Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մի՛ հետաձգեք ձեր այցելությունը թանգարաններ»

Հունիս 12,2015 14:00

Ըստ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի, հայաստանցիները

միշտ մտածում են՝ մեր կողքին է թանգարանը, մի օր կայցելենք, եւ այդ օրը երբեք չի գալիս:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, որ հիմնադրվել է կոմպոզիտորին՝ Խորհրդային կառավարության կողմից նվիրված առանձնատան հիման վրա, մայրաքաղաքի բացառիկ մշակութային օջախներից է: «Առավոտը» Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանական տրիոյի դաշնակահար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է տարբերվում իրենց թանգարանը մյուս թանգարաններից, արդյոք բավարարվա՞ծ են այցելուների թվով:
«Երբեք այցելուները շատ չեն լինում, եւ ինչքան էլ շատ լինեն, ձգտում ենք, որ նրանց թիվն ավելի մեծանա, չնայած մեր թանգարանն այն բացառիկ թանգարաններից է, որտեղ կա կենդանի շունչ, բացի նրանից, որ հաճախում են այցելուներ, ուսումնասիրություններ են կատարվում թանգարանային հարուստ հավաքածուում: Մեր թանգարանում հնչում է կենդանի երաժշտություն, կազմակերպվում են համերգներ, փառատոներ, շատ հաճախ մրցույթների կազմակերպիչները դիմում են մեզ, որ այստեղ տեղի ունենան մրցութային փուլերը: Մի խոսքով, մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ թանգարանում միշտ լինի ակտիվ կյանք»,- ասաց մեր զրուցակիցը: Հավելեց, որ կոմպոզիտորի անունը կրող թանգարանն անմասն չի մնում Թանգարանային գիշերից:

Հարցրինք, թե երբ է այցելությունների առումով պիկ գրանցվում:

«Դա սովորաբար զբոսաշրջանի սեզոնի հետ է համընկնում՝ ապրիլ ամսից մինչեւ հուլիսի վերջ, հետո երկրորդ ակտիվ շրջանն է սկսվում՝ սեպտեմբերից մինչեւ հոկտեմբեր: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է արտասահմանյան այցելուներին, բայց հայաստանյան այցելուները մեզ հետ են կլոր տարին: Չնայած սրան, շատ ավելի ուրախ կլինեինք եւ կողջունեինք, եթե մեր թանգարան հաճախեին ավելի մեծ թվով հայաստանցիներ, որովհետեւ միշտ մտածում են՝ լա՛վ, ոչի՛նչ, մեր կողքին է թանգարանը, մի օր կայցելենք, եւ այդ օրը չի գալիս երբեք: Այնպես որ, պետք չէ հետաձգել այցելությունը թանգարան, ու խոսքը միայն մեր թանգարանի մասին չէ: Մի հետաձգեք, եկեք, որովհետեւ անընդհատ փոխվում է էքսպոզիցիան, նորություններ են լինում, որոնք կարող են չլինել հաջորդ այցելությունների ժամանակ»- ասում է Արմինե Գրիգորյանը:

Նրանից տեղեկացանք, որ երաժշտական դպրոցները մասնակցում են իրենց համերգային միջոցառումներին, ակտիվ են նաեւ հանրակրթական դպրոցները, իրենք էլ բազմաթիվ կրթական ծրագրեր են իրականացնում, ունեն տարբեր բնույթի մոտ 10 կրթական ծրագիր:
Արմինե Գրիգորյանին հարցրինք՝ գործող երաժիշտ լինելուն չի՞ խանգարում վարչական աշխատանքը: «Ստեղծագործելուն չի խանգարում, ընդհանրապես մեկը մյուսին լրացնում է, խանգարում է ուղղակի ժամանակի պակասությունը: Ժամանակը երբեք չի հերիքում, որովհետեւ ծրագրերն ու նախագծերը շատ-շատ են»,- պատասխանեց տնօրենը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
11.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սոֆիա says:

    Այն եզակի թանգարաններից մեկն է, որ միշտ նորովի է ներկայանում արվեստասեր հանրությանը: Այն 12 ամիս շնչող օրգանիզն է: Շնորհակալ ենք Արմինե Գրիգորյանին՝ թանգարանն ակտիվ մշակութային օջախ դարձնելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930