Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հովիկ Աբրահամյանը, հոսանքի սակագին հայտարարելով, չարաշահել է պաշտոնեական դիրքը»

Հունիս 12,2015 17:00

Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովը այս մասին դեռ լսումներ չի անցկացրել

Նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժպիտը դեմքին հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը թանկանալու է 6.93 դրամով:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տարօրինակ համարեց այդ ժպիտը, քանի որ դժվար թե թանկացումը որեւէ մեկին ուրախացնի: Տիկին Փոստանջյանն ասաց. «Չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել, թե ինչու է ժպտացել, ներվային ժպիտ է եղել գուցե, քանի որ չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է երջանիկ լինել ու ժպտալ թանկացումների համատեքստում»:
Մեր այն հարցին՝ ի՞նչ կանխատեսումներ ունի, ի՞նչ պետք է անի քաղաքացիական հասարակությունը նման թանկացումից հետո, քանի որ հայտարարում էին, որ թեկուզ մեկ լումա թանկանա, իրենք դիմելու են քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր ձեւերին, տիկին Փոստանջյանը ողջունեց այդ մոտեցումը, որ հնարավոր է՝ դիմեն քաղաքացիական անհնազանդության: Նա դատապարտելի է համարում հոսանքի թանկացումը եւ նկատում, որ որեւէ ուրախանալու եւ ժպտալու առիթ չկա, ու նշում. «Ընդհակառակը՝ սա եւս մեկ, լրացուցիչ գործոն է սոցիալական ճգնաժամն ավելի խորացնելու համար, որի հետեւանքները նաեւ բացասական իմաստով լինելու են բավականին սուր նկատելի յուրաքանչյուր քաղաքացու բյուջեի վրա: Այստեղ որեւէ ուրախանալու հիմքեր չունենք, ընդհակառակը՝ ամեն ինչ պետք է արվեր, որ թանկացում տեղի չունենար: Սա նշանակում է, որ գործընթացն անվերահսկելի է, եւ, անշուշտ, քաղաքացիները պետք է դրսեւորեն դիմադրության, անհնազանդության ձեւեր: Սա մեկ քաղաքական ուժի կամ մեկ քաղաքացիական շարժման տիրույթում չէ, այլ հենց քաղաքական պահանջի տիրույթում է: Նման թանկացումները քանդող, ապակառուցողական եւ ապապետական քաղաքականության դրսեւորում են»:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանին հիշեցրինք իրենց այն կարգախոսը, որ եթե անգամ մեկ լումա էլ թանկացնեն, իրենք դիմելու են քաղաքացիական անհնազանդության տարբեր ձեւերի, ու հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի՝ ժպիտը դեմքին հայտարարությունը, նա պատասխանեց. «Վարչապետն իր պաշտոնեական դիրքը չարաշահել է, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը լսումներ դեռ չսկսած՝ վարչապետը հայտարարում է գին՝ ժպիտը դեմքին: Մի քանի օր անց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նորից հայտարարում է, որ հոսանքը թանկանում է 7 դրամով՝ այն դեպքում, երբ դեռ լսումներ չեն եղել: Նա եւս իր պաշտոնեական դիրքը չարաշահեց»: Դառնալով վարչապետի հայտարարությանը, թե հոսանքը 6.93 դրամով է թանկանալու, Վաղինակ Շուշանյանը հեգնեց. «Օ, պարոն վարչապետ, ինչ մեծ բարեգործ եք Դուք, որ յոթ լումա գին իջեցրիք»: Ըստ Վաղինակ Շուշանյանի՝ այսպիսով ծաղրում են ժողովրդին: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են իրենց բողոքի ակցիան թողել նույն օրը՝ հունիսի 19-ին, այլ ոչ 17-ին, երբ լսումներն են լինելու, ու գինը որոշվի, Վաղինակը նշեց, թե այժմ իրենք են թելադրում իրենց կանոնները եւ թույլ չեն տալու, որ լինի այն, ինչ նախորդ անգամ, երբ իրենց վրայով անցան, երբ բերման ենթարկեցին ու իրենց վրա քաղաքացիական ու քրեական բազում գործեր բացեցին. «Մենք իրենց կլոունադայի մասին իմացել էինք: Մեզ համար էական չէ, թե Նազարյանը ինչ կասի 17-ին, մենք ի սկզբանե իմանալով իրենց գործողությունները՝ հայտարարել ենք, որ մեր պահանջը Աբրահամյան Հովիկից ու Սարգսյան Սերժից է»: Հենց այս հանգամանքով էլ Վաղինակ Շուշանյանը բացատրում է այն, որ չեն գնալու հանձնաժողովի շենքի առաջ: Նա կարծում է, որ հանձնաժողովը խամաճիկ է, որին օգտագործում են, կոճակի պես սեղմում վերեւից ու չեն ցանկանում իրենց պլանկան իջեցնել: Ըստ Վաղինակի՝ լսումները հատուկ են նշանակված հունիսի 17-ին, այլ ոչ 19-ից հետո: Վաղինակ Շուշանյանը հայտարարեց. «Եթե մեր պահանջը չկատարվի, ու թանկացումը չկասեցվի, այլ ընդհակառակը՝ եղած սակագինը չվերանայվի, մենք մեզ թույլ ենք տալու քաղաքացիական կտրուկ անհնազանդություններ»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Alvard says:

    «Պաշտոնեական»չէ, այլ«պաշտոնական»:ՈՒղղակի վերնագրում էլ էր գրված, չկարողացա անտարբեր անցնել:

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Հարգելի Ալվարդ, տվյալ դեպքում ճիշտը «պաշտոնեականն» է, որովհետեւ խոսքը վերաբերում է պաշտոնյային, ոչ թե պաշտոնին: Դիրքը, իրավունքը, պարտականությունը լինում են պաշտոնեական, իսկ հրամանները, հանդիպումները, որոշումները, հաղորդագրությունները՝ պաշտոնական: Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930