Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան խնդիրը` Բաքվի «եվրոպական խաղերում»

Հունիս 12,2015 12:00

Պուտինի, Ալիեւի ու Էրդողանի «խաղերը»
Բաքվում կարող են թանկ նստել ԼՂ կարգավորման վրա

Նոր հարված`
ԵԱՀԿ Մինսկի խմբին

Մինչ Արեւմուտքը Բաքվում մեկնարկող Եվրոպական խաղերից առաջ հարց է բարձրացնում այդ երկրում տիրող ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ, ընդգծում են իրենց բացասական վերաբերմունքը Ալիեւի ռեժիմի նկատմամբ, իսկ եվրոպական երկրների առաջնորդները հրաժարվում են մեկնել Բաքու՝ Պուտինն ու Էրդողանը կլինեն Ալիեւի կողքին Եվրոպական խաղերի օրերին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 12-13-ը Բաքվում կմասնակցի Եվրոպական խաղերի բացմանը։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովի խոսքով` նախատեսված են Պուտին-Ալիեւ բանակցությունները, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։

Ապրիլի 24-ին Երեւան ժամանելուց հետո կանխատեսելի էր, որ Պուտինը կմեկնի Բաքու, որպեսզի չզայրացնի Ալիեւին, այն էլ հիմա, երբ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերելք են ապրում, իսկ արեւմտյան կառույցները Բաքվի քարոզչության քննադատության հիմնական թիրախն են: Պուտինին, պարզ է, որ նման «մանրուքները» չեն անհանգստացնում, ավելին` գուցե Ադրբեջան-Արեւմուտք լարվածությունը նրա սրտո՞վ է:

Գրեթե ամենօրյա ռեժիմով ադրբեջանական կայքերը արեւմտյան կառույցների, դիվանագետների հայտարարություններն են վկայակոչում` անվերջ դժգոհելով, թե Եվրոպական խաղերից Ադրբեջանի նկատմամբ Արեւմուտքը հստակ «սեւ PR» է իրականացնում:

Բաքվում հերթական սկանդալային իրադարձությունն է գրանցվել օրերս: Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի գործունեությունը դադարեցնելու պահանջով դիվանագիտական նոտա է ուղարկել ԵԱՀԿ Վիեննայի կենտրոնակայան: Պաշտոնական Բաքուն մեկ ամիս ժամանակ է տվել ԵԱՀԿ-ին` Բաքվում աշխատանքն ավարտելու համար, ընդ որում՝ Ադրբեջանի իշխանությունները որեւէ կերպ չեն պատճառաբանել իրենց այս քայլը: ԵԱՀԿ գրասենյակի փակումը տեղի է ունենում ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի՝ Բաքու կատարած այցից ընդամենը մի քանի օր անց:

Թե ԵԱՀԿ գրասենյակի փակումը ինչ է նշանակում Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ալիեւի ռեժիմին նոր «ազատություններ» տրամադրելու հարցում՝ դժվար չէ պատկերացնել: Բայց այս գործընթացում ամենաուշագրավը Ռուսաստանի կեցվածքն էր: Ադրբեջանը ԵԱՀԿ քարտուղարությանը տեղյակ է պահել Բաքվում կազմակերպության նախագծերի համակարգողի գրասենյակը փակելու իր որոշման մասին՝ անմիջապես հայտարարեց ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինն ու հավելեց. «Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի կողմից այս քայլը արդարացված է, քանի որ երկիրն ինքն է որոշում, թե ինչ աջակցություն է ցանկանում ստանալ ԵԱՀԿ-ից»։

ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցչի միջոցով գոհունակություն հայտնելով ու գրեթե արդարացնելով Ալիեւի քայլը՝ փաստորեն, պաշտոնական Բաքուն ու Մոսկվան լիակատար միասնություն են ցույց տալիս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին հարվածելու հարցում: Եվ սա իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան գալու օրերին, քանի որ հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են ներկա գտնվել Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողությանը:

