Հայաստանի Հանրային խորհուրդն այսուհետ կանդամակցի Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների միությանը (UCESIF):
Որոշումը կայացվել է ս.թ. հունիսի 11-ին՝ Մարոկկոյի թագավորության մայրաքաղաքում՝ Ռաբաթում, միության համագումարի ժամանակ:
Հունիսի 11-12-ն անցկացվող համագումարին մասնակցում է նաև ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որը մինչ միությանը ՀԽ անդամակցության որոշման ընդունումը, հանդես է եկել ելույթով, ներկայացրել ՀԽ գործունեությունն ու նպատակները. այն է՝ հասարակության տարբեր շերտերի, ինչպես նաև հասարակության և իշխանությունների միջև ստեղծել երկխոսության հանրային հարթակ:
ՀԽ ղեկավարն ընդգծել է, որ Հանրային խորհուրդն իր գործունեության ընթացքում ուսումնասիրել է բազմաթիվ հարցեր՝ կապված Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացի, կրթության, առողջապահության ոլորտների հետ:
Կարդացեք նաև
Նա կարևորել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների միությանը՝ նշելով, որ ՀԽ-ն ամբողջությամբ կիսում է այն բոլոր սկզբունքները, որոնք ընկած են միության գործունեության հիմքում:
Վազգեն Մանուկյանն իր ելույթում նաև շեշտել է, որ Հայաստանն այս պահին հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, Հայաստանի շատ քաղաքներ ներգրավված են Ֆրանկոֆոն քաղաքների միջազգային ասոցիացիայի աշխատանքներին, Հայաստանի 5 համալսարաններ ներգրավված են Ֆրանկոֆոն երկրների համալսարանների ասոցիացիայի կազմում, Հայաստանի խորհրդարանը հանդիսանում է Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանների ասոցիացիայի անդամ, ուստի Հայաստանի Հանրային խորհրդի ցանկությունը՝ ներգրավվելու Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների միության կազմում, այդ ողջ գործընթացի տրամաբանական շարունակությունն է:
Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 6-ից 7-ը Աթենքում կայացել էր Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների միության վարչության նիստ, որին մասնակցում էր նաև ՀԽ պատվիրակությունը: Նիստին Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի գլխավոր քարտուղար Ապոստոլոս Քսիրաֆիսի կողմից առաջարկվել էր քննարկել այդ կառույցին ՀՀ Հանրային խորհրդի անդամակցության հարցը՝ հաշվի առնելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և դրա գործընկեր կառույցների գործունեությանը:
Վարչության անդամները ողջունել էին առաջարկը՝ որոշելով երաշխավորել ՀԽ անդամակցությունը:
2010 թվականից ՀՀ Հանրային խորհուրդը հանդիսանում է նաև Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ: Ասոցիացիայի կազմում ընդգրկված է 67 երկրի 70 հանրային խորհուրդ:
ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու
Անի Գասպարյան