Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱՆՁՆԱԿԱՆ

Հունիս 12,2015 10:24

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ հիսուներկուերորդ

ԱՆԱՆՁՆԱԿԱՆ

եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու քմծիծաղով Չուգունին հարցրեց՝ «որ Տերյանից ուժեղ ես գրում, էլ ինչի՞ էիր էն խեղճ Հրաչին նախանձում», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես Հրաչին չեմ նախանձել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «եթե նախանձել էլ եմ, ոչ թե իրա գրելուն եմ նախանձել, այլ՝ հաջողությանը», եւ Խչեյանը Չուգունին զարմացած հարցրեց՝ «խեղճն ի՞նչ հաջողություն ա ունեցել», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համ «Գարունում» տպագրվեց, համ էլ՝ «Գրական թերթում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Հովհաննեսի օգնությամբ ու միջնորդությամբ», եւ Հովհաննեսը քմծիծաղով Չուգունին ասաց՝ «բա էն վախտ ասում էիր՝ Անժիկի ու Համո Սահակիչի պարկետները խփել ա, դրա համար են տպել», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մոմենտն էլ կար», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սկզբում տպագրել են, հետո նոր ա պարկետները խփել», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու Հովհաննեսին ասաց՝ «ամենասկզբում քո բարեխոսությունն ա էղել», եւ Խչեյանը ժպտալով Չուգունին հարցրեց՝ «որ Տերյանից ուժեղ ես, բա ինչի՞ Հովհաննեսը  քո համար չի բարեխոսել», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու Խչեյանին ասաց՝ «էդ արդեն Հովհաննեսին պիտի հարցնես», եւ Խչեյանը Հովհաննեսին հարցրեց՝ «ինչի՞ չես բարեխոսել», եւ Հովհաննեսը ժպտալով Խչեյանին ասաց՝ «որ իմանայի Տերյանից ուժեղ ա, հաստատ կբարեխոսեի», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու Հովհաննեսին ասաց՝ «դու իմ գրածները հեչ կարգին չես էլ կարդացել. որտեղի՞ց պիտի իմանայիր՝ Տերյանից ուժեղ եմ, թե՝ թույլ», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամենաքիչը մի քսան հատ կարդացել եմ», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրանք շատ հին գործեր էին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նորերը սավսեմ ուրիշ են», եւ Հովհաննեսն ասաց՝ «նորերը չես տվել», եւ Չուգունն ասաց՝ «որ չես ուզել, հո զոռով չէի տա», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էն հներն ուզել էի՞, որ տվել էիր», եւ Չուգունը բավական երկար մտածեց ու Հովհաննեսին ասաց՝ «համենայն դեպս, մի քանի անգամ նամյոկ արել ես», եւ Հովհաննեսը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ նամյոկ եմ արել», եւ Չուգունն ասաց՝ «մի քանի անգամ ասել ես, որ գործերս բերեմ՝ նայես» եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բայց ես որտեղի՞ց գիտեի, որ բանաստեղծություններ ես գրում», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու ուզեցիր, ես էլ բերեցի», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վատ բանաստեղծություններ չէին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի քանիսը նույնիսկ լավն էին», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «դրանք էրեխա վախտ եմ գրել», եւ Հովհաննեսն ասաց՝ «բայց հեչ չէիր ասի, որ էրեխի գրած են», եւ Չուգունն ասաց՝ «էրեխա որ ասում եմ, պատանի տարիքս նկատի ունեմ», եւ Խչեյանն ասաց՝ «Տերյանն իրա հանճարեղ գործերի զգալի մասը պատանի տարիքում ա գրել», եւ  Չուգունը մի քիչ մտածեց  ու ասաց՝ «Դուրյանն էլ ա պատանի հասակում հանճարեղ գրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց իմ լավագույն գործերն էս վերջին շրջանի գործերս են», եւ Հովհաննեսը ժպտալով հարցրեց՝ «վերջին շրջանի գործերդ որո՞նք են», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հասունությանս շրջանի գործերը նկատի ունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս թազեքը սավսեմ ուրիշ են», եւ Խչեյանը ժպտալով Հովհաննեսին ասաց՝ «էն հները տհասության շրջանում ա գրել», եւ Հովհաննեսը փռթկացնելով Չուգունին ասաց՝ «փաստորեն, ես տհասությանդ շրջանում գրածներդ եմ կարդացել», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու Հովհաննեսին ասաց՝ «ես լուրջ բան եմ ասում, դու ձեռ ես առնում», եւ Խչեյանը Չուգունին ասաց՝ «ինքը ոչ թե ձեռ ա առնում, այլ քո ասածն ա կրկնում», եւ Չուգունը թարս նայեց Խչեյանին ու ասաց՝ «ինքը ոչ թե իմ ասածն ա կրկնում, այլ՝ քո», եւ Խչեյանը զարմացած նայեց Չուգունին ու փռթկացնելով  հարցրեց՝ «իմ ո՞ր ասածն ա կրկնում», եւ Չուգունը թարս նայեց Խչեյանին ու ասաց՝ «չեմ ուզում ասածդ բառը կրկնեմ» եւ մի քիչ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «ես լրիվ լուրջ եմ խոսում, դուք ձեռ եք առնում» եւ մի քիչ էլ մտածեց ու սրտնեղած ասաց՝ «ղալաթ արեցի, որ հետներդ անկեղծացա», եւ Հովհաննեսը  ժպտալով Չուգունին ասաց՝ «ղալաթ ես անում, որ մտածում ես թե՝ քեզ ձեռ ենք առնում», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «ձեռ առնելը պոզովպոչով չի ըլնում», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու ժպտալով Չուգունին ասաց՝ «հիմի էդ թազեքը ե՞րբ ես բերում՝ կարդանք», եւ Չուգունը հարցրեց՝ «ո՞ր թազեքը», եւ Հովհաննեսը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «էդ հասունությանդ շրջանի գրածներդ», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «էս վերջերս ավելի եմ հասունացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «հիմի  մենակ անանձնական բաներ եմ գրում», եւ Հովհաննեսը փռթկացնելով Չուգունին հարցրեց՝  «ի՞նչ անանձնական  բաներ», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս ղարաբաղյան շարժումից հետո հիմնականում հայրենասիրական եմ գրում», եւ Հովհաննեսը փռթկացնելով հարցրեց՝ «բա անանձնակա՞նը որն ա», եւ Չուգունը բավական երկար մտածեց ու ասաց՝ «փաստորեն, հայրենասիրականն ու անանձնականը նույն բանն են», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու ժպտալով Չուգունին ասաց՝ «էդ անանձնականներից մի քանի հատ բեր՝ կարդանք», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «առանց էդ էլ էդ անանձնականներն ընդամենը մի քանի հատ են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս վերջերս շատ քիչ ա գրվում», եւ Խչեյանը Չուգունին հարցրեց՝ «ինչի՞ ա քիչ գրվում», եւ Չուգունը բավական երկար մտածեց ու ասաց՝ «որովհետեւ անձնականովս շատ քիչ եմ ապրում»  եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «երբ թնդանոթները թնդում են, մուսաներն ու բանաստեղծները լռում են» եւ մի քիչ էլ մտածեց  ու ասաց՝ «չգիտեմ ով ա ասել, բայց շատ լավ ա ասել»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930