Բաքվում ի՞նչ են քննարկելու Պուտինը, Ալիեւն ու Էրդողանը

Ադրբեջանին ու Թուրքիային սիրաշահելու հարցում Պուտինն, այսպիսով, հերթական ժեստն արեց` Բաքվում Եվրոպական խաղերի բացմանը մեկնելով: Կրեմլից մինչ Պուտինի այցն արդեն մի քանի մակարդակով հայտարարեցին, որ ՌԴ նախագահն Ադրբեջանում քննարկելու է ղարաբաղյան հակամարտությունը:

Ռուսաստանն, իհարկե, մշտապես է ցանկացել ցույց տալ, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում «վեջին խոսքն» իրենն է: Պարզապես հարցն այն է, թե Մոսկվայի ձգտումները եւ Ադրբեջանի ու Թուրքիայի ակնկալիքները Կրեմլից ինչ պայմաններում կարող են համընկնել:

Բաքվում Պուտինը, Ալիեւն ու Էրդողանը քննարկելու են ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի ու Թուրքիայի` այս հարցում ՌԴ-ից մեծ ակնկալիքների ֆոնին: Պուտինն իր հերթին պետք է ձգտի նրանց վստահեցնել, որ շարունակում է հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական դերակատարը մնալ: Իսկ թե ինչ կարող են ակնկալել այս հավաստիացմանն ի պատասխան Ալիեւն ու Էրդողանը՝ գաղտնիք չէ:

Էրդողանը «բարիշե՞ց»
Պուտինի հետ

Բաքվում նախատեսվում է նաեւ Պուտինի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Պուտինն օրերս հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ, քննարկվել էր Բաքվում բանակցությունների անցկացման հնարավորությունը։ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները հունիսի 13-ին Բաքվում ամենայն հավանականությամբ կքննարկեն «Թուրքական հոսք» ծրագրի հետ կապված հարցեր՝ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ինչպես երեւում է, Պուտինն ու Էրդողանը «բարիշել են»: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ` Պուտինի այցելության «նստվածքը» շուտ անցավ: Պուտինը Էրդողանին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, եւ օրերս կայացած հեռախոսազրույցում Պուտինն ու Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսք» գազատարի հետ կապված հարցեր եւ շեշտել, որ ժամանակ ունենալու դեպքում հանդիպման ընթացքում ավելի մանրամասն կքննարկեն տվյալ հարցը:

Իսկ ահա ռուսական «Գազպրոմը» համաձայնեցրել է Թուրքիա գազ մատակարարելու կոմերցիոն պայմանները, ռուսական հոլդինգի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդեւը վստահեցրել է, թե «ամեն ինչ համաձայնեցված է, բոլոր կոմերցիոն եւ տնտեսական պայմանները»։ Ըստ Մեդվեդեւի` «Գազպրոմը» «Թուրքական հոսք» գազատարի կառուցման համար վտանգ չի տեսնում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին, երբ Պուտինը պետական այցով ժամանեց Թուրքիա` «Գազպրոմը» եւ թուրքական Botas ընկերությունը ստորագրեցին հուշագիր՝ 63 մլրդ խորանարդ մետր գազը Ռուսաստանից Սեւ ծովով Թուրքիա հասցնելու վերաբերյալ։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նուբար Ասլանյան says:

    Հեչ մի անհանգստացեք:Ռուսաստանին բնավ էլ ձեռնտու չէ,որ ղարաբաղյան հարցում որեւէ մեկ կողմը հաղթի:Այս ստոր նպատակի(իհարկե,Ռուսաստանի շահերի համար բնավ էլ ստոր չէ)հիմքը դրվեց 94 թվի հրադադարի պայմանագրով,եւ ոչ թե ադրբեջանական կապիտուլյացիայով:Կնշանակի շարունակությունը դեռ կա եւ կարծում եմ «կինոն»դեռ շուտ չի ավարտվել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930