Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերում եւ Արցախում «Անուշը» լիարժեք հրամցվեց

Հունիս 12,2015 14:30

Ռեժիսոր Ալիս Հեքիմբաշյանը նորովի է մեկնաբանել հայտնի օպերան

Աշխարհում ընդունված կարգ է՝ օպերային եւ բալետային բեմադրություններ իրականացնելու համար հաճախ հրավիրել ռեժիսորներ արտերկրից: Երեւանի օպերային թատրոնն էլ բացառություն չէ: Մեզ մոտ ժամանակին օպերային բեմադրություններ են իրականացրել Պերմի օպերային թատրոնի, ներկայումս Մոսկվայի կենտրոնական մանկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանը (Սպենդիարյան՝ «Ալմաստ»), Իտալիայից Մարիո Կորրադին (Վերդի՝ «Աիդա»), Ռուսաստանից Բորիս Հայրապետյանը (Բելինի՝ «Նորմա») եւ այլն: Հասկանալի է, որ հրավիրյալ բեմադրիչն իր աշխատանքը կատարում է ու մեկնում: Մինչդեռ, այս կամ այն ներկայացման պրեմիերայից հետո անհրաժեշտություն է դառնում ներմուծել նոր կատարողների: Կամ՝ երբ բեմադրությունը իր տեղն է գտնում խաղացանկում, տպավորիչ ասած՝ «տեր կանգնող» է պետք:

Alis_Heqimbashyan-3

Հենց վերջինիս համար էլ թատրոններում աշխատում են «հատուկ» ռեժիսորներ: Երեւանի օպերային թատրոնում վաղուց է գործում ռեժիսորական ղեկավարման մասը, որտեղ 1994թ. աշխատում է ՀՀ վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ռեժիսոր Ալիս Հեքիմբաշյանը (լուսանկարում): Այս անունը դասական արվեստի երկրպագուներին հանրածանոթ է. 1974թ. Անուշի դերերգով սկսվեց Ալիս Հեքիմբաշյանի բեմական գործունեությունը: Շուրջ 20 տարի երգչուհին հանդես եկավ գլխավոր դերերգերով, այդ թվում՝ Օլիմպիա (Չուխաջյանի «Արշակ Երկրորդ»), Մարո (Փալեաշվիլի՝ «Դայիսի»), Ցերլինա (Մոցարտ՝ «Դոն Ժուան»), Շուշան (Տիգրանյան՝ «Դավիթ-Բեկ»), Տրավիատա (Վերդի՝ «Տրավիատա») եւ այլն: Երգչական կարիերային զուգահեռ, Ալիս Հեքիմբաշյանը ուսանեց Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում՝ ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանի արվեստանոցում: Արվեստագետի դիպլոմային աշխատանքը 1994թ. Տիգրանյանի «Անուշն» էր, ավելի ճիշտ՝ «Անուշ» օպերայի «մինի» տարբերակը, որը «շրջել» է մանկատներում, բուհերում, ծերանոցներում, մարզերում:

Օրերս Հեքիմբաշյանի ռեժիսուրայով «Անուշը» ներկայացվեց Ջերմուկում, Արարատի շրջանի Տափերական գյուղում եւ Արցախում:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ռեժիսորն ասաց, որ մինչ այժմ «Անուշը» ներկայացվել է մեներգիչների մասնակցությամբ եւ դաշնամուրի նվագակցությամբ: Հիմա արդեն ներգրավված են նաեւ նվագախումբն ու երգչախումբը: «Այս աշխատանքս թատերականացված գրական-երաժշտական կոմպոզիցիա է, որն ուղեկցվում է ասմունքով եւս: Պատրաստակամություն ու ոգեւորություն էր տիրում ստեղծագործական խմբերում՝ նվագախմբում, երգչախմբում, մեներգիչների շրջանում եւ իհարկե՝ խանդավառված էր նաեւ թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, որն էլ վարեց բոլոր ներկայացումները: Անուշի դերերգով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Բադալյանը, Սարոյին մարմնավորեց Ռուբեն Նուրիջանյանը, Մոսիին՝ Գեորգի Առաքելովը: Մեզ հետ եկել էին նաեւ դիմահարդարը, զգեստապահարանի աշխատակիցը, հատուկ պատրաստել էինք դեկորներ: Մի խոսքով՝ մեծ պատասխանատվությամբ էինք մոտեցել գործին»,- հայտնեց մեր զրուցակիցը, հետո էլ հավելեց, թե «Անուշի» իր տարբերակը մեկ գործողությամբ է, այնուհանդերձ, թե սյուժեն եւ թե երաժշտական մասը դրանից չեն տուժում:

Alis_Heqimbashyan-4

Մեր զրուցակիցը փաստեց, որ Ջերմուկում իրենք հանդես են եկել բաց երկնքի տակ (լուսանկարում), իսկ Արցախում՝ Մարտունիում, տիկին Հեքիմբաշյանի խոսքերով՝ «զգում էինք այնպես, ինչպես մեր թատրոնում, քանի որ Մարտունիի կենտրոնում կառուցված շենքը թե արտաքնապես եւ թե ներքին հարդարանքով կարծես Երեւանի օպերային թատրոնի «մակետը» լիներ: Ինչ վերաբերում է Տափերական գյուղի մշակույթի պալատին, ինքս առաջին անգամ էի լինում այնտեղ: Մեծ պալատ է, ունի բոլոր հարմարությունները՝ ներկայացումներ ցուցադրելու համար»:

Զրույցի ընթացքում Ալիս Հեքիմբաշյանը հայտնեց, որ ինքը ոչ միայն «տեր է կանգնում» արտերկրյա ռեժիսորների իրականացրած ներկայացումներին, այլեւ թատրոնի խաղացանկում տեղ գտած հայաստանցի ռեժիսորների աշխատանքներին, այդ թվում՝ Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» (բեմադրիչ՝ Արամ Սուքիասյան), Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» (բեմադրիչ՝ Գեղամ Գրիգորյան) օպերային ներկայացումներին եւ այլն: Հետաքրքրությանը, թե ինքը երբեւէ չի՞ մեջամտում կոլեգաների ներկայացումներին, եւ արդյոք ցանկություն չունի՞ որեւէ «մեծ ներկայացում» իրականացնել, Ալիս Հեքիմբաշյանը պատասխանեց. «Նախ չեմ միջամտում, երկրորդն էլ՝ դրա իրավունքը չունեմ: Ես սիրում եմ իմ աշխատանքը: Ինչ վերաբերում է հեղինակային ներկայացում ունենալուն, չեմ էլ պատրաստվում, թեեւ ունեմ համապատասխան կրթություն»:

Անդրադառնալով մարզային հյուրախաղերին, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ հանդիսատեսի շրջանում կար մեծ ոգեւորություն եւ, իր խոսքերով՝ մարդիկ նույնիսկ արտասվում էին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930