Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Եսայանի սպանության համար դատապարտվածը կշարունակի լրատվամիջոցների դեմ իր դատավեճերը

Հունիս 12,2015 15:00

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Ղազարյանը մերժել է դատապարտյալ Հարություն Սարգսյանի միջնորդությունը:

Նա հայցով դիմել էր դատարան՝ ընդդեմ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նրա գրասենյակի, երրորդ անձ ճանաչված «Առավոտի», «Պանարամա Էյ Էմ»-ի եւ Անժելա Թովմասյանի: Հիշեցնենք, որ լրատվամիջոցները Կարեն Եսայանի սպանության գործով դատավարության փուլում տպագրել էին նախկին քաղաքապետի գրասենյակի հայտարարությունը:

Դատապարտյալը դիմել էր նաեւ դատարան, որպեսզի այս հացադիմումի քննության ժամանակ իր ներկայությունը դատական նիստերին ապահովվի:

Ինչպես տեղեկացրել ենք, տվյալ գործով Գյումրու նախկին քաղաքապետը եղել էր դատավարության կողմերից մեկը՝ տուժողի կարգավիճակով:

Հարություն Սարգսյանն օրեր առաջ միջնորդել էր, որպեսզի կասեցվի այս գործի քննությունը, պատճառաբանելով, որ դիմելու էր Սահմանադրական դատարան:
Ըստ նրա՝ կա հակասահմանադրական դրույթ: Մասնավորապես, անմեղության կանխավարկածն ընդհանրապես Քաղաքացիական օրենսգրքով չի համարվում քաղաքացիական իրավունքի պաշտպանության օբյեկտ:

Արդյունքում, ըստ Հ. Սարգսյանի, անմեղության կանխավարկածի խախտման դեպքում, քաղաքացիները դիմում են դատարան՝ վիրավորանքից ու զրպարտությունից պաշտպանվելու համար: Վիրավորանքից ու զրպարտությունից պաշտպանվելը նախատեսված է լրատվամիջոցների դեմ պարբերաբար կիրառվող հայտնի հոդվածով՝ 1087.1-ով, որի առարկան եւ նպատակը, դատապարտյալի մեկնաբանմամբ, բոլորովին այլ է, հետեւաբար՝ նշված հոդվածն արդյունավետ իրավական պաշտպանության մեխանիզմ չէ:

Նա դատարանին հայտնել էր, որ առկա է «Տեղեկատվական վեճերի խորհրդի» (ՏՎԽ) եզրակացությունը, կապված իր անմեղության կանխավարկածը խախտելու, մասնավորապես, «Ցայգ» հեռուստաընկերության կողմից, որի դեմ նույնպես ունի դատական վեճ: Ի դեպ, ըստ դատարան ուղարկած միջնորդության, «Ցայգ»-ից այդ վեճով դատապարտյալը պահանջում է հրապարակային ներողություն խնդրել եւ փոխհատուցել 300 000 դրամի չափով պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասը:
Համաձայն ՏՎԽ եզրակացության, հեռուստաընկերությունը խախտել է հայցվոր դատապարտյալի անմեղության կանխավարկածը. «կատարելով մեղքի մասին հրապարակային հայտարարություն այնպիսի պայմաններում, երբ հայտարարության կատարման պահին Հարություն Սարգսյանի մեղքն ապացուցված չէր օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Դատապարտյալը հայտնել էր, որ երեք տարի առաջ «Ցայգ» հեռուստաընկերությունը հայտարարել է Կարեն Եսայանին «առանձնակի դաժանությամբ սպանելու» մասին, ինչը, ըստ նրա, վերցված է Կարեն Եսայանի ծնողների՝ ՀՀ նախագահին 2012թ. սեպտեմբերին ուղղված նամակից:

Դատապարտյալի միջնորդության համաձայն, անմեղության կանխավարկածը ՀՀ սահմանադրությամբ սահմանված հիմնարար իրավունք է, եւ ոչ սահմանադրությամբ, ոչ էլ որեւէ օրենքով նշված իրավունքից որեւէ «նահանջ» սահմանված չէ. «Լրատվամիջոցները, այլ կազմակերպությունները, ֆիզիկական անձինք պարտավոր են պարզապես հարգել այդ իրավունքը՝ անկախ որեւէ հանգամանքից»:

Դատարանը մերժեց գործի վարույթը կասեցնելու մասին դատապարտյալի միջնորդությունը, հետեւաբար, Սահմանադրական դատարան դիմելու խնդիրը կուշանա:
Ըստ դատարանի գնահատականների, միջնորդության տեքստի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանում բերված փաստերն ու հիմնավորումները վերաբերում են բացառապես դատապարտյալի՝ ընդդեմ «Ցայգ» հեռուստաընկերության՝ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու եւ որպես իր բարի, գործարար համբավին պատճառված վնասի պահանջի մասին հայցին:
Դատարանը հիշեցրել էր, որ դատարանում քննվում է մեկ այլ գործ՝ Վարդան Ղուկասյանի եւ նրա գրասենյակի դեմ գործը, լրատվամիջոցներն էլ երրորդ անձ են ներգրավված. «Փաստորեն, այլ են ոչ միայն գործին մասնակցող անձինք, այլ փաստական հիմքերն ու հանգամանքները, որոնց միջնորդության մեջ որեւէ անդրադարձ չի կատարվել: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ հայցվոր Հարություն Սարգսյանի միջնորդությունն առարկայազուրկ է, ենթակա է մերժման»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտը» մրցակցային հավասար պայման է համարում բարոյական այս քայլը կատարելը. դատարան մինչ օրս չի ուղարկվել եւ չի ուղարկվի լրատվամիջոցի ներկայացուցիչը: Ազատազրկվածի դեմ ազատության մեջ գտնվողների վեճն ազատ մրցակցել չի համարվում: Եվ խնդրի լուծումը թողել ենք դատարանի հայեցողությանը:

«Առավոտ» օրաթերթ
11.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930