Լրահոս
Օրվա լրահոսը

Մի հողակտորի պատմություն

Հունիս 12,2015 10:34

2015թ. հունիսի 10-ին Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ, երբ Արցախի վարչապետը պատգամավորներին էր ներկայացնում 2015-17թթ. գործունեության ծրագիրը, ես հարց ուղղեցի նրան գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճի մասին, խոսելով գյուղացու մոտիվացիայի մասին և որպեսզի հարցս ավելի պատկերավոր լինի կոնկրետ օրինակ բերեցի Ուղտասար գյուղից, որի համայնքային հողերի մի մասը վարչապետը վարձակալում է: Արայիկ Հարությունյանը կտրականապես հերքեց, որ ինքը համայնքային հողեր է վարձակալում: Սակայն համայնքի կողմից տրված խոշոր հող վարձակալողների ցանկն այլ բան էր հուշում. վարչապետը նշված համայնքում 135 հա-ից ավելի հող է մշակում: Որևէ օրենք չի խանգարում նրան հող վարձակալել, այդ թվում՝ համայնքային հողեր: Ուղղակի մենք գտնում ենք, որ համայնքային հողերը առաջնահերթ պետք է տրվեն համայնքի բնակիչներին, խոշոր հողատերերի կողմից այդ հողերի երկարաժամկետ վարձակալությունը պետք է բացառվի: Եթե մենք ուզում ենք, որ Արցախի փոքրիկ գյուղերն ընդլայնվեն առնվազն այս տարրական սկզբունքը պետք է պահպանենք: Ուղտասարը հիանալի վայր է գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, բնակիչները մասնագիտացած են այգեգործության և բանջարաբոստանային կուլտուրաների մշակման մեջ: Գյուղատնտեսությունը զգալի եկամուտներ է ապահովում բնակիչներին, հատկապես բարենպաստ տարիներին: Վստահ եմ, որ գյուղը 250 բնակչից արագորեն կարող է դառնալ 1000-ոց համայնք (Արցախի 250 գյուղական համայնքներից միայն 10-ի բնակչությունն է 1000-ից ավելի): Գյուղն ընդլայնվելու հսկայական ներուժ ունի, թե՛ երիտասարդների նոր ընտանիքներ կազմելու շնորհիվ, թե՛ այդտեղ տեղափոխվել ցանկացող ընտանիքների հաշվին:

Երբ արդեն հրապարակված էր Ուղտասարի համայնքային հողեր վարձակալողների ցանկը, Ա.Հարությունյանը լրագրողներին պարզաբանել էր, որ այդ հողերն ինքն վաղուց է վարձակալել, երբ դրանք դեռևս պետական պահուստային հողեր էին, կատարել է ներդրում հողերի որակը բարձրացնելու համար, չի թաքցրել իր ստացվող եկամուտները: Սրանք պատասխաններ էին, որոնք ոչ մի կերպ չեն արդարացնում հունիսի 10-ին վարչապետի կողմից Ազգային ժողովին կեղծ տեղեկություն տալն այն մասին, որ ինքն Ուղտասարում համայնքային հող չի վարձակալում: Ի վերջո ես չէի հարցրել ինչու՞ ես թաքցնում եկամուտներդ կամ ինչու՞ ներդրում չես արել: Ես ընդամենը հարցրել էի, թե ի՞նչ մոտիվացիա ունենա գյուղացին հող մշակելու, երբ ցանկանում է մեկ հա լրացուցիչ մշակել, չի կարողանում, բայց դու հարյուրավոր հեկտարներ այդ նույն համայնքային հողերից մշակում ես:

Կարելի է ենթադրել, որ վարչապետը շփոթել է իր կողմից վարձակալվող հողերի պատկանելիությունը: Ի վերջո իր կողմից վարձակալվող համայնքային հողերը 5 տարի առաջ պետական պահուստային հողեր էին: Մյուս կողմից վարչապետն այնքան շատ հող է վարձակալում, որ միգուցե բանավոր չի հիշում որտեղ է վարձակալում:

Իշխանություններին սպասարկող արցախյան լրատվամիջոցները, այդ թվում նաև մի կիսաբլոգերային կայք, որի հոդվածագիրները ակնհայտ ատելություն, զրպարտանք և հայհոյանք էն թափում մեր կուսակցության գլխին ընտրությունների ժամանակ, միջադեպը ներկայացրին որպես «բարի» վարչապետի հաղթանակը «չար» ուժերի դեմ: Մենք երբեք էլ չենք կասածել, թե ովքեր են ուղղորդում «Ազգային վերածնունդ» կուսակցության դեմ ատելության քարոզարշավը, որն ակտիվորեն ընթանում է սոցիալական ցանցերում: Այս միջադեպը կրկին վեր հանեց պատվիրատուներին: Հունիսի 10-ի իմ հարցին, ապա ելույթին վարչապետի պատասխանը խիստ թշնամական էր, էմոցիոնալ և ոչ փաստարկված: Այնինչ ես կետ առ կետ ներկայացրի կառավարության գործունեության ծրագրի վերաբերյալ իմ մտավախությունները՝ հիմնավորված թվերով և այլ փաստարկներով: Ա.Հարությունյանի պատասխանը զուրկ էր փաստարկներից, ոճն էլ այսպիսին էր «կյանքում մեկ ծառ չտնկած մարդը չպետք է տնտեսությունից խոսի, աշխատավարձդ բարձր է, դու էլ հողագործությամբ զբաղվիր» և այլն: Դրան նախորդել էր մեծամասնության խմբակցության ղեկավարի ելույթը, ով ափսոսանք էր հայտնել Ազգային ժողովի ամբողջովին պրոֆեսիոնալ դառնալու համար (մինչև 2015թ. մայիսյան ընտրություններն Ազգային ժողովը մշտական հիմունքներով չէր գործում, կոպիտ ասած՝ աշխատավարձ ստանում էին միայն ԱԺ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնողները): Կարծես թե որ աշխատավարձ չստանայի, հարց չէի տալու կամ ելույթ չէի ունենալու:

Մի խոսքով, այս միջադեպը ցույց է տալիս, որ երկրի վարչապետն ի վիճակի չի լինել բոլորի վարչապետը, ինքը լինելու է իր թիմի, լավագույն դեպքում՝ իր ընտրողների վարչապետը: Չնայած դեռ ժամանակ կա, իսկ ժամանակն ամենամեծ կապիտալն է:

 

Հայկ Խանումյան

Արցախի Հանրապետության

Ազգային ժողովի պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930