Ինչ ֆինանսների նախարարության կառավարումը ստանձնել է Գագիկ Խաչատրյանը, այս նախարարությունում պետական գնումների հաշվետվությունները ուշացումով են հրապարակվում: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը, որը մշտապես ուսումնասիրում է պետական գնումների հաշվետվությունները, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ֆինանսների նախկին նախարարի ժամանակ 1-2 օրով էր ուշացվում, այն էլ, երբ կենտրոնը հիշեցնում էր ուշացման մասին, 1-2 օր հետո հաշվետվությունները հրապարակում էին:
Արտակ Մանուկյանն ասում է, որ, ըստ էության, հիմա նախարարությունում գնումների հաշվետվությունների հրապարակմանը մատների արանքով են նայում, քանի որ այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունը պիտի դեռ մայիսի 20-29-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված լիներ:
«Առավոտը» նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չեն հրապարակել եռամսյակային հաշվետվությունը: Նախարարությունից ասացին, որ գնումների աջակցման կենտրոնը մի քանի օր ուշացումով է տրամադրել հաշվետվությունը, իսկ նախարարությունն էլ որոշ աշխատանքներ է կատարում՝ ստուգում է այդ հաշվետվությունը, ուստի դրա հրապարակումը մի քիչ ուշանում է:
Նշենք, որ նախարարությունը մեր հարցումից մոտ 2 ժամ հետո գնումների կայքում հրապարակեց 2015 թվականի պետգնումների եռամսյակային հաշվետվությունը: Սակայն կայքում տեղադրված փաստաթղթի ֆորմատը, ինչպես մենք եւ Արտակ Մանուկյանը նկատեցինք, հանրային օգտագործման համար մատչելի չէ, ունի էական սահմանափակումներ: Մանուկյանի խոսքերով՝ «Օրինակ՝ հնարավոր չէ ինչ-որ տվյալներ վերցնել, ավելի կոնկրետ՝ «copy» անել ու պահպանել մի տեղ: Նախորդ անգամները տեղադրվում էին «word» ֆայլով, որի հետ աշխատելը խնդիր չէր առաջացնում»:
Կարդացեք նաև
Նկատենք, որ ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանի հրամանով սահմանված է՝ «Կատարված վերլուծությունների արդյունքների հիման վրա գնումների աջակցման կենտրոնը կազմում եւ ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում եռամսյակային, կիսամյակային եւ ամփոփ տարեկան հաշվետվություններ: Եռամսյակային եւ կիսամյակային հաշվետվությունները կազմվում եւ ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացվում տվյալ ժամանակահատվածին հաջորդող 2-րդ ամսվա 2-րդ տասնօրյակի ընթացքում: Տարեկան ամփոփ հաշվետվությունը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվում մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը: Մինչեւ ընթացիկ տարվա մարտի 31-ը ՀՀ ֆինանսների նախարարությունը քննարկում է նախորդ տարվա վերաբերյալ Կենտրոնի տարեկան ամփոփ հաշվետվությունը, որը ներառում է գնումների համակարգում առկա խնդիրները, հնարավոր ռիսկային հատվածները, դրանք վերացնելու եւ համակարգը բարելավելու ուղղությամբ առաջարկությունները»:
Արդյոք ֆինանսների նախարարությունը չի՞ խախտում նախկին նախարար Գաբրիելայնի հրամանը՝ մեր այս հարցին, նախարարությունից ասացին, որ օրենքով իրենք պարտավորված եռամսյակային հաշվետվությունները հրապարակել են, իսկ նախարարի հրամանը վերաբերում է գնումների աջակցման կենտրոնի կողմից սահմանված ժամկետում հաշվետվությունը նախարարությանը տրամադրելուն, ոչ թե այն հրապարակելուն: Մեր այն հարցին էլ՝ այդ դեպքում ինչո՞ւ են ընդհանրապես եռամսյակային հաշվետվությունները հրապարակում, եթե օրենքով պահանջ չկա, նախարարության պատասխանից կարելի է ենթադրել, որ իրենք ուղղակի բարի կամք են դրսեւորում. «Մենք պարզապես այդ գնումների թափանցիկությունն ապահովելու համար ենք անում»:
Արտակ Մանուկյանն ասում է, որ հաշվետվությունների հրապարակման ուշացումները մի բանի մասին են խոսում՝ «որոշ թվեր կան դզելու, գուցե՝ սրբագրելու: Ինչ վերաբերում է օրենքին, ապա պիտի ասեմ՝ իրենց մատնանշած օրենքում տարեկան հաշվետվությունը հրապարակելու կոնկրետ ժամկետ էլ չկա նշված: Ստացվում է, 2012 թվականից բարի կամքո՞վ են հրապարակել, ու հիմա այդ բարի կամքն անընդհատ ուշանում է»: Պարոն Մանուկյանը նկատում է՝ եթե նախարարությունը վստահեցնում է, որ իրենք պարտավոր չեն կոնկրետ ժամկետում եռամսյակային հաշվետվություն հրապարակել, նույնը պիտի ասեն նաեւ տարեկանի դեպքում, եւ ուրեմն չկա օրենսդրական կարգավորման դրույթ, որով կկարգավորվեն գնումների հրապարակման ժամկետները, եւ երկակի մեկնաբանությունների տեղիք է տալիս, նախարարությունը ոնց ուզում՝ մեկնաբանում է, երբ ուզում՝ տեղադրում է:
Մանուկյանի դիտարկմամբ՝ իրականում հաշվետվությունների հրապարակումները նախկինում կատարվում էին Գաբրիելյանի հրամանով սահմանված ժամկետներով եւ, փաստորեն, հիմա Գաբրիելյանի հրամանը, կարելի է ասել՝ խախտում են:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.06.2015