Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող երեք մարզիկներից երկուսն արդեն ավարտել են պայքարը:
77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանի ոսկե մեդալ նվաճելուց հետո երեկ պայքարի մեջ մտավ Նորայր Ավետիսյանը (նկարում), որը հանդես է գալիս 85 կգ քաշային կարգում: Նորայրը պոկում վարժությունում ցույց տվեց 145 կգ (9-րդ արդյունք), հրումում՝ 188 կգ (5-րդ) եւ երկամարտի 333 կիլոգրամով հանգրվանեց վեցերորդ հորիզոնականում:
Մեր ծանրորդներից դեռ մրցահարթակ չի մտել Սիմոն Մարտիրոսյանը, որը նոր է մինչեւ 105 կգ քաշային կարգից տեղափոխվել գերծանր քաշային կարգ: Սիմոնը պայքարի մեջ կմտնի առաջնության վերջին օրը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.06.2015