ տանիքի ներքո» խորագիրը կրող փառատոնի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ հունիսի 11-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում:
«Հիանալի երիտասարդություն ունենք, հիանալի սերունդ»,- ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Էրիկ Բարսեղյանը:
Նրա կարծիքով, «Արտ ֆեստ»-ն այս տարի հիանալի էր կազմակերպված բոլոր առումներով: «Մասնակիցների առատությունը ցույց է տալիս, որ փառատոնը հայաստանյան մշակութային կյանքում դարձել է սիրված ու սպասված տոն»,- հավելեց փառատոնի տնօրենը:
Կարդացեք նաև
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ևս ուշադրություն հրավիրեց մասնակիցների՝ տարեցտարի աճող թվի վրա. «Մեր նպատակն է մշակութաստեղծ երիտասարդության լայն զանգվածներին խրախուսել, նրանց հարթակներ տրամադրել ու տեսնել՝ ինչ կարող են անել նրանք: Հենց այսպիսի փառատոներում են ձևավորվում մեր ապագա վարպետները»,- ընդգծեց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ ավելի քան 300 երիտասարդ ստեղծագործողներ մայիսի 11-ից հունիսի 11-ը ներկայացրին արվեստի տարբեր ուղղություններ՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, երգարվեստ և այլն:
Ամփոփելով մեկամսյա աշխատանքները՝ «Հագուստի մոդելավորում» անվանակարգում գլխավոր՝ Ոսկե մրցանակը հանձնվեց Ժոզեֆինա Մուսախանյանին՝ «Քարահունջի քրմուհիները» հավաքածուի համար: «Երգարվեստ» անվանակարգում Ոսկե մրցանակակիրն Աննա Ղազարյանն էր: Լավագույն դերասաններ ճանաչվեցին Վահան Միրաքյանն ու Սամվել Թադևոսյանը: «Թատերարվեստ» անվանակարգում Ոսկե մրցանակը տրվեց Միլենա Ավանեսյանին: Լավագույն բեմադրության համար Ոսկե մրցանակներ ստացան Նարինե Գրիգորյանը և Արման Նավասարդյանը: Արմեն Մազմանյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ բեմադրիչ Դավիթ Հարությունյանը: «Կինոարվեստ» անվանակարգում Ոսկե մրցանակներ ստացան Անդրանիկ Հարությունյանը և Արեն Մաղաքյանը: «Լուսանկարչություն» անվանակարգում Ոսկե մրցանակը հանձնվեց Արմինե Եփրեմյանին: «Գրաֆիկա» անվանակարգում Ոսկե մրցանակակիրը Յոնա Գևորգյանն էր: «Դեկորատիվ կիրառական արվեստ» անվանակարգում հաղթեց Արմեն Հակոբյանը, «Դիզայն» անվանակարգում՝ Սոնա Թարխանյանը: Իսկ «Կերպարվեստ» անվանակարգում առաջին մրցանակ չշնորհվեց:
Բացի Ոսկե մրցանակներից, հանձնվեցին նաև մի քանի տասնյակ այլ՝ արծաթե, բրոնզե և հատուկ մրցանակներ:
Հավելենք, որ «Արտ ֆեստ» փառատոնը նպատակ ունի խթանելու երիտասարդական ստեղծագործական մթնոլորտի զարգացումը, ընդլայնելու մասնագիտական համագործակցության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործելու երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, բացահայտելու նոր անուններ և տարվա ստեղծագործական ձեռքբերումները:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