Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քրեական գործ ՀՔԾ-ում՝ Շիրակի մարզի քննչականի պետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ

Հունիս 12,2015 17:30

«Առավոտ»-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին զեկուցագիր է ներկայացրել Շիրակի մարզի քննչականի պետ Սամվել Սիմոնյանի կողմից մի գործով թույլ տված խախտումների կապակցությամբ: Գլխավոր դատախազն էլ այն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՔԾ-ից` գրավոր հարցում ուղարկելով այս կառույց: ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի պատասխանատու Միքայել Ահարոնյանի անունից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր գրավոր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Շիրակի մարզի դատախազի պաշտոնակատարի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն»:
Մեզ նաեւ տեղեկություններ էին հասել այն մասին, որ Րաֆֆի Ասլանյանի՝ Սամվել Սիմոնյանի աշխատանքից դժգոհ լինելու ու զեկուցագիր գրելու հիմնական պատճառը եղել է այն, որ քննչականի պետն այդ պաշտոնին նշանակվելուն պես ամեն օր Գյումրի աշխատանքի է գնում-գալիս Երեւանից (խոսքը 120 կիլոմետր հեռավորություն գնալ-գալու մասին է): Սա շատ դեպքերում խանգարում է աշխատանքին, իրավիճակը լիարժեք տիրապետելու խնդիր է առաջ գալիս, հատկապես որ քրեական դեպքեր հաճախակի են լինում մարզում: Նշենք, որ ինչպես Շիրակի դատախազը, այնպես էլ քննչականի պետը տեղացիներ չեն:

«Առավոտ»-ը փորձեց Շիրակի դատախազից ճշտել, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում հենց իրենց համակարգում շրջանառվող լուրերն այն մասին, որ քննչականի պետից դժգոհ լինելը ու նրա թույլ տված խախտման վերաբերյալ զեկուցագիր գրելը կապված է Սամվել Սիմոնյանի՝ Երեւանից աշխատանքի ներկայանալու հետ: Դատախազն ասաց, որ ինքը քննչականի հետ գտնվում է քրեադատավարական փոխհարաբերություններում, ու հրաժարվեց այս հարցին պատասխանել: Նաեւ հավելեց, որ եթե դժգոհություններ է ունենում, ապա դրանք արտահայտում է օրենքով սահմանված կարգով ու ոչ թե լրատվամիջոցների միջոցով: Զեկուցագիր գրելու ու այն ՀՔԾ-ին ուղարկելու հետ կապված՝ պարզաբանեց հետեւյալը. «Իմ պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ զեկուցագրեր են ներկայացվել գլխավոր դատախազին մարզի դատախազության հսկողության եւ դատավարական ղեկավարման ներքո գտնվող պաշտոնատար անձանց կողմից իրենց գործունեության ընթացքում թույլ տված առերեւույթ խախտումների վերաբերյալ, որոնց հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քննություն է իրականացվել եւ իրականացվում է: Իսկ ընթացքի եւ արդյունքների մասին տեղեկություններ չունեմ: Նշվածն ամբողջությամբ տեղավորվում է մարզի դատախազության լիազորությունների շրջանակներում, եւ դրանում արտառոց ոչինչ չկա»:

Այս թեմայի շուրջ փորձեցինք լսել նաեւ Շիրակի մարզի քննչականի պետի պարզաբանումները, սակայն նա չցանկացավ պարզաբանել՝ խորհուրդ տալով դիմել քննչական կոմիտեի լրատվական ծառայություն: Մեր պնդմանը, թե չէի՞ք ուզի գոնե պարզաբանել, թե ճշմարի՞տ են լուրերն այն մասին, որ դուք Գյումրիում չեք մնում, ու դատախազը հենց այդ պատճառով է դժգոհել ու զեկուցագիր գրել, քննչականի պետը դարձյալ հրաժարվեց խոսել:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հ.Գ. Նկատենք, որ անկախ այս երկու կառույցների կամ պաշտոնյաների փոխհարաբերություններից՝ ճիշտ կլիներ, որ կառավարության կողմից քննության առարկա դառնար Շիրակի մարզի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Գյումրիում բնակվելու թեման. քանի որ պաշտոնյաների մեծ մասին նշանակում են մայրաքաղաքից, օրինակ՝ դատախազին, քննչականի պետին, ոստիկանապետին, հարկայինի պետին, ապա նրանցից շատերը ստիպված են իրենց կյանքն անցկացնել ճանապարհներին: Նրանք, որպես կանոն, բնակության չեն տեղափոխվում իրենց ընտանիքի անդամների հետ ու առնվազն շաբաթվա մի քանի օր գնում են տեսության ընտանիքին: Ու այստեղ ոչ միայն առաջ է գալիս որակյալ աշխատանքի, այլեւ պետական միջոցների ճիշտ օգտագործման խնդիր: Հարց է առաջանում, թե ո՞ւմ հաշվին է լցվում նրանց մեքենաների վառելիքը կամ տրվում նրանց բնակարանի վարձը, եւ ի վերջո՝ մի՞թե Շիրակի մարզն այն տեղանքն է, որտեղ համապատասխան կադրեր չկան:

«Առավոտ» օրաթերթ
11.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930