Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տնտեսվարողների խնդիրը չեն լուծում, բայց հարյուր հազարների տուգանքների են ենթարկում

Հունիս 12,2015 16:00

Արշակունյաց 2 հասցեում գործող 11 տնտեսվարող սուբյեկտ այսօր լուրջ խնդրի առաջ են կանգնած: Որքան էլ զարմանալի է, այս անգամ գործարարների բողոքը հարկային վարչարարությանը չի վերաբերում, այլ բողոքի հասցեատերերը Երեւանի քաղաքապետարանն ու ճանապարհային ոստիկանությունն են, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում լուծում տալ տնտեսվարողների բիզնեսին վնասներ հասցնող տեխնիկական խնդրին: Երկու տարի շարունակ այս հասցեում գործող խանութների սեփականատերերը, նրանց ապրանք մատակարարողներն ու այդ խանութների ծառայություններից օգտվող վարորդ-հաճախորդները ենթարկվում են հսկայական տուգանքների, ինչ է թե՝ խանութներին մոտենալու համար մեքենաները օգտվում են մայթից: Այս փողոցում այլ կերպ հնարավոր էլ չէ. որքան էլ վարորդն ուզի, չի կարող մեքենան փողոցում կանգնեցնել: Նախ՝ փողոցի երկայնքով տեղ չկա, եւ բացի այդ, այս խանութներից այնպիսի ապրանքներ են գնում կամ այդ խանութներին այնպիսի ապրանքներ են մատակարարվում, որ մեքենաները ստիպված են մոտ կանգնել խանութներին: Խանութներից մեկը շրջանակների, ապակիների եւ այլ խոշոր իրերի առուվաճառքով է զբաղվում, որի ապրանքը, հատկապես՝ ապակիները չեն կարող հաճախորդները բռնած գնալ-հասնել ասենք՝ Ոսկերչական գործարանի մոտ կանգնեցրած սեփական մեքենային: Այս հասցեում գործող մեկ այլ խանութի սեփականատերեր էլ իրար հետեւից 160 հազար դրամի տուգանքի են ենթարկվել, քանի որ ապրանք ստանալու համար խանութի մեքենաները կայանել են մայթին: Խանութներից մեկն էլ կահույքի առուվաճառքով է զբաղվում, մյուս խանութը՝ ավտոպահեստամասերի:

Tntesvaroxner-1

Տնտեսվարողների բողոքից «կարմիր գծերի» տերերն են օգտվել:

«Առավոտի» հետ զրույցում տնտեսվարողներն ասացին, որ մի քանի անգամ դիմել են Երեւանի քաղաքապետարան եւ Ճանապարհային ոստիկանություն, սակայն՝ ապարդյուն: Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը եկել գործարարների բարձրացրած հարցին ծանոթացել է, ապա պատասխանել, որ Ճանապարհային ոստիկանությունը պետք է թույլատրի, որ մեքենաները մայթին կայանեն: Տնտեսվարողների խոսքերով՝ Երեւանի քաղաքապետարանը Ճանապարհային ոստիկանության վրա է գցում հարցի լուծումը, վերջինս էլ տնտեսվարողներին պատասխանում է, որ խնդրի լուծման հասցեատերը քաղաքապետարանն է, եւ որ մայթերը քաղաքապետարանի ենթակայության տակ են, ու քաղաքապետարանը պետք է իր համաձայնությունը տա: Եվ մինչ պետական կառույցները հարցը միմյանց վրա են բարդում, այդ ընթացքում տնտեսվարողները ֆինանսական վնասներ է որ կրում են:

Մայթին կայանող մեքենաները տուգանվում են՝ ամեն անգամ 20 հազար դրամով: Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկում տեղադրված տեսախցիկը տուգանում է բոլոր այն ավտոմեքենաների վարորդներին, որոնց թվում նաեւ խանութների հաճախորդներ են, ապրանք մատակարարողներ եւ այլն, որոնք մայթ են բարձրանում՝ ապրանքը դատարկելու կամ գնումներ կատարելու նպատակով:

Tntesvaroxner-2

Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց փողոցների տեսախցիկը 20 հազարանոց տուգանքի է ենթարկում, եթե վարորդը խանութին մոտենալու համար մայթ է բարձրանում:

Խանութների սեփականատերերի խոսքերով՝ իրենք արդեն հաճախորդներ են կորցրել, չնայած որ բիզնեսի համար այս դժվարին պայմաններում պարտաճանաչ վճարում են պետության բոլոր հարկուտուրքերը, սակայն, չգիտես ինչու, պետությունը գործարարների առաջ ստանձնած իր պարտավորությունը՝ նրանց համար գործունեության նորմալ պայմաններ ապահովել, նույն պատրաստակամությամբ չի կատարում:
Ուշագրավն այն է, որ տնտեսվարողների բողոքների արդյունքում խանութների դեմ դիմաց՝ փողոցում, «կարմիր գծեր» են հայտնվել: Այսինքն՝ ստեղծված իրավիճակում առիթից օգտվել է «Փարքինգ Սիթի սերվիզ» ընկերությունը, որը մայրաքաղաքով մեկ կարմիր գծեր է քաշել՝ վարորդներին հնարավորություն ընձեռելով վճարովի հիմունքներով օգտվել կայանատեղիի ծառայություններից:

Ի դեպ, նշյալ հասցեում մայթը նախատեսվածից բավականին լայն է, ուստի հետիոտնի անցուդարձին խոչընդոտելու խնդիր այնքան էլ չի առաջանում:
«Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս պետք է լուծվի տնտեսվարողներին հուզող այս խնդիրը, Ոստիկանության լրատվական ծառայությունից պատասխանեցին՝ Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին օրենքով մայթին կայանելն արգելվում է, իսկ օրենքի խախտումն առաջացնում է վարչական պատասխանատվություն: Ոստիկանությունից նաեւ ասացին, որ իրենք իրենց գործն են անում, եւ եթե քաղաքապետարանն այդ հարցի լուծումը գտնի, ճանապարհային ոստիկանությունը վարորդներին չի անհանգստացնի:

«Եթե այստեղ օֆիսային տարածքներ լինեին եւ ապրանք ստանալու խնդիր չլիներ, քաղաքապետարանի եւ ճանապարհային ոստիկանների մոտեցումը հասկանալի կլիներ, բայց ինչպես հասկանան՝ մարդը գալիս 5 հազար դրամի ապրանք է գնում, 20 հազար դրամ էլ տուգանվում՝ գնում է: Եթե օրենքին են հղում անում, ուրեմն թող անվճար համապատասխան կայանատեղիներ հատկացնեն, որպեսզի կարողանանք օգտվել, բայց հիմի իրենք չեն կարողանում ոչ մի կերպ այսքան շատացած մեքենաների հարցը լուծել եւ մեզնից պահանջում են ենթարկվել օրենքին: Մենք այլ տարբերակ չունենք եւ ուզենք թե չուզենք՝ ստիպված բարձրանում ենք մայթին»,- նկատում են գործարարները:
Երեկ նույն հարցն ուղղել էինք նաեւ Երեւանի քաղաքապետարանին: Պատասխանը ստանալուն պես՝ քաղաքապետարանի դիրքորոշումը նույնպես կհրապարակենք:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարում` Արշակունյաց 2 հասցեի խանութներն
ու նրանց հաճախորդները չգիտեն՝ ինչպես բեռներ դատարկեն
կամ գնած ապրանքը դնեն մեքենայի մեջ, որ չտուգանվեն:

«Առավոտ» օրաթերթ
11.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930