Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտակար եւ վնասակար հակասություններ

Հունիս 12,2015 10:04

Բոլոր երկրներում պետական մարմիններն ու առանձին գործիչները ունեն հակասություններ, որոնք պայմանավորված են թե օբյեկտիվ եւ թե սուբյեկտիվ, նաեւ անձնական պատճառներով: Հիշենք թեկուզ մեր մանկության ամենասիրված գրքերից մեկը, որտեղ պայքարում են թագավորի հրացանակիրները եւ կարդինալ Ռիշելյեի գվարդիականները: Ի դեպ, իրական պատմության մեջ կարդինալի դիրքորոշումը, կարծես թե, ավելի «պետականամետ» էր, սակայն Դյուման, 19-րդ դարի ռոմանտիկ հովերով տարված, դեպքերը այլ կերպ ներկայացրեց:

90-ականներին էլ անկախ Հայաստանի բարձրագույն իշխանության մեջ կային նման «խարդավանքներ»: Նախագահի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյանն ակնհայտ հակասություններ ուներ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի հետ, որը Մանուչարյանի հրաժարականից հետո վերածվել էր բացահայտ թշնամանքի: Նույն նախարարը խնդիրներ ուներ ԱԱՊՎ (այդպես էր կոչվում ԱԱԾ-ն) պետ Դավիթ Շահնազարյանի հետ: Վարչապետ Հրանտ Բագրատյանի թիմի եւ «ուժայինների» (նույն Վանոյի եւ Վազգեն Սարգսյանի) միջեւ հարաբերությունները դարձյալ խիստ լարված էին: Եվ այլն: Հիմա մեկ-մեկ չվերլուծենք, թե ով էր ճիշտ, ով սխալ եւ ով ինչում էր մեղավոր: Պարզապես հիշեցնում եմ փաստերը:

Ակնհայտ է նաեւ, որ այդ՝ «գորգի տակ» իրականացվող կռիվների ելքը որոշվում է նրանով, թե որքանով է ազդեցիկ այս կամ այն ֆիգուրը: Ուժեղ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, որը հակասություններ ուներ ՀՀՇ-ի հետ, կարողացավ պալատական հեղաշրջում իրականացնել եւ դառնալ նախագահ: Թույլ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընկավ «ՀՀԿ-ԲՀԿ» միասնական օլիգարխիայի եւ նրան ձայնակցող ընդդիմության հարվածների տակ: (Դարձյալ վերապահում անեմ՝ դա չի նշանակում, որ վարչապետի պաշտոնում նրա գործունեությունը հաջող էր):

Արդեն ասացի, որ հակասությունները կարող են նաեւ օբյեկտիվ լինել՝ պայմանավորված պետական գերատեսչությունների գործառույթներով: Որոշ դեպքերում «շահերի բախումը» կարող է անգամ օգտակար լինել՝ իրար վերահսկելու, փոխլրացնելու, երկրի առաջին դեմքին երկու տարբեր աղբյուրներից տեղեկատվություն տալու առումով: Հայաստանում դրանք սովորաբար խանգարում են: Նույն Տիգրան Սարգսյանի օրինակով՝ երբ ՀՀԿ-ական պատգամավորները «կադրից դուրս» ասում էին՝ «մենք շահագրգռված ենք, որ Տիկոն (այսինքն՝ իրենց կուսակից վարչապետը) տապալվի», դա դժվար թե նպաստեր երկրի տնտեսական զարգացմանը:

Երբ ստեղծվում էր Հայաստանի քննչական կոմիտեն եւ դրա ղեկավար էր նշանակվում մեծ ազդեցություն եւ կապեր ունեցող նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, պարզ էր, որ այդ մարմինը հակասություններ կունենա դատախազության հետ: Հիմա ակնհայտ է դարձել, որ Գյումրիում, Սյունիքում եւ Հայաստանի այլ մարզերում դատախազներն ու քննիչները իրար վրա, այսպես ասած, «տակառ են գլորում»: Թե որքանով է դա նպաստում կամ խանգարում հանցավորության դեմ պայքարին՝ կպարզվի մոտ ապագայում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930